«Դրանից հետո սկսվեցին քաղաքական հետապնդումներ». Գորիսի փոխքաղաքապետ
Գորիսի փոխքաղաքապետի խոսքերով՝ իշխանությունը քաղաքական հետապնդումներ իրականացնում է Հայաստանի այն մարզերի նկատմամբ, որտեղ ավելի ըմբոստ են, ունեն իրենց դիրքորոշումը:
«Իշխանությունը քաղաքական հետապնդումներ իրականացնում է Հայաստանի այն մարզերի նկատմամբ, որտեղ ավելի ըմբոստ են, ունեն իրենց դիրքորոշումը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի խոսքերով:
«Երեկ դատական նիստի ընթացքում դատավորն ընդամենը մի միջնորդության համար մի քանի ժամով անհայտ ուղղությամբ անհետացավ՝ պատճառաբանելով, որ գնում է որոշում կայացնելու։ Ուշագրավն այն է, որ դատավորին երբ հարցրինք՝ ե՞րբ է վերադառնալու, ասաց, որ կես ժամ առաջ կտեղեկացնի:
Ի սկզբանե անհանգստություն կար, որ դատավորը ոչ թե գնացել էր որոշում կայացնելու, այլ զանգեր կատարելու, և նրա վերադարձից հետո հասկանալի էր, որ դատավորը գնացել էր հեռախոսազանգերի պատասխանելու: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ տեղի է ունենում քաղաքական հետապնդում Առուշ Առուշանյանի նկատմամբ:
Գորիսեցիները, ովքեր բացարձակ մեծամասնությամբ ընտրել են իրենց համայնքի ղեկավարին, բնականաբար ունեն համբերություն, և այդ համբերության բաժակը կարող է լցվել»,-հայտարարեց Իրինա Յոլյանը:

Գորիսի փոխքաղաքապետի խոսքով՝ եթե մենք ժողովրդավար երկիր ենք և գնում ենք ժողովրդավարության ճանապարհով, ապա որոշելու է ժողովուրդը:
«Իրավիճակից կախված՝ կհասկանանք ինչ անենք, այս պահին ոչինչ չեմ կարող ասել, որովհետև որպես այդպիսին պլանավորված գործողություն չկա:
Մենք ենթադրում էինք, որ դատարանն անկախ և անաչառ կգտնվի, բայց երեկ ևս մեկ անգամ համոզվեցինք, որ դատավորի որոշումը կայացվել է որոշակի քննարկումների արդյունքում: Այնուամենայնիվ, մենք հույս ունեինք, որ մեր երկրում իրավիճակ է փոխվել, բայց պարզվեց, որ ոչ միայն ոչինչ չի փոխվել, այլև ավելի վատն է գնացել:
Առուշանյանին կալանավորելով՝ իշխանությունը փորձում է ցույց տալ, որ ոչ թե ժողովուրդն է այս երկրում հարցեր լուծում, այլ բացարձակ իշխանությունը:
Սյունիքի համայնքների ղեկավարները համաձայն չեն եղել, որ այն խրամատները, որոնք համայնքների ղեկավարների հրամանատարությամբ և իրենց միջոցներով կիլոմետրերով կահավորած են, այդ սահմանները բանավոր համաձայնությամբ և մեկ հոգու հանձնարարականով նվիրաբերվեն թշնամուն:
Դրանից հետո սկսվեցին քաղաքական հետապնդումներ, քաղաքական դիրքորոշման, անվտանգության հարցերով անհամաձայնությունները հայտնելու հարցում սկսվել են քաղաքական հետապնդումներ»,-հայտարարեց Իրինա Յոլյանը:
Գորիսի փոխքաղաքապետի խոսքերով՝ իշխանությունը նման հետապնդումներ իրականացնում է Հայաստանի այն մարզերի նկատմամբ, որտեղ ավելի ըմբոստ են, ունեն իրենց դիրքորոշումը:
«Հայաստանի այլ մարզերում ևս օր օրի դժգոհության ալիքը մեծանում է, որովհետև մեր երկրում որոշումներ են կայացվում ի վնաս ժողովրդի: Հայաստանում չկա մի ոլորտ, որտեղ լուրջ խնդիրներ առաջացած չլինեն»,- եզրափակեց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը:
Հիշեցնենք, որ երեկ Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել դատարանի միջնորդությունը և Առուշանյանի կողմից որպես իր խափանման միջոց մուծած 2 մլն դրամ գրավը փոխանցել պետբյուջե:
Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտարարել է, որ դատարանի որոշումը որևէ կերպ չի բխում օրենքից, և Առուշանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում ամենալկտի և ամենաստոր ձևով:
Նշենք նաև, որ Գորիսի բազմաթիվ բնակիչներ պահանջում են ազատ արձակել վերընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանին: Նրանք հավաքվել էին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի դիմաց, որտեղ ընթանում էր Առուշանյանի գործով դատական նիստը:
Գորիսցիները իշխանություններին ժամանակ են տվել, նշելով, որ եթե իշխանությունը այս անգամ էլ անհաղորդ մնա իրենց պահանջին, ապա Գորիս տանող բոլոր ճանապարհները փակելու են:
Անահիտ Չալիկյան