ՄիջազգայինՆորություններ

Ամերիկացիները ցուցադրել են 6-րդ սերնդի կործանիչի նախատիպը

Ամերիկյան 6-րդ սերնդի կործանիչի նախագծային առանձնահատկություններից են բարակ կորպուսը՝ աէրոդինամիկ մակերեսով, և ուղղահայաց պոչի բացակայությունը:

Ամերիկյան Northrop Grumman Corporation ընկերությունը կարճատեւ տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով 6-րդ սերնդի կոնցեպտուալ կործանիչը:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է 24gadget.ru-ն:

Տեսանյութը տեղադրվել է Boeing-ի և Lockheed Martin-ի գլխավոր մրցակից համարվող ընկերության YouTube-յան պաշտոնական ալիքում։ Ռազմարդյունաբերական ընկերությունը հայտնի է դարձել աշխարհում առաջին «անտեսանելի» ռազմավարական B-2 Spirit ռմբակոծիչի ստեղծմամբ, որը կարելի է տեսնել անգարի կենտրոնում։

Առաջին պլանում՝ ձախ կողմում, տեսանելի է ապագա 6-րդ սերնդի կործանիչի նախատիպը, որը ստեղծվել է Next Generation Air Dominance (NGAD) նախագծով:

Նոր կործանիչի նախագծային առանձնահատկություններից են բարակ կորպուսը՝ աէրոդինամիկ մակերեսով, և ուղղահայաց պոչի բացակայությունը։ Ինքնաթիռի կենտրոնական մասում՝ ֆյուզելյաժի աջ մասի մոտ, կարելի է տեսնել օդընդունիչ համակարգը:

6-րդ սերնդի կործանիչի կողքին երևում է Northrop Grumman անօդաչու մարտական ​​ինքնաթիռի (UCAV) առաջնամասը:

Ավելի վաղ Կոնգրեսում բյուջեի լսումների ժամանակ ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետ, գեներալ Չարլզ Բրաունը բացահայտել էր նախագծի որոշ մանրամասներ:

Մասնավորապես, 6-րդ սերնդի կործանիչները պետք է կարողանան մուտք գործել, այսպես կոչված, A2/AD-Anti-Access/Area-Denial տարածքներ (ամենաբարձր վտանգավորության գոտիներ, որտեղ ՆԱՏՕ-ի զորքերը չեն կարող ներթափանցել առանց լուրջ վնասներ կրելու, նույնիսկ գերազանցող ուժերով)՝ ճեղքելով ցանկացած հակաօդային պաշտպանության համակարգ, ոչնչացնելով հակառակորդի ինքնաթիռները և ամենակարևոր թիրախները:

Back to top button