Նորություններ

ՊԵԿ-ն ու Զարգացման ֆրանսիական գործակալությունը համագործակցում են հարկային բարեփոխումների իրականացման նպատակով

Հայաստանի կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2018թ-ին ստորագրված դրամաշնորհային  համաձայնագրով մեկնարկել է համագործակցություն՝ հարկային բարեփոխումներին աջակցման նպատակով։  Հաջորդ տարի «Էքսպերտիզ Ֆրանս» կազմակերպության և Պետական եկամուտների կոմիտեի միջև կնքվել է պայմանագիր, որով սկիզբ է դրվել տեխնիկական աջակցության ծրագրին։ «Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի նպատակն է օժանդակել ՊԵԿ-ին 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի իրականացման գործում։

Տեխնիկական աջակցության ծրագիրը կենտրոնացած է մի քանի բաղադրիչների վրա.

  1. աջակցել Պետական ​​եկամուտների կոմիտեին` ավելի լավ պատկերացում կազմելու Հայաստանի ոչ ֆորմալ տնտեսության մասին՝ գնահատելով հարկային ճեղքը։

2․ Օժանդակել Պետական ​​եկամուտների կոմիտեին ներքին և արտաքին տեղեկատվության մոբիլիզացման ու վերլուծության գործում` ՊԵԿ տվյալների շտեմարանի ընդլայնմամբ և ռիսկերի քարտեզագրման մշակմամբ։ Այս բաղադրիչի շրջանակներում 2020թ-ի փետրվարին ձևավորվել է ֆրանս-հայկական համատեղ 2 աշխատանքային խումբ` «Ռիսկերի վերլուծություն և տվյալների շտեմարանի (datamining) ինտեգրում» և «Միջազգային հարկային կեղծիքի դեմ պայքար»։

«Ռիսկերի վերլուծություն և տվյալների շտեմարանի (datamining) ինտեգրում» աշխատանքային խմբի նպատակն է հզորացնել ՊԵԿ ռիսկերի վերլուծության համակարգը։ Այս շրջանակներում ՊԵԿ-ի գործող համակարգում փորձարկվել են Ֆրանսիայում գործարկվող «Սիրիուս Պրո» համակարգում առկա ռիսկերի վերլուծության միջազգային մի քանի բանաձևեր և արդյունքում հայտնաբերվել են ռիսկային հարկ վճարողներ։

3․ 3-րդ բաղադրիչով նախատեսվել է օժանդակություն Պետական եկամուտների կոմիտեին՝ Հայաստանում շահումով խաղերի ոլորտի վերահսկողությունը կարգավորելու գործում։ Աջակցությունն իր մեջ ներառում է ոլորտի վերլուծություն, խաղատներին համապատասխան լիցենզիաների տրամադրման հարցում օժանդակություն, օպերատորների վերահսկողություն և շուկայի մոնիթորինգ: ՊԵԿ-ի կողմից Հայաստան են հրավիրվել փորձագետներ` վերլուծելու Հայաստանում իրավիճակը և ներկայացնելու ոլորտը կարգավորելու պահանջները: Պայմանագրով նախատեսված 17 ստանդարտ (տեխնիկական առաջարկներ) տրամադրվել է փորձագետների կողմից, որոնք վավերացվել են ՊԵԿ-ի կողմից:

4․  4-րդ բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է ներդնել հարկային կարգապահության ռիսկերի գրանցամատյանի ծրագրային ապահովման համակարգ։

«Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի շրջանակներում Պետական եկամուտների կոմիտեին են ներկայացվել նաև ստուգումների վերաբերյալ Ֆրանսիայում գործող օրենսդրական և ադմինիստրատիվ կարգավորումները, որոնք   ստուգումները Հայաստանում առավել  նպատակային ու  արդյունավետ կդարձնեն։

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Back to top button
Close