ՄիջազգայինՆորություններ

Ոստիկանները հայտնաբերել են անհետացած դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայային

1974 թվականին Սվետլանա Սվետլիչնայային շնորհվել է ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստի կոչում. դերասանուհին ծնվել է 1940թ.-ին՝ Լենինականում:

ՌԴ Քրեական հետախուզության վարչության աշխատակիցները հայտնաբերել են 81-ամյա դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայային, ով որոնվում էր որպես անհետ կորած:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Սվետլիչնայային գտել են, նրա մոտ ամեն ինչ կարգին է, նա ողջ և առողջ է»,-ասել է գործակալության զրուցակիցը։ Նրա խոսքով՝ այժմ Սվետլիչնայան մասնակցում է հեռուստահաղորդման նկարահանումների։

Ավելի վաղ Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը մայրաքաղաքի վարչության պետին հանձնարարել էր զեկուցել Մոսկվայում դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայայի անհետացման հանգամանքների մասին։ «Սվետլանա Աֆանասևնան բազմիցս մասնակցել է ստեղծագործական հանդիպումների և հանդիսավոր միջոցառումների կուրսանտների և երիտասարդ քննիչների հետ: Նա միշտ բարեսրտություն է ցուցաբերում մատաղ սերնդի դաստիարակության հարցում: Եվ այս իրավիճակում գերատեսչությունը չի կարող հեռու մնալ կատարվածից»,-ասվում է ՌԴ ՔԿ հաղորդագրությունում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սվետլիչնայան կապի դուրս չի գալիս հոկտեմբերի 21-ից սկսած:

Սվետլանա Սվետլիչնայան ծնվել է 1940թ.-ին՝ Լենինականում: Նա նկարահանվել է «Ադամանդե ձեռքը» ֆիլմում՝ Աննա Սերգեևնայի դերում, նաեւ «Գարնան 17 ակնթարթ», «Անորսալիների նոր արկածները», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» և այլ ֆիլմերում։ 1974 թվականին Սվետլանա Սվետլիչնայային շնորհվել է ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստի կոչում։

Back to top button
Close