Նորություններ

Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հիմք հանդիսացած հոդվածը ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել

Սահմանադրական դատարանը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը՝ տեղեկացնելով, որ որոշումը եռօրյա ժամկետում կհրապարակվի ՍԴ պաշտոնական կայքում:

Այս տարվա փետրվարի 25-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելուց հետո վերջինը հայտարարեց, որ ռազմական հեղաշրջման փորձ է ձեռնարկվում, կոչ էր արել քաղաքացիներին հավաքվել Հանրապետության հրապարակում եւ «պաշտպանել հեղափոխությունը»: Նիկոլ Փաշինյանը նույն օրը ստորագրել էր ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ ՀՀ նախագահին ուղղված միջնորդությունը, որը, սակայն, Արմեն Սարգսյանը չէր ստորագրել եւ հետ էր ուղարկել կառավարություն երկու օր անց: Փետրվարի 27-ին վարչապետը նույն առաջարկությունն առանց փոփոխության կրկին ուղարկել էր նախագահի աշխատակազմ, իսկ մարտի 2-ին Արմեն Սարգսյանը, չստորագրելով Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկը, դիմել էր Սահմանադրական դատարան, բայց ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականությունը վիճարկելու, այլ Օնիկ Գասպարյանի ազատման հիմք հանդիսացած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականության հարցով: Այդ պատճառով էլ որոշումն ուժի մեջ մտավ. կառավարությունը հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որով 2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվեց ազատված ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից:

Ըստ նախագահի վիճարկած դրույթի՝ Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել անկախ այն հանգամանքից` առկա են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքեր, թե ոչ: Այսինքն, սույն կարգավորման համաձայն՝ բարձրագույն զինվորականին պաշտոնից կարելի է ազատել նաև առանց պատճառի:

news.am

Back to top button