Միջազգային մամուլի տեսությունՆորություններ

Ուկրաինայում կիրառվել է թուրքական ԱԹՍ. նոր էսկալացիայի վտանգ կա. Frankfurter Rundschau

«Թուրքական ԱԹՍ-ն ուկրաինացիները մարտի են ուղարկել նման ցուցադրական եղանակով, որպեսզի հակառակորդ կողմին ազդանշան ուղարկեն. «այն զենքերը, որ ունենք մեր տրամադրության տակ, մենք կօգտագործենք»

«Ուկրաինայի արևելքում արված մեկ տեսանյութն ալեկոծություն է առաջացրել. Ուկրաինան առաջին անգամ Դոնբասում կիրառել է թուրքական ԱԹՍ (մարտական ​​անօդաչու թռչող սարք). Ռուսաստանը վրդովված է, նոր էսկալացիայի վտանգ կա»,- ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ գրում է գերմանական Frankfurter Rundschau պարբերականը։

«Օդից արված նման տեսանյութերը մեզ ծանոթ են Լեռնային Ղարաբաղի համար մղվող պատերազմներից. նշանառության տակ է վերցվում թիրախը՝ հաուբիցը, որի կողքին կանգնած են 3 հրետանավորներ: Նրանք հանկարծակի նետվում են գետնին, հրետանու վրա պայթյունի լույս է բռնկվում, ծխի սյուն է բարձրանում, երկու տղամարդ փախչում են, մյուսը քիչ անց հետևում է նրանց»,- գրում է լրագրող Շտեֆան Շոլը։

«Երեքշաբթի օրվանից, երբ ուկրաինական բանակը թուրքական «Բայրաքթար» մարտական ​​անօդաչու թռչող սարքն առաջին անգամ   կիրառեց Դոնբասի պատերազմում, տեսանյութը շրջանառվում է ուկրաինական և ռուսական լրատվամիջոցներում: Ռազմական բլոգեր Ռոման Դոնիկի խոսքով՝ հակառակորդի հաուբիցների մարտկոցը նախկինում կրակ է բացել Գրանիտնոե գյուղի ուղղությամբ՝ 15 կիլոմետր հեռավորությունից, արդյունքում երկու ուկրաինացի զինծառայող վիրավորում են ստացել, մեկը՝ մահացու։ Զինվորականների և խաղաղ բնակիչների կյանքը փրկելու համար ի պատասխան գործարկվել է «Բայրաքթարը», որը հայտնաբերել է հակառակորդի մարտկոցը և ոչնչացրել մեկ հաուբից»,-հայտնում է Դոնիկը։

«Ըստ փորձագետների՝ հարձակման ժամանակ թուրքական արտադրության մարտական ​​ԱԹՍ-ն թույլ պայթուցիկ ուժով արկ է արձակել: Թերևս դա է պատճառը, որ զինվորական անձնակազմին հաջողվել է ողջ մնալ: Ուկրաինայի Գլխավոր շտաբի տվյալներով՝ Գերագույն գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վալերի Զալուժնին անձամբ է տվել գործողությունն իրականացնելու հրամանը: Սովորաբար մարտական ​​անօդաչու թռչող սարք կիրառելու որոշումը օպերատորն է ընդունում տեղում, Frankfurter Rundschau-ին տված հարցազրույցում ասել է անվտանգության հարցերով ուկրաինացի փորձագետ Ալեքսեյ Մելնիկը։ «Սակայն արկի բավականին թույլ հարվածի ձայնը լսվել է Ուկրաինայի սահմաններից շատ հեռու։ Մելնիկի կարծիքով՝ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը մարտի է ուղարկվել նման ցուցադրական եղանակով, որպեսզի հակառակորդ կողմին ազդանշան ուղարկի. «այն զենքերը, որ ունենք մեր տրամադրության տակ, մենք կօգտագործենք»:

«Մոսկվան ընդունեց այս ուղերձը: Ռուսաստանն առանձնահատուկ և լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ»,-ընդգծել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Բայց այս դեպքում, ցավոք, հաստատվում է մեր մտավախությունը, որ նման զենքի մատակարարումն ուկրաինացի զինվորականներին կարող է ապակայունացնել իրավիճակը շփման գծի երկայնքով»,-ասել է նա։

«Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեա Զասսեն նույնպես մտահոգություն է հայտնել, որ երկու կողմերն էլ անօդաչու թռչող սարքեր են կիրառում, թեև դա թույլատրված է միայն ԵԱՀԿ-ին: 2014 թվականի Մինսկի համաձայնագիրն արգելում է օտարերկրյա անօդաչու թռչող սարքերի կիրառումն առաջնագծում»:

«Ռուսաստանն ավելի լավ մարտական ​​ԱԹՍ-ներ ունի, քան «Բայրաքթար»-ներն են. պարզապես դրանք դեռ մարտական ​​կիրառություն չեն ունեցել»,- հայտարարել է կրեմլամետ քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկովը։

Թուրքիան Bayraktar TB2-ը կիրառել է Սիրիայում և Լիբիայում, իսկ Ադրբեջանը՝ Լեռնային Ղարաբաղում: Մոտ 150 կիլոմետր հեռահարությամբ թուրքական ​​ԱԹՍ-ները տեխնիկապես վատ զինված Հայաստանի դեմ պատերազմում վճռորոշ զինատեսակներից էին: Անօդաչուները նաև ահռելի ճնշում են գործադրում մարտական ոգու վրա, քանի որ ցանկացած պահի կարող են անսպասելիորեն սպանել»,-նշվում է հոդվածում:

«Սակայն, ըստ փորձագետ Ալեքսեյ Մելնիկի, մարտական ​​անօդաչու թռչող սարքի կիրառումը ռազմական շրջադարձ չի առաջացնի Ուկրաինայի և Ռուսաստանի կողմից հովանավորվող անջատողականների միջև ընթացող «նստած» պատերազմում:   «Բայրաքթար»-ների ի հայտ գալը հիմնականում հոգեբանական նշանակություն ունի»,-եզրափակում է գերմանական պարբերականը։

Back to top button
Close