Նորություններ

Գյումրիում ի՞նչ դաշինքներ են հնարավոր եւ կա՞ արդյոք քաղաքական ուժ, որը պատրաստ է մեկտեղել ուժերը ՔՊ-ի հետ

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 17-ին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել է  5 ուժ՝

«Բալասանյան» դաշինք — 9637 ձայն (36,59%),

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — 7785 ձայն (29,56 %),

«Զարթոնք» կուսակցություն — 2793 ձայն (10,60%),

«Ապրելու երկիր» կուսակցություն — 1489 ձայն (5,65%),

Հայաստանի Հանրապետական կուսակցություն — 1333 ձայն (5,06%):

Շատ են քննարկումները, թե ինչ պայմանավորվածություններ ու դաշինքներ են հնարավոր, որ քաղաքական ուժը ում հետ կարող է կոալիցիա կազմել, ինչպիսի քաղաքային իշխանություն կձևավորվի…

«Մենք բացառում ենք ՔՊ-ի հետ գնալ որևէ համագործակցության, իսկ մյուս ուժերի հետ հնարավոր է, մանդատները ստանալուց հետո կերևա: Մենք մեր կուսակցության դիրքորոշումը  միշտ արտահայտել ենք, և անփոփոխ է մեր դիրքորոշումը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Արտյոմ Ղուկասյանը:

«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդևան Հակոբյանն էլ, ի պատասխան շրջանառվող լուրերի, նշեց.

«Մեր կողմից մեծ թվով Գյումրիի բնակիչների հետ ունեցած ուսումնասիրությունները, ինչպես նաև մեր թիմի ներսում տեղի ունեցած քննարկումները ցույց են տալիս, որ մարդիկ ուզում են մեր և «Բալասանյան» դաշինքի միասնությունը, որի արդյունքում կձևավորվի քաղաքային կոալիցիոն իշխանություն, ինչին մենք պատրաստ ենք և առաջարկում ենք «Բալասանյան» դաշինք սոցիալական կուսակցության հետ սկսել ուղիղ բանակցություն»:

Նշենք, որ «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը, խոսելով Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների մասին, ասել էր, որ բացառում է ցանկացած տեսակի համագործակցություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։

Իսկ «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Կարեն Մալխասյանը հայտարարեց. «Մենք ունենք նախնական որոշում, որ ոչ մի քաղաքական ուժի հետ կոալիցիա չենք կազմելու, այս պահին մենք այդ հարցը չենք քննարկում»:

Մալխասյանը նաև չբացառեց, որ  ինչ-որ պահի գուցե և փոխվի իրենց որոշումը:

«Բալասանյան» դաշինքի ավագանու թեկնածու Արման  Շաբոյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց.

«Երբ մանդատները տրվեն և ամեն ինչ վերջնական մեզ համար պարզ  լինի, կորոշենք  ինչ անել, իսկ մնացած ամեն ինչը խոսակցությունների մակարդակում է: Կիրակի օրը վերջնական տվյալները տան, հասկանանք՝ որ  կուսակցությունը քանի մանդատ ունի, նոր կկայացնենք մեր որոշումը: Էս պահին ընդամենը մենք մեր թիմի ներսում քննարկումներ ենք անում, որևէ քաղաքական ուժի հետ բանակցություններ չկան»:

Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թե ինչ միավորման տարբերակներ ունի և որ ուժերի հետ է պատրաստ կոալիցիա կազմել, չհաջողվեց պարզել՝ պայմանավորված ընտրություններին մասնակցած թեկնածուների հետ կապ  հաստատելու դժվարություններով:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close