Նորություններ

Ամասիա, Աշոցք, Սարապատ, Արփի խոշորացված համայնքներում ժողովրդագրական պատկերը խիստ մտահոգիչ է. փորձագետ

Բնական աճի միտումները Շիրակի մարզի հյուսիսային 4 միավորված համայնքներում խիստ անհանգստացնող են: Այսպիսի եզրակացության է հանգել «Բիոսոֆիա» հասարակական կազմակերպությունը Ամասիա, Աշոցք, Սարապատ, Արփի խոշորացված համայնքներում ժողովրդագրական պատկերն ուսումնասիրելիս: «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության պատվերով  կատարված հետազոտական ընդգրկուն վերլուծությունը ցույց է տվել, որ ուսումնասիրված 4 համայնքներում, որոնք ընդգրկում են 44 բնակավայր, վերջին 30 տարիների ընթացքում տեղի են ունեցել ժողովրդագրական էական փոփոխություններ, որոնք հետևանք են հիմնականում բնակչության արտագաղթի ու բնական վերարտադրության անկման:

Գևորգ Պետրոսյան

Վերլուծության հեղինակ,  «Բիոսոֆիա» ՀԿ-ի ղեկավար Գևորգ Պետրոսյանի վերլուծության համաձայն՝ Ամասիայի տարածաշրջանի բնակչությունը 1988 թվականին կազմել է 19.497 մարդ, իսկ 2020 թվականին՝ 5630 մարդ, այսինքն այդ ընթացքում տարածաշրջանի բնակչությունը նվազել է 3,46 անգամ, ինչը հիմնականում պայմանավորված է ադրբեջանցիների զանգվածային արտագաղթով, սակայն տեղի է ունեցել նաև հայերի ներգաղթ՝ հիմնականում Ջավախքի հայաբնակ գյուղերից, Շիրակի մարզի և ՀՀ այլ բնակավայրերից:

Նույն ժամանակահատվածում Աշոցքի տարածաշրջանի բնակչությունը չի նվազել, այլ ընդհակառակը, աճել է: 1988 թվականին Աշոցքի տարածաշրջանում բնակվել է 6424 մարդ, իսկ 2020 թվականին՝ 11.329 մարդ, այսինքն բնակչությունն ավելացել է 1,76 անգամ:  Ըստ փորձագետի՝ վերջին 20 տարում մարզի հյուսիսային համայնքներում նվազել է ծնելիությունը, 1990 թվականի համեմատ՝ 2020 թվականին Ամասիայում 6,25 անգամ, Արփիում՝ 6,33 անգամ, Աշոցքում՝ 3,24 անգամ, Սարապատում՝ 3,4 անգամ: Օրինակ, 2019 թվականին Արփի համայնքի 9 բնակավայրերում ծնվել է ընդամենը 4 երեխա: Նույն ժամանակահատվածում համայնքներում էականորեն աճել է մահացության ցուցանիշը:

Վերլուծական զեկույցը հեղինակը ներկայացրեց Սարապատ խոշորացված համայնքի կենտրոն Թորոսգյուղ բնակավայրում: Հանդիպմանը ներկա էին գյուղապետեր, վարչական ղեկավարներ, բնակիչներ նշված 4 համայնքների բնակավայրերից:

Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը ևս հաստատեց վերլուծության հեղինակի այն մտահոգությունը, թե անցած 30 տարիների ընթացքում բոլոր 4 միավորված համայնքներում բնակչության բնական աճն էականորեն նվազել է, վերջին 5 տարիներին ավելի բարձր տեմպերով, իսկ 2020 թվականին դա հասել է իր ծայրահեղ դրսևորմանը Ամասիա և Աշոցք համայնքներում, երբ մահացությունը գերազանցել է ծնելիությունը, և բնական աճի ցուցանիշը դարձել է բացասական:

Պարզ է, որ ի թիվս այլ գործոնների, ըստ վերլուծության հեղինակի, բնական աճի վրա էական ազդեցություն են ունեցել նաև 2020 թվականին արձանագրված կորոնավիրուսային համավարակը և 2-րդ արցախյան պատերազմը: Գևորգ Պետրոսյանը միանշանակ չի հաստատում, որ բնական աճի խիստ նվազման միտումները նաև համայնքների միավորման բացասական ազդեցության հետ են կապված:

Հիշեցնենք, որ 2016 թվականին էին այս համայնքները միավորվել: Այս պնդումը, ասում է Գևորգ Պետրոսյանը, լրացուցիչ ուսումնասիրության և ճշգրտման կարիք ունի: Ըստ նրա՝ ՄԱԿ-ի չափորոշիչներով, եթե համայնքում 65 տարեկան և բարձր տարիքի բնակչությունը 7 տոկոսից ավելի է, ապա հասարակությունը համարվում է ծերացած, ինքը հաշվարկը տարել է ոչ թե 65, այլ 66 տարեկանից բարձրների համար ու պարզել, որ, օրինակ, Ամասիայում բնակչության մոտ 10 տոկոսն է 66 տարեկանից բարձր, Արփիում՝ 7,47 տոկոսը, Աշոցքում՝ 8 տոկոսը, Սարապատում՝ մոտ 9 տոկոսը, այսինքն բոլոր 4 համայնքներում էլ հասարակությունը ծերացող է:

Ըստ Գևորգ Պետրոսյանի՝ եթե ինքը 65 տարեկաններին ևս հաշվեր ծերացողների խմբում, ապա ժողովրդագրական ծերացման պրոցեսն ավելի բարձր կլիներ: Ասում է՝ ցավալի տվյալներ են, իսկ բնական աճի կորը 2016 թվականից հետո միանգամից շեշտակի անկում է գրանցել, Գևորգ Պետրոսյանի բնորոշմամբ, ջրվեժի պես սկսել է թափվել:

Ու սրանք վիճակագրական վարչության պաշտոնական տվյալներն են: Հանդիպմանը ներկա գյուղապետարանների աշխատակիցների խոսքերով՝ այս անկումը պայմանավորված է նաև սրանով. 2016 թվականին ՌԴ-ն օրենք էր ընդունել երկքաղաքացիության հետ կապված, ՌԴ քաղաքացիներին տուգանում էին այլ երկրի քաղաքացիություն ունենալու համար, այդ իսկ պատճառով էլ մարդիկ հաշվառումից դուրս եկան: Բայց սա դեռևս չճշտված պատճառ է: Բացի դրանից, համայնքներում մարդիկ էլ կան, ովքեր վաղուց արտերկրում են, բայց հաշվառումից դուրս չեն եկել: Իսկ այն, որ վերջին 4 տարում որոշ գյուղերում գրանցված մահերի թիվը ծնունդներին գերազանցում է, արդեն փաստ է:

Հարցում արեցինք նաև գյուղերի բնակիչներից: Ոմանց խոսքերով՝ արտագնա աշխատանքի մեկնողների թիվը վերջին տարիներին շատ է ավելացել, ընտանիքներով գնացողները շատ են, քանի որ գյուղերում ապրելու հեռանկար այլևս չեն տեսնում: Իսկ այս տարվա երաշտից, կարկտահարությունից հետո մարդկանց մոտ հիասթափություններն ավելացել են:

 

Կարինե Կազարովա

Back to top button
Close