Նորություններ

Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմը չի ավարտվել. 3 կուսակցությունների հայտարարությունը

Ռուս-թուրքական պայմանավորվածությամբ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ռազմական ակտիվ գործողությունների «ավարտին» Թուրքիայի և Ռուսաստանի կողմից նոյեմբերի 9-ին Հայաստանին պարտադրվեց ստորագրել հակահայկական և միջազգայնորեն անընդունելի հայտարարություն, ինչպես դա արել էին ուղիղ 100 տարի առաջ:

Մեկ տարի շարունակ ռուս-թուրք-ադրբեջանական կողմը փորձում է ճնշման ներքո փաստաթղթավորել կատարված հանցագործությունը և իրենց տարածաշրջանային նկրտումները՝ ի հաշիվ Հայ պետականության և հայ ժողովրդի ազգային շահերի: Այսու՝ Արցախի հարցով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս ցանկացած ձևաչափում Արցախի խնդրի, ինչպես նաև Հայաստանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը աղետաբեր կլինի Հայաստանի սուբյեկտայնության, անվտանգության և կենսունակության համար:

Ըստ այսմ հայտարարում ենք.

Ա. Անընդունելի է Հայաստան-Ադրբեջան խնդրի կարգավորման որևէ ձևաչափ Ռուսաստանի բացահայտ և Թուրքիայի քողարկված կնքահայրությամբ:

Բ. «3+3» թուրք-ռուսական պրոյեկտը, որպես մի նոր Կարսի ապօրինի պայմանագիր, միտված է Հայաստանի պետականության վերջնական լուծարմանը և ծառայելու է բացառապես Ռուսաստանի և Թուրքիայի տարածաշրջանային հակաարևմտյան քաղաքականությանը:

Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է հիբրիդային պատերազմի տեսքով: Հայաստանի քաղաքացիներին, կառավարությանը և քաղաքական բոլոր ուժերին հորդորում ենք միակամությամբ պայքարել վիժեցնելու համար տարածաշրջանը միմյանց միջև կիսելու, քաղաքակրթության մուտքը տարածաշրջան արգելելու ռուս-թուրքական պայմանավորվածությունը, որտեղ Հայաստանի պետականության ապագան և հայ ժողովրդի ազգային շահը դիտարկվում է որպես մանրադրամ:

Քաղաքակիրթ աշխարհին, մասնավորապես ԱՄՆ-ին և եվրոպական երկրներին ահազանգում ենք, որ չի կարելի քաղաքակրթական պատերազմի առաջապահ սահմանապահ Հայաստանին միայնակ թողնել բռնապետական ռեժիմների հոշոտման առջև, ինչպես դա, ցավոք, արվեց համավարակի մոլեգնման պայմաններում սանձազերծված ագրեսիայի 44 օրերին: Արևմտյան քաղաքակրթության ամենաարևելյան դաշնակից-սահմանապահ ժողովուրդն ու պետությունը կենաց-մահու հիբրիդային պատերազմի մեջ են և դեռ չեն պարտվել ու չեն պարտվելու:

 

Միքայէլ  Հայրապետեան                ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Տիգրան  Խզմալյան                          ՀԱՅԱՍՏԱՆԻ  ԵՎՐՈՊԱԿԱՆ  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Դավիթ  Սանասարյան           «ԻՆՔՆԻՇԽԱՆ  ՀԱՅԱՍՏԱՆ»  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

Back to top button