«Ընդդիմությունը շատ լավ հասկանում է, որ իրենց հնարավորություններն այս փուլում այսքանն է, և իրենք մաքսիմումը կարողացան իրացնել». քաղաքագետ
Ըստ քաղաքագետի՝ ընդդիմությունը բնականաբար օգտագործում է բոլոր հնարավորությունները՝ սեփական քաղաքական կշիռը ավելացնելու համար, հետևաբար հնարավորություններից մեկն էլ համաձայնագիր ստորագրելու մասին խոսակցություններն են:

«Արտգործնախարարությունը տարածեց հայտարարություն, որ որևէ համաձայնագրի ստորագրում չի նախատեսվում և նույնիսկ նախատեսված չէ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև: Ընդդիմությունը բնականաբար օգտագործում է բոլոր հնարավորությունները՝ սեփական քաղաքական կշիռը ավելացնելու համար, հետևաբար հնարավորություններից մեկն էլ համաձայնագիր ստորագրելու մասին խոսակցություններն են: Նրանք այդկերպ փորձում են մարդկանց մոբիլիզացնել և ինչ-որ քաղաքական գործընթացներ սկսել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:
Հիշեցնենք, որ օրերս տեղեկություններ տարածվեցին, որ նոյեմբերի 9-ին Ալիևն ու Փաշինյանը Մոսկվայում 2 նոր փաստաթուղթ են ստորագրելու:
Ի պատասխան տարածվող լուրերին՝ ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հայտարարեց, որ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ, կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են:
Քաղաքագետը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի՝ առաջիկայում կայանալիք հանրահավաքին, հայտարարեց, որ անվտանգային առումով նման քայլերը խնդրահարույց են և թուլացնում են իշխանության դիրքերը արտաքին քաղաքական գործընթացներում:
«Պետք է հասկանալ մի բան, որ այդ կոնտինգենտը, որը բացառապես պատերազմի արդյունքում կարողացավ որոշակիորեն ուշքի գալ և հայտնվել քաղաքական գործընթացներում, մեղմ ասած, այնքան էլ մտահոգված չէ Հայաստանի ինքնիշխանության և ինքնիշխան Հայաստանի անվտանգության ապահովմամբ, քանի որ նրանց հիմնական մոտեցումն այն է, որ ինքնիշխանությունն այնքան էլ կարևոր չէ, շատ ավելի կարևոր է ֆիզիկական անվտանգությունը, իսկ ֆիզիկական անվտանգությունը կարելի է պահպանել միութենական հանրապետության սահմաններում:
Մենք տեսնում ենք, որ ընդդիմադիր ուժերը, ովքեր ցածր տոկոս էին հավաքել և 2018թ.-ին չէին անցել խորհրդարան, այս անգամ խորհրդարանում են և բավականին մեծ ներկայությամբ (ընդդիմադիր քաղաքական ուժերը միասին մոտ 26 տոկոս են հավաքել, իսկ 2018թ.-ին այդ ուժերը 10 տոկոսի էլ չէին հասել), և դա իրենց համար ակնհայտ հաջողություն է՝ անկախ նրանից, թե ինչ լոզունգներ են նրանք առաջ քաշում, ինչպիսի հավակնությունների մասին էին խոսում:
Ես կարծում եմ, որ ընդդիմությունը հասել է իր ցանկալի արդյունքին, որովհետև իրենց ցանկությունը մեծ ներկայություն ապահովելն էր նոր քաղաքական կոնյուկտուրայում, և, այո, նրանք կարողացան դա անել: Ընդդիմությունը շատ լավ հասկանում է, որ իրենց հնարավորությունները այս փուլում այսքանն է, և իրենք մաքսիմումը կարողացան իրացնել»,- եզրափակեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:
Անահիտ Չալիկյան