Իրանը սկսել է լայնածավալ զորավարժությունները. ներգրավվել են ՌՕՈւ բոլոր բազաները
Առաջին փուլում զորավարժությունները անցկացվել են տարբեր արագություններով և տարբեր բարձրությունների վրա օդային թիրախների վրա կրակոցներով և օդ-ցամաք դասի հրթիռների արձակմամբ:

Իրանի ռազմակայաններում այսօր մեկնարկել են իրանական բանակի ռազմաօդային ուժերի 10-րդ՝ «Ֆադայանե Հարիմե Վելայաթ» զորավարժությունները:
Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
«Սա առաջին անգամն է, երբ զորավարժություններն անցկացվում են ապակենտրոնացված կերպով՝ երկրի բանակի ռազմաօդային ուժերի բոլոր բազաների ներգրավվածությամբ՝ Սպահանում, Բուշերում, Բանդեր Աբասում, Դեզֆուլում եւ Թավրիզում»,- ասել է Իրանի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար Համիդ Վահեդին:
Նրա խոսքով՝ առաջին փուլում զորավարժությունները անցկացվել են տարբեր արագություններով և տարբեր բարձրությունների վրա օդային թիրախների վրա կրակոցներով և օդ-ցամաք դասի հրթիռների արձակմամբ: Զորավարժությունների ժամանակ կկիրառվեն նաեւ լազերներ, երկրի երիտասարդ մասնագետների արտադրած հեռուստատեսային, ջերմային, ռադիոլոկացիոն եւ այլ տեսակների հրթիռներ ու ռումբեր:
Ռազմաօդային ուժերի վարժանքների ընթացքում պետք է կատարելագործվեն մարտավարական հմտությունները:
Խնդիր է դրվել բարելավել հրամանատարների փորձն ու հմտությունները`կապված էլեկտրոնային մարտերի ժամանակ օդային գործողությունների ծրագրերի մշակման և վերահսկման, օդուժի բոլոր ակտիվների օպտիմալացման, պաշտպանության ոլորտում նորույթների փորձարկման և Իրանի զինված ուժերի ռազմական հզորությունը մասնակիորեն ցուցադրելու հետ: