Նորություններ

Արսեն Թորոսյանն այցելել է Առողջապահության ազգային ինստիտուտ

Առողջապահության ոլորտի առջև ծառացած հիմնախնդիրները քննարկելու և տեսակետեր փոխանակելու նպատակով հանդիպել եմ Առողջապահության ազգային ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմին։

Քննարկել ենք գիտաուսումնական գործընթացի մանրամասները, ինչպես նաև նոր մարտահրավերներով պայմանավորված՝ բժշկական հետբուհական կրթական համակարգի խնդիրներն ու օրենսդրական հնարավոր բարեփոխումներն ու նախաձեռնությունները։

Խոսել ենք նաև Առողջապահության ազգային ինստիտուտի հզորությունները մեծացնելուց, այդ թվում կլինիկական բազաներով հարստացման մասին՝ համալսարանական կլինիկաների նախատիպով։

Իմ հերթին նշել եմ, որ ջանքեր կգործադրեմ, որպեսզի բարձրացված հարցերն ու խնդիրները լուծվեն կառավարության մեր գործընկերների և Ազգային ժողովի հետ համատեղ։

Նաև պայմանավորվել ենք առաջիկայում թեմատիկ քննարկումներ ունենալ առանձին ամբիոնների կլինիկական օրդինատորների հետ։

Մեր կողմից գործադրված ջանքերի շնորհիվ Առողջապահության ազգային ինստիտուտում 2019 թվականից լայն թափով վերսկսվել է ուսումնական գործընթացը, բացվել են 20-ից ավելի ամբիոններ, իրենց հետբուհական կրթությունն են ստացել հարյուրավոր կլինիկական օրդինատորներ՝ բարձրացնելով բուհի վարկանիշը և վերականգնելով երբեմնի համբավը։

Back to top button