Նորություններ

«Քովիդ 19-ի 4-րդ ալիքի վերելքի փուլում ենք. մահացածներին վերջին շրջանում հերձում են, քանի որ կան պատճառներ». բժիշկ-համաճարակաբան

«Քովիդ 19-ի նախորդ 3 ալիքների ընթացքում շրջանառվող կորոնավիրուսային վարակի հարուցիչներն ավելի մեղմ էին, ավելի թեթև ընթացք էին դրսևորում, իսկ դելտա շտամը շատ ավելի վտանգավոր ձև է»

«Հայաստանում ու նաև Շիրակի մարզում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային վիճակը շարունակում է մնալ լարված, հիվանդացության ու մահացության մակարդակն էլ՝ բարձր. գտնվում ենք Քովիդ 19-ի 4-րդ ալիքի վերելքի փուլում»: Բնորոշումը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղի տնօրենի տեղակալ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, համաճարակաբան Արմինե Անդրյանինն է:

Ինչպես ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց բժշկուհին, պետք է նոյեմբերի վերջին արդեն հաղթահարած լինեինք այս ալիքը, բայց դա չի լինի, քանի որ վարակը շարունակում է տարածվել, դրան նպաստում է դպրոցներում վերսկսված դասապրոցեսը, նաև այն, որ պատվաստումների ցածր ցուցանիշի պարագայում բնակչության մոտ չի ձևավորվել քովիդի նկատմամբ զանգվածային անընկալունակության շերտ:

Համաճարակաբանի խոսքերով՝ մենք հիմա մանկական օդակաթիլային վարակներ չունենք, քանի որ 95 տոկոս և բարձր ընդգրկվածությամբ պատվաստումային շերտ ունենք: Դա է պատճառը, որ պատվաստանյութերով կառավարվող օդակաթիլային վարակներից հիվանդացություն, բռնկումներ, մահվան դեպքեր, բարդություններ չունենք, անգամ եթե արտերկրից բերովի դեպքեր էլ ունենանք, ապա Արմինե Անդրյանի խոսքերով, մեր երկրում դա չի կարող տարածում ունենալ, քանի որ մեր բնակչության ընկալ շերտը ունի պատվաստումային բարձր ընդգրկվածություն այդ վարակների նկատմամբ: Դրանք են՝ թոքերի տուբերկուլյոզը, կարմրուկը, համաճարակային պարոդիտը:

Արմինե Անդրյան

«Այս կորոնավիրուսը օրինաչափությունից շեղված ենթատեսակ է, այսինքն ըստ գիտնականների այդ վիրուսը պետք է հիվանդացներ կենդանիներին, մասնավորապես թռչունների մոտ բրոնխիտ առաջացներ, նաև սողուններին վարակեր: Բայց հարուցիչներին բնորոշ է այն, որ տվյալ տեսակը պահպանելու, կենսունակությունն ապահովելու համար ձեռք են բերում արագ տարածվելու, մեծ մահաբերություն ապահովելու և մի շարք այլ հատկություններ: Սա բնության օրենք է, ինչը նաև կորոնավիրուսի դեպքում գործեց»,-ասում է համաճարակաբանը:

-Ոչ ֆինանսական միջոցներով, ոչ էլ գիտելիքներով նաև բժիշկները պատրաստ չեն, թե ինչեր կարող է անել այս վիրուսը,- ավելացնում է նա,-հայտնի է, որ կորոնավիրուսային հիվանդության ժամանակ առաջանում են բազմաօրգանային ախտահարումներ, չկա օրգան համակարգ, որ չտուժի այս հիվանդությունից. հարուցիչի համար խոցելի են մարդու նյարդային, արյունատար, իմուն համակարգերը, և արդյունքում ստացվում է, որ դեպքերը չեն կառավարվում, անգամ կլինիկական ընթացքն է ատիպիկ:

Արմինե Անդրյանի խոսքերով՝ փորձը ցույց է տվել, որ վիրուսը կարող է արյան միջոցով անցնել շնչառական համակարգի ստորին բաժիններ, հետո խորխի միջոցով բարձրանալ բկանցք:

