Միջազգային մամուլի տեսությունՆորություններ

Միգրանտների եւ իր լավագույն ընկերոջ օգնությամբ Լուկաշենկոն ցանկանում է քանդել Եվրամիությունը. Focus

«Լուկաշենկոն արձագանքել էր ԵՄ պատժամիջոցներին՝ հայտարարելով, որ այլևս չի կանգնեցնի դեպի Եվրոպա շարժվող միգրանտներին, եւ դրանից հետո նրանց ակտիվ տեղափոխման համար երթուղի ստեղծվեց»

«Բելառուսի բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոն հիբրիդային պատերազմ է մղում Եվրամիության դեմ: Նա հազարավոր փախստականներ է ուղարկում Մերձավոր Արևելքից Լեհաստան՝ Բելառուսի տարածքով: Եվրամիությունը պետք է հասկանա, որ այս պատերազմը կարող է ավարտել միայն այն դեպքում, եթե բանակցի Լուկաշենկոյի հովանավորի հետ: Իսկ նա գտնվում է Մոսկվայում»:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, գրում է գերմանական Focus ամսագիրը:

«Բելառուսի և Եվրամիության միջև հարաբերություններում խոսքը գնում է ոչ թե միգրացիայի կամ պատժամիջոցների համար վրեժ լուծելու, այլ հիբրիդային պատերազմի մասին, որն ուղղված է Եվրամիության ապակայունացմանը»,-գրում է հոդվածի հեղինակ Թոմաս Յագերը:

«Լուկաշենկոն արձագանքել էր ԵՄ պատժամիջոցներին՝ հայտարարելով, որ այլևս չի կանգնեցնի դեպի Եվրոպա շարժվող միգրանտներին։ Դրանից հետո նրանց ակտիվ տեղափոխման համար երթուղի ստեղծվեց։ Պետք էր ենթադրել, որ տնտեսական պատժամիջոցները փոքր ազդեցություն կունենան, քանի որ Բելառուսը միայնակ չէ, եւ ի դեմս Ռուսաստանի ունի տնտեսական ու ռազմական կենսունակ աջակցություն: Հետևաբար, շատ քիչ հավանական է, որ Ռուսաստանը ներգրավված չէ Բելառուսից միգրանտների հոսքն ապահովող գործընթացում: Էներգետիկ հարաբերություններից և տեղեկատվական հարձակումներից բացի, Ռուսաստանն ունի մեկ այլ դաշտ, որտեղ կարող է ապակայունացնել ԵՄ-ն»:

«Միգրացիոն երթուղին պետք է դիտարկել նաեւ սևծովյան տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության աշխարհաքաղաքական ընդլայնման համատեքստում: Բոլորը գիտեն, որ նախագահ Պուտինն օգտագործում է բոլոր հնարավորությունները Եվրամիությանը թուլացնելու համար: Ռուսաստանի նախագահը երբեք չի թաքցրել իր ծրագրերը»,-շարունակում է հոդվածագիրը:

«Իրաքից, Աֆղանստանից, Սիրիայից, Պակիստանից և Հյուսիսային Աֆրիկայից ժամանող մարդկանց մեծ մասը կարծես փնտրում և գտնում է իր ճանապարհը դեպի Գերմանիա: Նրանք գրանցվում են ոչ թե Լեհաստանում, այլ Գերմանիայում: Եթե օգոստոսին այդ երկիր է ժամանել 400-ից 700 միգրանտ, ապա սեպտեմբերին արդեն կար մոտ 2 հազար մարդ, իսկ հոկտեմբերին սպասվում է ավելի քան 3 հազար միգրանտ»,-ասվում է հոդվածում:

«Միգրանտները տարբեր քաղաքներից ինքնաթիռներով տեղափոխվում են Մինսկ, ենթադրաբար 5.000-7.000 ԱՄՆ դոլարով, այնուհետև ավտոբուսներով նրանց ուղարկում են սահման: Բելառուսի իշխանությունները, ըստ լուրերի, օգնում են սահմանը հատելիս, օրինակ, տեղեկացնելով նրանց, թե որտեղ չի վերահսկվում սահմանը»:

«Ի՞նչ կարող է անել ԵՄ-ն այս իրավիճակում: Տխուր պատասխան՝ գրեթե ոչինչ: Սահմանը պաշտպանելու Լեհաստանի միջոցները, հաշվի առնելով իրավիճակը, ուշացած են: Լեհական և գերմանական ուժերի կողմից սահմանի համատեղ պարեկությունը կարող է օգնել, բայց իրավիճակը բեկել չի կարող:

Եթե ԵՄ երկրները ցանկանում են փոխել իրավիճակը, նրանք պետք է ընդունեն խնդրի էությունը: Իսկ դա պայմանավորված է ԵՄ-ի ապակայունացման ցանկությամբ: Հետևաբար, Բելառուսի կառավարության վրա ազդելու ճանապարհն անցնում է ոչ թե Հյուսիսային Աֆրիկայի տուրիստական ​​գործակալություններով և Մերձավոր Արևելքով, այլ Մոսկվայով: Այնտեղ է գտնվում կոնտակտային անձը աշխարհաքաղաքական իրավիճակի շուրջ բանակցությունների համար: Բայց պետք է մտավախություն ունենալ, որ այժմ Ռուսաստանում Եվրամիության ոչ մի կառավարությանը լուրջ չեն վերաբերվում: Ապագայում հայացքն ավելի ու ավելի կուղղվի դեպի Վաշինգտոն, որովհետև հենց այնտեղ է ԵՄ միակ դաշնակիցը, որին նախագահ Պուտինը լուրջ է վերաբերվում»,-եզրափակում է Focus-ը:

Back to top button
Close