Նորություններ

Երևանում 33-ամյա վարորդը Suzuki-ով վրաերթի է ենթարկել դիտահորերը փոխող աշխատակցին, այնուհետ հարվածել 2 մեքենայի

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Աննա Գևորգյանը իր վարած Suzuki մակնիշի ավտոմեքենայով   Արշակունյաց պողոտայում՝ Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել  պողոտայում դիտահորերը փոխող Երևանի քաղաքապետարանի աշխատակցին, այնուհետև դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել մայթով  և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Camry և Nissan մակնիշի ավտոմեքենաներին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում բուժօգնություն ստանալ, ապա վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վերջինս ստացել է 2  ոտքերի բաց կոտրվածք,  վնասվել է նաև նրա փայծաղը:

Օպերատիվորեն ժամանել են  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և  գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:

Վրաերթ-վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղակությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի հանձնարարականով Suzuki -ն տեղափոխվեց Երևանի գնդի հատուկ պահպանվող տարածք:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝  մինչ բժիշկների ժամանումը, վրաերթի ենթարկվածին առաջինը օգնություն է  ցուցաբերել վթարված Nissan-ի վարորդը, ով Արցախյան  44-օրյա պատերազմի ժամանակ եղել է առաջնագծում, որտեղ էլ վիրավորում է ստացել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close