Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Երաժշտասերները վայելեցին «Գրեմմիի» բազմակի մրցանակակիր Գիլ Շահամի անզուգական կատարումները

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանում առաջին անգամ հանդես եկավ «Գրեմմիի» բազմակի մրցանակակիր, մեր ժամանակների լավագույն ջութակահարներից Գիլ Շահամը։

Գիլ Շահամի հաջողության գաղտնիքը ոչ միայն նրա կատարողական բարձր վարպետությունն է, այլեւ անկեղծությունն ու հոգեւոր անսպառ էներգիան, որ երաժշտության եւ ջութակի միջոցով տարածվում է երաժշտից։

«Արմենիա» փառատոնի հյուրերի համար Գիլ Շահամը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարեց Յոհանես Բրամսի Ջութակի կոնցերտը եւ Ալեքսեյ Շորի «Ծովանկարներ» ստեղծագործությունը՝ գրված ջութակի և նվագախմբի համար։ Ջութակահարն իր կատարմամբ անմիջապես գրավեց ունկնդրին։ Երաժշտական գործերի նրա մեկնաբանություններն ակնթարթորեն գերեցին ներկաներին՝ իրենց ուժով պարգեւելով երաժշտությունը վայելելու գեղեցիկ պահեր։

Երեկոյի ընթացքում նվագախմբի կատարմամբ հնչեց նաեւ Յան Սիբելիուսի «Տխուր վալսը»։

Գիլ Շահամը նշում է, որ ուրախ է մաս կազմել «Արմենիա» միջազգային փառատոնին. «Ես հրաշալի հայ երաժիշտների գիտեմ, ունեմ հայ շատ լավ ընկերներ եւ անհամբեր սպասում էի երեւանյան այցին։ Փառատոներն իրադարձություն են երաժիշտների համար։ Հաճույք է աշխատել տարբեր արտիստների, նվագախմբերի, դիրիժորների հետ»։

Խոսելով ներկայացված ծրագրի մասին՝ Գիլ Շահամն ընդգծեց, որ Բրամսի Ջութակի կոնցերտը ջութակի համար գրված լավագույն գործերից է. «Սա մի ստեղծագործություն է, որ Բրամսը նվիրել է իր երկար տարիների ընկերոջը։ Ես հավատում եմ, որ երաժշտությունը նաեւ ընկերության մասին է։ Եվ ուրախ եմ այդ երաժշտությունը ներկայացնել ունկնդրին մաեստրո Սերգեյ Սմբատյանի եւ այս հրաշալի նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Մենք նաեւ կատարելու ենք ժամանակակից կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի «Ծովանկարներ» ստեղծագործությունը, ինչը ես մեծ հաճույքով եմ նվագում։ Այս ստեղծագործությունը ստիպում է ջութակին երգել, եւ հուսով եմ՝ հանդիսատեսը կսիրի այն»,- համերգից առաջ ասաց երաժիշտը։

«Արմենիա» փառատոնին հյուրընկալված ջութակահարը նաեւ վարպետության դաս է անցկացրել։ Գիլ Շահամը «Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիայի շրջանակում հանդիպել է կրտսեր սերնդի ջութակահարների հետ։ Ներկայացնելով իր տպավորությունները՝ մեծահամբավ ջութակահարը նշում է. «Ես ոգեշնչված եմ երիտասարդ ջութակահարների հետ հանդիպումից։ Շատ գեղեցիկ մարդիկ են եւ նվագում են հրաշալի։ Հուզված եմ՝ տեսնել, որ երաժշտական լավագույն ավանդույթները պահպանվում, փոխանցվում են նաեւ կրստեր սերնդի կողմից»։

Նշենք, որ ավարտին է մտենում «Արմենիա» միջազգային փառատոնը, որը սեպտեմբերի 29-ից երեւանյան համերգասրահներում ներկայացնում է սիմֆոնիկ եւ կամերային համերգներ՝ աշխարհում մեծ ճանաչում վայելող երաժիշտների մասնակցությամբ։ Փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը եւ Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC)։ Փառատոնին աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Back to top button
Close