Նորություններ

Բաց տարածքում դիմակ կրելու հրամանի դեմ գործը վարչական դատարանում է. Արա Զոհրաբյան

Բաց տարածքում դիմակ կրելու հրամանի դեմ գործը վարչական դատարանում է։  Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ,  իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ազատ կամք» նախաձեռնության  ղեկավար, Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանը:

«Առողջապահության նախարարի 2021թ. հոկտեմբերի 28-ի N 81-Ն հրամանով սահմանվել է, որ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է:

Իրավական փաստարկներին չանդրառանալով, մի շարք հարցեր են առաջանում: Մասնավորապես, ո՞րն է այս հրամանի կանխարգելիչ նպատակը, երբ պարտադրում եք միայնակ մարդուն այգում զբոսնելու, կամ ընտանիքի անդամներին այգում զբոսնելու ժամանակ դիմակ կրել:

Նույն ընտանիքի անդամները տանը կարող են առանց դիմակ շփվել միմյանց հետ, իսկ միայնակ քաղաքացին չի կարող այլ անձի վարակել կամ վարակվել: Այդ դեպքում ինչու եք սահմանափակում այդ մարդկանց շնչելու իրավունքը:

Բժիշկ պետք չի լինել հասկանալու համար, որ երկար ժամանակով դիմակ կրելը սահմանափակում է թթվածնի բավարար ներհոսքը օրգանիզմ (ով կասկածում է, ապա կարող է սեփական քիթը և բերանը փակել ու համոզվել), իսկ թթվածնի պակասն էլ ազդում է մարդու իմունիտետի վրա: Իմ կարծիքով պետք է այս համաճարակի ժամանակ խրախուսել մարդկանց, որպեսզի որքան հնարավոր է մաքուր օդ շնչեն, հաճախ օդափոխեն սենյակները:

Առողջապահության նախարարի նշված հրամանի դեմ «Ազատ կամք» նախաձեռնության շրջանակներում դիմում է ներկայացվել վարչական դատարան:

Վարչական դատարանը դիմումը ընդունել է վարույթ (Գործ թիվ ՎԴ/12244/05/21):

Ներկայացվել է նաև դիմումի ապահովման մասին միջնորդություն՝ մինչև գործի քննությունը մասնակի կասեցնել առողջապահության նախարարի հրամանի վիճարկվող դրույթը: Սպասում ենք վարչական դատարանի արձագանքին:

Հ.Գ. Նույնիսկ չեմ պատկերացրել, որ 21-րդ դարում պայքարելու ենք շնչելու իրավունքի համար: Սահմանադրության հաջորդ փոփոխության մեջ պետք է հնարավորինս թվարկել պաշտպանության կարիք ունեցող մարդու բնական իրավունքները»,- գրել է նա:

 

Back to top button