Բժիշկները, փրկարարներն ու պարեկները «Հաղթանակ» կամրջի վրա կանխել են 25-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել։
Ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և հոգեբանական աջակցության հոգեբան-փրկարարները, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները, նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խոմբը։
Հնարավոր է եղել կանխել քաղաքացու կողմից ինքնասպանություն գործելու փորձը։ Վերջինս տեղափոխվել է ոստիկանության կենտրոնական բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Երևանի բնակիչ՝ 25-ամյա Հ. Թ-ն է, և մինչ ոստիկանություն տեղափոխելը, նրան հոգեբանական օգնություն են ցուցաբերել փրկարար-հոգեբանները։
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Սա այն դեպքն է, որ պետք է առաջին հերթին շնորհակալություն հայտնել բժիշկներին, փրկարարներին, փրկարար-հոգեբանին և Երևանի գնդի պարեկներին, ովքեր կարողացան հոգեբանական ճիշտ զրույց կատարելու արդյունքում 25-ամյա երիտասարդի կյանքը փրկել»։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
shamshyan.com