ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Արցախում քաղաքական կյանքը սառեցված է». «Կարևորի մասին»

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակում քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը ներկայացրել է, թե ինչ է կատարվում այսօր Արցախում, ինչ խնդիրների են բախվում եւ ինչով են ապրում արցախցիները։

«Ստեփանակերտն այսօր շատ մեծ քաղաք է, ավելի մեծ, քան պատերազմից առաջ էր. բազմաթիվ տեղահանված քաղաքացիներ ապաստան են գտել հենց մայրաքաղաքում։ Բազմաթիվ խնդիրներ կան դրա հետ կապված, առկա է սոցիալական լարվածություն։ Իշխանությունները, ըստ հյուրի, փորձում են լուծել մարդկանց սոցիալական խնդիրները, առաջին հերթին՝ բնակարանային ֆոնդի խնդիրը։ Հենց այդ խնդրի պատճառով է, որ տեղահանվածների զգալի մասը Արցախից դուրս է գտնվում»։

Անդրադառնալով Արցախի ներքին քաղաքական անցուդարձին՝ Գրիգորյանը նշեց. «Մեծ հաշվով ներքին քաղաքական կյանքը սառեցված է և կրում է առավելապես անդրկուլիսային բնույթ։ Չնայած որ առկա է խորհրդարանական ընդդիմություն, սուր քննադատում են Արցախի և Հայաստանի կառավարություններին, բայց իրական քաղաքական անցուդարձ չկա։ Տարբեր խմբերի գործունեությունը անտեսանելի է հանրության համար»։

Հարցին, թե արդյոք գիտակցում են Ստեփանակերտում, որ նոր ընտրություններ, նոր խորհրդարան կարող է և չլինել, քաղաքագետն ընդգծեց. «Ռուսական կողմի դիրքորոշումն այդ հարցում պարզ չէ, ուստի նոր ընտրությունների ճակատագիրն անորոշ է։ Սակայն հանրությունը և քաղաքական վերնախավը հակված են շարժվել այդ ուղղությամբ և պատրաստվում են խորհրդարանական և նախագահական ընտրությունների։ Մոտալուտ ՏԻՄ ընտրությունները կպարզեն թե Ռուսաստանի, թե Ադրբեջանի արձագանքը»։

Տեղական ինստիտուտների վրա ռուսական կողմի ազդեցությունն այս պահին բավական թույլ է։ Առաջին փուլում եղան ուղղակի միջամտության փորձեր, օրինակ, Նժդեհի արձանը հանելու փորձերը, սակայն այժմ ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարությունը կենտրոնացած է առավելապես իր ուղղակի գործառույթներով։ Քաղաքագետն անհրաժեշտ է համարում ռուսների հետ աշխատելը, որպեսզի նրանք ավելի վճռական գտնվեն ադրբեջանական կողմի սադրանքների դեմ, Արցախում երկակի մոտեցում կա Մինսկի խմբի գործունեության վերականգնման հարցում. ողջունելով դրա աշխատանքները՝ հիմնական խնդրի կարգավորողի դերում տեսնում են Ռուսաստանը։

Ըստ Տիգրան Գրիգորյանի՝ Ռուսաստանը դրան ձգտում էր և ստացավ Արցախի հարցի միակ կարգավորողի կարգավիճակ։ «Ռուսաստանը շահագրգռված է 3+3 ձևաչափում, որովհետև այն հնարավորություն կտա ռեգիոնալ կենտրոններին լուծելու բոլոր հարցերը առանց Արևմուտքի միջամտության։ Որոշակի առաջընթաց կա նաև կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում։ Սակայն գոյություն ունի Արևմուտքի դժգոհությունը, և մենք տեսնում ենք, որ Վրաստանը, փաստորեն, գործընթացից դուրս է մնում»,-նշեց քաղաքագետը։

Խոսվեց նաև Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության հարցի քննարկման մասին։ Քաղաքագետը ներկայացրեց այն աջակցությունը, որ ցուցաբերում է Մեծ Բրիտանիան Ադրբեջանին, այդ թվում հայ-ադրբեջանական բախման ողջ ընթացքում։

Back to top button
Close