«Դա է պատճառը, որ հիվանդությանը բնորոշ թոքաբորբի արդյունքում անգամ ունենում ենք բացասական թեստեր բկանցքում: Ու քանի թեստերը բացասական են, մարդը վարակ փոխանցող չէ, ինքն ազատ կարողանում է տեղաշարժվել: Թեստի բացասական արդյունքն էլ, ըստ մասնագետի, վերջնական չէ, որովհետև այն կարող է պայմանավորված լինել ոչ ճիշտ ժամանակին նմուշառմամբ, կարող է՝ հիվանդացության ճիշտ փուլում չի կատարվել, կամ մինչև նմուշ հանձնելը մարդը եղել է կերած, ջուր խմած, ու այս ամենով պայմանավորված՝ կարող է կեղծ բացասական արդյունք լինել: Դա է պատճառը, որ որոշ դեպքերում մահվան ելքով հիվանդներից հետմահու ունենում ենք դրական արդյունք, իսկ մինչ այդ արդյունքները բացասական էին: Սա նաև այն պատճառով, որ մահից հետո ոչ թե միայն բկանցքից, այլ նաև թոքից է նմուշառում կատարվում»,-շարունակում է բժշկուհին:

Նախկինում Քովիդից մահացածներին չէին հերձում, մտածում էին, թե հերձող բժշկի հիվանդանալու ռիսկը կմեծանա: Բայց այս տարվանից, ըստ համաճարակաբանի, կորոնավարակից մահացածներին հերձում են, որ գիտականորեն իմանան, թե ինչպիսի օրգան համակարգեր են ախտահարվում, և արդյոք դրանք կլինիկորեն դրսևորվել են հիվանդության ժամանակ. այսինքն հերձման նպատակը բուժող բժիշկներին հետադարձ կապ ապահովելն է, ինչը հաստատ կբարելավի հիվանդների բուժման ընթացքը:

Բժիշկ-համաճարակաբանը հաստատում է, որ դեպքեր են պատահել, երբ մարդու օրգան համակարգերն ախտահարված են եղել, բայց այդ ախտահարումը չի հասցրել կլինիկորեն դրսևորվել, քանի որ մահն արագ վրա է հասել. սա բնորոշ է կորոնավարակի դելտա շտամին, որը տալիս է ծանր կլինիկական ընթացք և բարձր վարակելություն ու մահացություն:

«Քովիդ 19-ի նախորդ 3 ալիքների ընթացքում շրջանառվող կորոնավիրուսային վարակի հարուցիչներն ավելի մեղմ էին, ավելի շատ անախտանիշ ու թեթև ընթացք էին դրսևորում: Իսկ դելտա շտամը շատ ավելի վտանգավոր ձև է, առանձնանում է շատ ծանր կլինիկական ընթացքով, բարձր մահացությամբ: Անգամ ժամերի ընթացքում հիվանդը կարող է դառնալ վերակենդանացման բաժանմունքի հիվանդ, երկարել ու ձգձգվել բուժման ընթացքը՝ միջինը 8-12 օրվա փոխարեն տևել 15-18 օր: Այս շտամի դեպքում ծանր դեպքերի քանակն է ավելացել, որոնք ստացիոնար բուժման կարիք ունեն, և թթվածնակախյալ հիվանդների թիվն է բարձր: Նաև դելտա շտամը չունի տարիքային սահմանափակում: Եթե նախորդ շտամների դեպքում ունեինք ռիսկի խումբ. նրանք ուղեկցող կամ քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ էին, ապա հիմա խոցելի ու ռիսկային են բոլորը այս շտամի նկատմամբ, այդ թվում՝ մանկահասակ երեխաները և հղիները, նույնիսկ աշխատունակ առողջ ազգաբնակչության խրոնիկ հիվանդություններ չունեցող անձինք»,-ավելացնում է համաճարակաբանը:

«Ինչպես մյուս օդակաթիլային վարակները, այս հիվանդությունը ևս կարող է կանխարգելվել միայն պատվաստումային գործընթացներով, եթե պատվաստվում է բնակչության 70 և ավելի տոկոսը»,-նշում է Անդրյանը: Բայց մեզ մոտ, ըստ նրա, վիճակը շատ հիասթափեցնող է բուժաշխատողների համար. առաջին դեղաչափով պատվաստում ստացել է երկրի բնակչության 33 տոկոսը, իսկ Շիրակի մարզի բնակչության 26,5 տոկոսը:

