Նորություններ

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. 30-ամյա վարորդը Toyota-ով մխրճվել է ԶԻԼ-ի մեջ. վիրավորին մեքենայից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։15-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 33.5 կմ հատվածում բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Արման Վանյանի վարած Toyota Camry և Լոռու մարզի Մրգավետ գյուղի բնակիչ՝ 36-ամյա Արամ Պողոսյանի վարած, ավազով բարձված ЗИЛ մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր՝ 25-ամյա Ռաֆայել Ղուկասյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի ուղեկցությամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Օպերատիվ են գործել Չարենցավանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close