Բելառուսում զորավարժությունների ժամանակ 2 ռուս զինծառայող է մահացել

Բելառուսում 2 ռուս զինծառայող է զոհվել պարաշյուտով վայրէջքի ժամանակ, հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին Գրոդնոյի շրջանի տեղանքներից մեկում՝ օդադեսանտային ուժերի ստորաբաժանման վայրէջքի ժամանակ։
Ուժեղ քամու հետևանքով բարձր որակավորում ունեցող երկու պայմանագրային զինծառայողների պարաշյուտների հետ խնդիրներ են առաջացել:
Զինվորականներից մեկը պահեստային պարաշյուտի միջոցով փորձել է փրկել երկուսին և կասեցնել անկումը։ Սակայն բարձրությունը չի բավարարել եւ կոշտ վայրէջք է տեղի ունեցել:
Միջադեպի հետևանքով երկու զինծառայողն էլ վիրավորվել են և անմիջապես տեղափոխվել տեղի բուժհաստատություն, որտեղ նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն։ Չնայած բժիշկների ջանքերին՝ պայմանագրային զինծառայողները ստացած վնասվածքներից մահացել են։
Դեպքի հանգամանքները պարզվում են։