«Բայց առաջին պատվաստումը ստանալուց հետո մարդը դեռ խոցելի է, նրա մոտ լիարժեք հակամարմիններ դեռ չեն ձևավորվել: Իսկ պատվաստանյութի 2-րդ չափաբաժինը ստացել է Հայաստանի բնակչության ընդամենը 15 տոկոսը, Շիրակի մարզի՝ 13,8 տոկոսը: Սա շատ ցածր ցուցանիշ է ու համեմատվում է աֆրիկյան երկրների հետ: Ցուցանիշն էլ խոսում է մարդկանց ցածր իրազեկվածության ու ցածր գիտակցության մակարդակի մասին»,-շարունակում է բժիշկը:

Ի դեպ, պատվաստումների ընթացքն այնքան դանդաղ է, որ համաճարակաբանի խոսքերով՝ պատվաստվածների մոտ կեսի շրջանում հակամարմինների մակարդակն արդեն նվազել է, քանի որ լրացել է նրանց պատվաստման 6-ամսյա ժամկետը: Այս ցածր մակարդակը համաճարակաբաններին ու բուժող բժիշկներին հուսահատության է հասցնում, որովհետև, ասում է, թե իրենց ջանքերն անտեղի են, այսպիսի պայմաններում կանխարգելիչ միջոցառումները չեն աշխատում ու ստիպված ամբողջ ծախսերը պետք է ուղղվեն բուժման և ոչ կանխարգելման նպատակի, իսկ այս վիճակն արդեն ջլատում է բուժող բժիշկների ֆիզիկական և երկրի տնտեսական վիճակը:

«Առողջապահության նախարարության հաշվարկով քովիդով 1 հիվանդի բուժման համար պետական բյուջեից մինչև 800.000 դրամ գումար է ծախսվում: Սա մեծ հարված է երկրի տնտեսությանը այն դեպքում, երբ կա հիվանդության կանխարգելման միջոցը՝ պատվաստումը, իսկ մարդիկ չեն շտապում պատվաստվել: Ու սրա հետևանքով ունենք շատ տխուր վիճակագրություն նաև Շիրակի մարզում»,-ընդգծում է Անդրյանը:

Համաճարակաբանի տվյալներով՝ այս տարվա 11 ու կես ամիսների ընթացում Շիրակի մարզում կատարվել է 12.811 ՊՇՌ թեստ, արձանագրվել 7317 դրական դեպք, ու դեռ տարին ավարտված չէ, իսկ անցած տարի վիրուսի Հայաստան ներթափանցումից ի վեր, մարտ ամսից սկսած,  տարվա 9 ամիսների ընթացքում Շիրակի մարզում արձանագրվել էր 6171 կորոնավարակի դրական դեպք, կատարվել՝ 12,811 ՊՇՌ թեստ:

«Հիմա շրջանառվող դելտա շտամի դեպքում վարակելիության ցուցանիշն այսպիսին է. 1 մարդը կարող է վարակել 8-16 մարդու, իսկ անցած տարվա կորոնավարակի ենթատեսակների ժամանակ 1 մարդը կարող էր վարակել 3 մարդու: Արձանագրված դեպքերի մեջ մահերը անցած տարի կազմում էին 1,2-1,8 տոկոս, իսկ այս տարի արդեն 6-8 տոկոսի են հասնում: Շիրակի մարզում ևս բարձր է մահացության ցուցանիշը: Ու այս ամենը պատվաստումների ցածր ցուցանիշի պատճառով է»,- ասում է համաճարակաբանը:

Հայաստանում պատվաստումային ցուցանիշն ամենացածրն է տարածաշրջանում. համեմատության համար բժշկուհին նշում է, որ Թուրքիայում 2 դեղաչափով պատվաստման ցուցանիշը 55 տոկոս է, Ադրբեջանում՝ 59 տոկոս:

«Մեր մահերը կորոնավիրուսից արդեն կրկնակի գերազանցել են Արցախյան վերջին պատերազմում ունեցած մահերի թիվը: Իսկ քովիդով հիվանդների մահերը, որոնք վրա են հասել այլ պատճառներով, ձգում են 2000-ի: Երկար ժամանակ բժիշկները պայքարում են, օրինակ, ուռուցքով հիվանդի կյանքի համար, թվում է, թե նա քիմիաթերապիայի հերթական կուրսից հետո դեպի ապաքինում է գնում, բայց հանկարծ տեղի է ունենում անսպասելին. նա մահանում է կորոնավիրուսով վարակվելուց հետո: Քովիդը դառնում է նրանց մահվան արագացման պատճառ, այնինչ իրենց հիվանդությամբ նրանք կարող էին դեռ 4-5 տարի էլ ապրել, եթե քովիդով չվարակվեին: Իսկ այս ամենը կարելի էր կանխարգելել պատվաստումով»,-ասում է Արմինե Անդրյանը:

