Նորություններ

«Մեր պարագայում բացառվում է ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելը». Ի.Յոլյան

Մեր պարագայում բացառվում է ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելը, որովհետև մեր պատկերացումները՝ կապված անվտանգության, Սյունիքի սահմանների պաշտպանության ընդհանրապես որակների հետ կապված, հակադարձ համեմատական են:

«Անկախ կիրառվող ռեպրեսիաներից, քրեական հետապնդումներից և այն հանգամանքից, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն իր գործընկերների հետ պատանդ է պահվում Հայաստանի բանտերում, կա մի պարզ ճշմարտություն, որ Գորիս համայնքի բնակիչը շատ ավելի լավ է ճանաչում իր համայնքի ղեկավարին և բոլոր այն մարդկանց, ովքեր նրա հետ ընտրապայքարի մեջ էին:

Այս պարագայում կարելի է ասել, որ հաղթեց Գորիսի համայնքապետի մարդկային որակներն ու իր կատարած աշխատանքը, իր քաղաքացու նկատմամբ ցուցաբերած մեծագույն հարգանքը:

Ընտրությունների օրը ամբողջ ոստիկանական ներուժը կենտրոնացրել էին Գորիսում, և դրանով փորձ էր արվում հոգեբանական ճնշում և վախի մթնոլորտ ստեղծել: Անկախ այն հանգամանքից, որ Գորիսի համայնքապետը հնարավորություն չունեցավ քարոզարշավ իրականացնելու (նույնիսկ վերջին օրերին մյուս փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին բանտում էին պահում), միևնույն է, ժողովուրդը կատարեց իր արդարացի ընտրությունը, որովհետև ժողովուրդը ամենքից լավ է ճանաչում իր համայնքի ղեկավարին: Իշխանությունը օգտագործել էր ամեն լծակ, ընտրություններից առաջ կեղծ քրեական գործեր կարվեցին, աղմուկ-աղաղակով ձերբակալություններ տեղի ունեցան: Իրենք պարարտ հող էին պատրաստել, որպեսզի իջեցնեին մարդկանց հեղինակությունը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը:

Յոլյանի խոսքով՝ հազարավոր մարդիկ ամեն օր իրենց հետ շփվել են, և իրենց հրատապ խնդիրների լուծողը եղել են Գորիսի համայնքապետն ու համայնքապետարանի աշխատակիցները:

«Մարդիկ շատ լավ գիտեն, թե ով ով է, իրենց խնդիրները ինչպես են լուծվել, արդյո՞ք եղել են կոռուպցիոն առաջարկներ, թե՞ չեն եղել, և այդ հարցերի պատասխանը Գորիս համայնքի բնակիչը տվեց իր քվեով»,- ընդգծեց Իրինա Յոլյանը:

Գորիսի փոխքաղաքապետը բացառում է, որ իրենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ ինչ-որ պահի կարող են կոալիցիա կազմել:

«Մեր պարագայում դա բացառվում է, որովհետև մեր պատկերացումները՝ կապված անվտանգության, Սյունիքի սահմանների պաշտպանության ընդհանրապես որակների հետ կապված, հակադարձ համեմատական են:

Գորիսի համայնքապետը բավականին երկար ժամանակ դիմադրում է ճնշումներին, և փորձը ցույց է տալիս, որ ոչնչի առջև չի ընկրկում: Կա հստակ դիրքորոշում, և այդ դիրքորոշումը պահելու համար պատրաստ ենք ցանկացած դավադիր գործունեությանը դիմակայել»,- եզրափակեց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրության արդյունքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել է Գյումրիում, Գորիսում և Մեղրիում: ՔՊ-ն այդ համայնքներում զբաղեցրել է երկրորդ տեղը: Գյումրիում առաջին տեղում «Բալասանյան դաշինքն» է, Գորիսում՝ «Առուշ Առուշանյան» դաշինքը, Մեղրիում՝ «Հանրապետություն» կուսակցությունը:

Անահիտ Չալիկյան

Back to top button