Միջազգային մամուլի տեսությունՆորություններ

ՆԱՏՕ-ի նախկին ղեկավարը պնդում է, որ Պուտինը ժամանակին ցանկացել է միանալ դաշինքին

«Պուտինը սկսեց ավելի ու ավելի կասկածամտորեն վերաբերվել Արևմուտքին՝ նրան մեղադրելով ժողովրդավարական ՀԿ-ներին ֆինանսավորելու մեջ, և վրդովված էր ՆԱՏՕ-ի շարունակական ընդլայնումից Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում»

«ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի խոսքով՝ Վլադիմիր Պուտինը ցանկանում էր, որ Ռուսաստանը միանա ՆԱՏՕ-ին, սակայն չէր ուզում, որ իր երկիրն անցնի հայտերի ներկայացման սովորական ընթացակարգով և հերթ կանգնի շատ երկրների հետ, որոնք նշանակություն չունեն»:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, գրում է The Guardian հանդեսը։

«Ջորջ Ռոբերթսոնը՝ լեյբորիստների պաշտպանության նախկին նախարարը, ով գլխավորել է ՆԱՏՕ-ն 1999-ից 2004 թվականներին, ասել է, թե Պուտինն իրենց առաջին հանդիպման ժամանակ հասկացրել է, որ ցանկանում է՝ Ռուսաստանը լինի Արևմտյան Եվրոպայի մաս»: «Նրանք ցանկանում էին լինել այդ անվտանգ, կայուն, բարգավաճ Արևմուտքի մի մասը»,-հայտնել է Ռոբերթսոնը։

«Վերջինս հիշել է վաղեմի հանդիպումը Պուտինի հետ, ով 2000թ.-ին դարձավ Ռուսաստանի նախագահ»: Պուտինը հարցրեց. «Ե՞րբ եք մեզ հրավիրելու ՆԱՏՕ»: Ռոբերթսոնը պատասխանել է. «Մենք մարդկանց չենք հրավիրում միանալ ՆԱՏՕ-ին, նրանք դիմում են դաշինքին անդամակցելու համար»: Եվ նա ասաց. «Մենք նույն շարքում չենք շատ երկրների հետ, որոնք նշանակություն չունեն»:

«Այս պատմությունը կրկնում է այն, ինչ ավելի քան 21 տարի առաջ Պուտինն ասել է հանգուցյալ Դեյվիդ Ֆրոստին՝ BBC-ին տված հարցազրույցում՝ Ռուսաստանի նախագահի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց: Պուտինը Ֆրոստին ասել էր, որ չի բացառում ՆԱՏՕ-ին անդամակցելը, եթե Ռուսաստանի շահերի հետ հաշվի նստեն եւ իրենք լինեն լիիրավ գործընկեր: ՌԴ նախագահը նշել էր. «Ինձ համար դժվար է ՆԱՏՕ-ն որպես թշնամի պատկերացնելը: Ռուսաստանը եվրոպական մշակույթի մի մաս է, եւ ես չեմ պատկերացնում իմ երկիրը Եվրոպայից, ինչպես մենք հաճախ ասում ենք, քաղաքակիրթ աշխարհից կտրված»:

«Ինչպես է փոխվել Պուտինի աշխարհայացքը Ռուսաստանում նրա 21 տարվա շարունակական կառավարման ընթացքում: 2004թ.-ին Ուկրաինայում «Նարնջագույն հեղափոխության» փողոցային ցույցերից հետո Պուտինը սկսեց ավելի ու ավելի կասկածամտորեն վերաբերվել Արևմուտքին՝ նրան մեղադրելով ժողովրդավարական ՀԿ-ներին ֆինանսավորելու մեջ, և վրդովված էր ՆԱՏՕ-ի շարունակական ընդլայնումից Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում… Ռումինիան, Բուլղարիան, Սլովակիան, Սլովենիան, Լատվիան, Էստոնիան և Լիտվան որոշեցին միանալ դաշինքին 2004 թվականին, Խորվաթիան և Ալբանիան հաջորդեցին 2009 թվականին: 2008 թվականին Վրաստանին և Ուկրաինային խոստացան անդամակցություն, թեեւ այդ երկրները այդպես էլ չընդունվեցին»,-գրում է The Guardian-ը:

Back to top button
Close