Պրոթեզը կա, բայց մասնագետը դեռևս չի եկել. 2 ձեռքը կորցրած զինծառայողը սպասում է պրոթեզավորման
««Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնից ինձ զանգել և ասել են, որ բերել են պրոթեզը, բայց մասնագետը չի եկել, չգիտեմ՝ երբ պետք է գա մասնագետը»,-հայտնում է Վարազդատը:
Արցախյան 44 օրյա պատերազմում 2 ձեռքը կորցրած զինծառայող Վարազդատ Սանեյանը օրերս սոցցանցի իր էջում գրել էր, որ հոկտեմբերի վերջին իրեն խոստացած պրոթեզը դեռևս չեն հատկացրել:
ԳԱԼԱ-ն ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից փորձել է պարզաբանում ստանալ՝ որն է պրոթեզ տրամադրելու ձգձգման պատճառը, և ի՞նչ ժամկետներում է հնարավոր Վարազդատ Սանեյանին հատկացնել անհրաժեշտ պրոթեզը:
Մեր հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից փոխանցեցին.
«2020թ. պատերազմի հետևանքով պրոթեզավորման կարիք ունեցող անձանց վերին և ստորին վերջույթների պրոթեզավորման գործընթացը մեկնարկել է ամիսներ առաջ՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի համար վերականգնողական փուլն ու կարիքի գնահատման արդյունքում վերհանված ցուցումները։
Կարիքների գնահատումն իրականացվել է բազմամասնագիտական թիմի կողմից․արդյունքում, անդամահատում ստացած բոլոր անձանց վերաբերյալ կազմվել է կարիքների գնահատման անհատական թերթիկ. պրոթեզի անհրաժեշտության և դրա դետալների, ինչպես նաև այլ աջակցող միջոցների անհրաժեշտության վերաբերյալ:
Վարազդատ Սանեյանին, ինչպես և մյուս զինծառայողներին, առաջարկվել է ժամանակակից ֆունկցիոնալ պրոթեզներ․առաջարկն արվել է այն ժամանակ, երբ նա դեռևս բուժման փուլում էր։ Վարազդատը Հայաստանում պրոթեզավորման առաջարկն ընդունել է վիրավորում ստացած մյուս անձանցից շատ ավելի ուշ, ինչով էլ պայմանավորված է գործընթացի հետաձգումը: Իր որոշումը հայտնելուց հետո պրոթեզների դետալները պատվիրվել է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ի կողմից: Այս պահին պրոթեզի բոլոր դետալները, բացառությամբ մեկի, արդեն Հայաստանում են: Առաջիկայում այդ դետալը ևս կլինի Հայաստանում, և Վարազդատ Սանեյանի պրոթեզավորումը կիրականացվի»:
Արցախյան պատերազմում վիրավորում ստացած Վարազդատ Սանեյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց. «Ես «Զինվորի տանն» եմ բուժվում, և այնտեղ պարապմունքներ եմ անցել, ու վերջացրել ենք այդ պարապմունքները: «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնից ինձ զանգել և ասել են, որ բերել են պրոթեզը, բայց մասնագետը չի եկել, չգիտեմ՝ երբ պետք է գա մասնագետը»:
Վարազդատ Սարիբեկի Սանեյանը ծնվել է նոյեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում:
Վարազդատը և Վարդանը խաղաղապահ զորքերի զինծառայողներ էին, եղբայրները պատերազմի առաջին իսկ օրից մեկնել են ռազմաճակատ: Կռվել են ավելի քան 1 ամիս, վիրավորվել նոյեմբերի 2-ին Ճարտարում: Վարազդատ Սանեյանը եղբորը փրկելու ժամանակ կորցրել է 2 ձեռքը:
Անահիտ Չալիկյան