ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Մոտեցան 5 բժիշկ, նրանցից 4-ը վախեցան ինձ վիրահատել՝ ասելով, որ անիմաստ է, միայն չվախեցավ Աննա Լևոնովնան՝ իմ «Աստվածուհին»». 44-օրյա պատերազմի մասնակից

44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Հայրապետյանը նոյեմբերի 8-ին Մարտունիում ԱԹՍ-ի հարվածից գլխի հատվածում ստացել էր ծանր վիրավորում

«Շնորհակալ եղիր ունեցածիդ համար և կունենաս ավելին». հենց այս խոսքերով է առաջնորդվում արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, ժամկետային զինծառայող Հայկ Հայրապետյանը, ով պատերազմի օրերին կռվել է տարբեր ուղղություններով՝ սկզբում Ջրականում, հետո Հադրութում և Վարանդայում: Նոյեմբերի 8-ին Մարտունիում Հայկը ԱԹՍ-ի հարվածից գլխի հատվածում ստացել է ծանր վիրավորում:

Սկզբում զինծառայողին  տեղափոխել են Ստեփանակերտ, այնուհետև Երևան… մինչև հիմա Հայկի պայքարը շարունակվում է, բայց ինչպես ինքն է ասում, ամենադժվարն արդեն անցել է: Փրկվելու շանսը քիչ էր, բայց Հայկի ապրելու ցանկությունը՝ է՛լ ավելի մեծ:

«Հիշում եմ՝ պատերազմի ժամանակ ես բուժկետում էի պառկած, ջերմություն ունեի: Ընկերս եկավ իմ հետևից, բուժկետից իրար հետ գնացինք նկուղ և սպասում էինք մարտական տագնապի հրամանին:

Զենքերը ստացանք ու գնացինք պոստեր… պատերազմի 1-2 օրերը չէինք հասկանում՝ ուր ենք, մատների արանքով էինք նայում: Հետո հասկացանք՝ ուր ենք, ինչ է կատարվում. մեր կողքին մեր ընկերներն էին մահանում, ու չէինք կարող ինչ-որ բան փոխել, այդ ժամանակ նոր հասկացանք պահի լրջությունը: Իրար հույս էինք տալիս, որ լավ է լինելու:

Մենք կռվում էինք, ու մեզ ոգևորում էր ապրելու հույսը, որովհետև  նոյեմբերի 7-8-ն էր, պատերազմից քանի՜ օր էր անցել, ու մենք ողջ էինք մնացել, ու էդ ժամանակ մտածում ես ոչ միայն ողջ մնալու մասին, այլ նաև ծնողներիդ հասնելու մասին:

Նոյեմբերի 8-ին Մարտունի 2-ում  վիրավորում ստացա գլխիս հատվածում… իրենք  մեր զորամասը վերցրին, և մենք դիմացն էինք պահում, որ առաջ չգան, թե չէ քաղաքն էլ կվերցնեին: Ես վիրավորում ստանալուց հետո ոչինչ չեմ հիշում, ընկերներս են պատմում՝ ինչ է եղել, ոնց է եղել:

Նոյեմբերի  10-ին, երբ ինձ Արցախից Երևան են տեղափոխել, միանգամից մոտեցան 5 բժիշկ, նրանցից 4-ը վախեցան ինձ վիրահատել՝ ասելով, որ անիմաստ է, միայն չվախեցավ Աննա Լևոնովնան՝ իմ «Աստվածուհին» (ես նրան այդպես եմ ասում), ով վիրահատելուց առաջ ասաց, որ  ապրելու հավանականությունը հավասար է զրոյի, կանենք, բայց պատրաստ եղեք վատագույնին: Ասաց եւ արեց, վիրահատությունը տևեց 9 ժամ, և այդ 9 ժամերի ընթացքում նրա հետ աշխատում էր մի խումբ, ովքեր հիմա դարձել են ինձ հարազատ ու լավ ընկերներ:

Ես ընդհանրապես չէի կարող քայլել, ինձ մի քանի ամսվա ընթացքում ոտքի հանեցին, հիմա հենակով եմ քայլում, երբ ես մարտին դուրս գրվեցի, իմ քայլելը բավականին լավացել է, ես գիտեմ, որ ավելի է լավանալու, և ես պայքարելու եմ մինչև վերջ: Ես երբեք կանգ չեմ առնում:

Ես ինձ տրամադրում եմ ամենալավին, փորձում եմ ապրել ներկայով, չեմ ապրում ապագայով:

Ակնկալիք ունեմ, որ կշարունակեմ իմ սիրելի մասնագիտությամբ կրթությունս շարունակել և դառնալ դերասան:

Մի էսպիսի խոսք կա. «Երեկը անցյալ էր, վաղը՝ առեղծված, իսկ այսօրը՝ ներկա»: Պիտի ապրել այսօրվա օրով»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Հայկ Հայրապետյանը:

Հայկը նաև նվագում է կիթառ, ասում է՝ բայց էդքան էլ լավ չեմ նվագում, նվագում եմ այն, ինչը ուզում եմ և իմ ականջին հաճելի է»,- պատմում է պատերազմի մասնակից զինծառայողը:

44-օրյա պատերազմի մասնակից զինծառայողը շատ չի խոսում պատերազմի մասին, ասում է՝ ուզում եմ մոռանալ այն ամեն ինչը, ինչ կապված է պատերազմի հետ:

Հայկ Հայրապետյանը ծնվել է 2000թ. օգոստոսի 3-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում: Սովորում է Եվրասիա միջազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, բայց ասում է՝ չի շարունակելու իրավաբանի մասնագիտությամբ, հստակ գիտի՝ ուզում է դերասան դառնալ:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close