Բժշկուհու խորհուրդն է պատվաստումից հրաժարվողներին. եթե չպիտի օգնեն բժիշկներին, ապա գոնե չխանգարեն, թող տանը մնան, ինտերնետում էլ հակապատվաստումային քարոզ չանեն. սա էլ է հայրենասիրության յուրօրինակ դրսևորում:

«Հիմա համաճարակային վիճակը մարզում շատ վատ է, շատ են քովիդով հիվանդ երեխաները, հատկապես դպրոցականների շրջանում, հիվանդ հղիներն էլ քիչ չեն»,- ասում է Արմինե Անդրյանը:

Արմեն Խաչատրյան

«Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Արմեն Խաչատրյանի խոսքերով՝ Գյումրիում գործող 2 քովիդ բաժանմունքներում միասին 170 հիվանդ կա, նրանցից 50-ը ծայրաստիճան ծանր վիճակում են, նրանց մեջ երիտասարդներ էլ կան: Քովիդ բաժանմունքների բոլոր մահճակալները զբաղված են, շրջապտույտը արագ է, բայց ազատ մահճակալներ չկան, ասում է հիվանդանոցի փոխտնօրենը:

Արմինե Անդրյանն էլ հավաստում է, որ մի քանի տասնյակ հիվանդներ ազատ մահճակալներ չլինելու պատճառով չեն կարող հոսպիտալացվել, նրանց բուժումը պոլիկլինիկաների հսկողության տակ է մնում, մինչև մահճակալ ազատվի:

Արդեն ամիսներ շարունակ գերծանրաբեռնված ու գերլարված ռեժիմով է աշխատում նաև Գյումրու շտապ բուժօգնության կայանը: Տնօրեն Արթուր Մանուկյանի խոսքերով՝ օրական միջինը 120 կանչ են սպասարկում, ինչը անցած տարվա այս նույն ժամանակահատվածի համեմատ 30 տոկոսով ավելի է: Վերջին 1 ու կես ամսվա ընթացքում Գյումրիում կայանի սպասարկած 4977 կանչերից 1237-ը եղել են քովիդով ու թոքաբորբով հիվանդներից: Այն, որ Գյումրու քովիդ բաժանմունքները բավարար չեն եղել բոլոր հիվանդներին հոսպիտալացնելու համար, փաստել է տնօրենը՝ նշելով, որ իրենց մեքենաները հիվանդներին նաև տեղափոխել են Սպիտակի և Երևանի քովիդ կենտրոններ:

Արթուր Մանուկյան

Շտապ օգնության բրիգադները, ըստ տնօրենի, 5-ն են, բայց հիմա դրանց ավելացել է ևս 1-ը, 1-3 լրացուցիչ բրիգադ էլ աշխատում է ծանր հիվանդներին մայրաքաղաք ու քովիդ այլ կենտրոններ տեղափոխելու համար: Հիմա քովիդի դեմ պատվաստման հակացուցում ունեն միայն այն անձինք, ովքեր իրենց քրոնիկ կամ ուղեկցող հիվանդության սուր շրջանում են, մյուս բոլոր դեպքերում նրանք ենթակա են պատվաստման: Պատվաստման ցուցում ունեն նաև հղիները:

«Դեռ հիվանդների աճ ունենալու ենք, քանի որ դպրոցներում դասերը վերսկսվել են: Ոչ մեկը դիմակ չի կրում, չեն խուսափում մասսայական միջոցառումներից՝ հարսանիք, հուղարկավորություն և այլն, անտարբերությունը դարձել է մասսայական, ոչ մեկին չի հուզում երեխայի, ընտանիքի անդամի մահը, քանի դեռ իր դուռը չի հասել»,- այսպես է վիճակը բնութագրում համաճարակաբանը:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղի տնօրեն Վարդան Ուռուտյանն էլ իր տեսածն է ասում. «Մարդը քովիդ 19-ից կորցրել է ընտանիքի 2 անդամին, ասում եմ՝ պատվաստվի՛ր, պատասխանում է, թե՝ հլը տեսնենք»:

Վարդան Ուռուտյան

«Ցավալի է ու անտրամաբանական, որ Հայաստանում, ունենալով օրական 40-60 մահվան դեպք, դեռ մտածում են պատվաստվել-չպատվաստվելու մասին: Իսկ սա նշանակում է, որ այսպես շարունակվելու դեպքում 1 ամսում մի գյուղի չափ  մարդ կմահանա»,-ասում է Վարդան Ուռուտյանը:

«Անտարբերությունը հասել է գագաթնակետին, շարունակում է ցածր մնալ մարդկանց իրազեկվածությունն ու զգոնությունը: Համաճարակաբանները դեռ շատ գործ ունեն անելու ոչ թե հիվանդությունը կանխելու, այլ մարդկանց գիտակցությունը բարձրացնելու ուղղությամբ»,- ասում է 21 տարվա աշխատանքային փորձ ունեցող համաճարակաբան Արմինե Անդրյանը:

Նա մարզում առաջինը պատվաստված բժիշկներից է, կարճ ընդմիջումներով պատվաստվել է 3 պատվաստանյութով, ինչը թեև անթույլատրելի է, բայց նա իր անձի և առողջության ռիսկին դիմելով՝ փորձել է ստուգել ու իր օրինակով ցույց տալ պատվաստումից խուսափողներին դրանց անվտանգ ու արդյունավետ լինելու փաստը: Իր վրա փորձելով առնվազն 3 պատվաստանյութ՝ բժշկուհին վստահ ասում է, որ դրանք բացարձակ անվտանգ են ու ոչ մի բարդություններ ու հետևանքներ չեն առաջացնում: Ինքն էլ ունի քրոնիկ ու ուղեկցող հիվանդություններ և անգամ թույլատրելի հաճախականության ամենամոտ ժամկետում պատվաստվելու արդյունքում իր մոտ չկա ո՛չ արյան մակարդելիության բարձրացման խնդիր, ո՛չ էլ այլ բարդություններ: Վստահ ասում է, որ եթե բոլորը պատվաստվեն, ապա կարող են նույնիսկ դիմակ չկրել:

-Եթե որևէ մեկը սպասում է, որ մեկը պատվաստվեց, կամ մյուսը հիվանդացավ, մահացավ, ինքը կփրկվի, ապա սխալվում է,- ասում է Անդրյանը,- մենք դեռ համավարակի շատ ալիքներ կունենանք, ու յուրաքանչյուր ալիք մարդկային շատ կյանքեր կտանի իր հետ, եւ քանի դեռ բնակչության գիտակցական մակարդակը չի հասել այն աստիճանի, որ մարդը պատվաստվի և իր օրինակով ցույց տա պատվաստման արդյունավետությունը, ոչինչ չի փոխվի:

«Պատվաստումն էլ պետք է լինի յուրաքանչյուր ալիքից առաջ, որ հասցնենք 2 պատվաստում ստանալ և 14 օր էլ հատկացվի հակամարմինների բավարար մակարդակ ունենալու համար,- ասում է նա:

«Համավարակի այս փուլում պետք է շատ ավելի արագացնել պատվաստման գործընթացը: Եթե այս ալիքի համար չհասցնենք, ապա հաջորդ ալիքի ժամանակ պաշտպանված կլինենք: Չմոռանանք, որ հաջորդ ալիքը ավելի բարձր է լինելու, իսկ վիրուսի մուտացիոն տեսակներին չպիտի թույլ տանք այլ վիրուսների հետ հանդիպել: Ոչ թե մահերը պիտի կանխենք, այլ հիվանդացության տարածումը, որովհետև հիվանդացած ու ապաքինված մարդու մոտ հիվանդությունից բարդություններ են մնում, որոնք հաղթահարելու համար երկար ժամանակ է պահանջվում՝ հիշողության կորուստ, ընդհանուր թուլություն, շնչառության դժվարացում, խրոնիկ հիվանդությունների սրացում ու նույնիսկ ոչ լիարժեք ապաքինում: Այս հիվանդությունը իր հետքը թողնում է օրգանիզմի վրա, ու ինչպես յուրաքանչյուր վարակիչ հիվանդություն, քովիդն էլ մարդու կյանքի տևողությունն է կրճատում, ուստի ավելի լավ է չհիվանդանալ, քան բուժվել»,-եզրափակում է բժշկուհին:

Կարինե Կազարովա  

Back to top button