Նորություններ

Քովիդի պատճառով Շիրակի մարզի 2 դպրոց հոկտեմբերի 18-ից փակվել է, ուսուցումը կազմակերպվում է հեռավար

Շիրակի մարզի Սարատակ և Լուսաղբյուր գյուղերի դպրոցներում 14 օր ուսուցումը հեռավար կլինի: Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Գևորգ Ղումաշյանը:

Նրա խոսքերով՝ նշված գյուղերում բավականին շատ են հիվանդները, կոնտակտավոր երեխաներ ու հիվանդ ուսուցիչներ կան դպրոցում: Դպրոցական հանրույթի՝ ուսուցիչների և աշակերտների 30 տոկոսը, ըստ պատասխանատուի, ջերմում է:

Գևորգ Ղումաշյան

Ու քանի որ հաջորդ շաբաթվանից սկսվում են աշնանային արձակուրդները, այդ իսկ պատճառով էլ արձակուրդային մեկշաբաթյա ժամանակը, ըստ Գևորգ Ղումաշյանի, կօգտագործեն կոնտակտավորների մեկուսացման համար: Նոյեմբերի 1-ից դպրոցներում դասերը կվերսկսվեն, եթե պարզվի, որ նշված գյուղերում քովիդով դեպքերի աճ չկա, հիվանդներն էլ ապաքինվել են, նշեց բաժնի պետը: Մարզի հատուկենտ համայնքներում ու նաև Գյումրիում կան հիվանդ աշակերտներ ու ուսուցիչներ, ովքեր բուժում են ստանում քովիդի դեմ: Այդ դպրոցներում դասապրոցեսը հեռավար է միայն կոնտակտավոր և հիվանդ աշակերտների համար, իսկ հիվանդ ուսուցիչներին փոխարինում են այլ ուսուցիչներ:

Հիշյալ գյուղական 2 դպրոցներից բացի մարզի այլ դպրոցներում հեռավար ուսուցման անցած նույնիսկ ամբողջական դասարաններ չկան, փոխանցեց Գևորգ Ղումաշյանը:

Լեյլի Ասլանյան

Քովիդի դեպքերը ինչպես ամբողջ հանրապետությունում, Շիրակի մարզում էլ նվազման միտում չունեն: Մարզպետարանի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանի խոսքերով՝ Գյումրիում 2 քովիդ բաժանմունք է գործում, մեկը՝ Գյումրի բժշկական կենտրոնում 60 մահճակալով, մյուսը նախկին ինֆեկցիոն հիվանդանոցի մասնաշենքում, 100 մահճակալով: Ինֆեկցիոն հիվանդանոցը, ինչպես հայտնի է, թղթաբանությամբ, բայց ոչ շենքային պայմաններով, միացել է Գյումրի կենտրոնին և բաժանմունքի կարգավիճակ ստացել, որտեղ բուժում են ստանում քովիդի համեմատաբար թեթև ընթացքով հիվանդները: Ծանր վիճակում գտնվող հիվանդները Գյումրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում են:

Շիրակի մարզում պատվաստումների ամենաբարձր ցուցանիշը մանկավարժների մոտ է՝ մոտ 70 տոկոս: Ըստ պատասխանատուների՝ գործընթացը դեռ շարունակվում է: Պատվաստումների ընդհանուր ցուցանիշը մարզում մոտ 21 տոկոս է, թեև ցածր է, բայց հանրապետության մյուս մարզերի համեմատ առաջին հնգյակում է:  Պատվաստվելու գործում մարդկանց հապաղումները պայմանավորված են մի շարք հանգամանքներով. ոմանք սպասում են պատվաստանյութի իրենց նախընտրելի տեսակի մուտք գործելուն Հայաստան, ոմանք դեռ չեն կողմնորոշվել՝ պատվաստվել, թե ոչ, որոշները շարունակում են 14 օրը մեկ ՊՇՌ թեստ անել և այլն: Այս մասին հավաստեցին բնակիչները ԳԱԼԱ-ի թղթակցին նրանց շրջանում արված հարցումների ժամանակ: Ոմանք էլ գտնում են, որ ՊՇՌ թեստի իրականացումը պետք է անվճար լինի, հարցվածների մի որոշ մաս էլ համոզված է, որ եթե բոլոր զբաղված անձինք էլ պատվաստվեն, միևնույն է, ոչինչ չի փոխվի, քանի որ նրանք մարզի ընդհանուր բնակչության մոտ 20 տոկոսն են: Այդուհանդերձ, քաղաքացիներ էլ կան, ովքեր կամավոր, առանց գործատուի պարտադրանքի, նախընտրում են պատվաստվել ու պահպանել հանրային առողջությունը:

Աննա Հարությունյան

Պատվաստվել, թե չպատվաստվել, այս խնդիրը ամիսներ շարունակ մտահոգում է բնակչությանը, ու քանի որ տեղեկատվությունն իրարամերժ է այս հարցում, և պատվաստումների շուրջ միֆերի պակաս չկա, հարցը ուղղեցինք Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանին: Հենց նրա ղեկավարած վարչությունն էլ առաջին օրվանից պայքարում է քովիդի դեմ:  Համաճարակաբանը կողմ է պատվաստմանը և իր դիրքորոշումը բացատրում է այսպես. ասում է՝ ճիշտ է, հստակ չգիտենք, թե պատվաստումն ինչպիսի կողմնակի ազդեցություն կունենա մարդու օրգանիզմի վրա, բայց մյուս կողմից էլ չգիտենք, թե քովիդով հիվանդանալուց հետո մարդու օրգանիզմում ինչ փոփոխություններ կլինեն: Ինքը՝ որպես համաճարակաբան, դիմել է ռիսկի, իր աղջկան, ով կերակրող մայր է, ուղղորդել է պատվաստման: Օրինակ է բերում 1921 թվականը, երբ Հայաստան մուտք է գործել ԲՑԺ պատվաստումը, որը նույն բումն է առաջացրել բնակչության շրջանում, ինչպես հետագայում կարմրուկի դեմ պատվաստումն ու հիմա քովիդի պատվաստանյութը:  Ասում է՝ այս պատվաստանյութերի մուտք գործելուց առաջ պարբերաբար բռնկումներ էին լինում այս հիվանդությունների, օրինակ կարմրուկի դեպքում դա ուղեկցվում էր անպտղությամբ և մի շարք այլ բարդություններով:

Հիմա պատվաստանյութի շնորհիվ այս հիվանդություններից տեղային դեպքեր գրեթե չկան, դրանք կանխարգելվել են: Նույնը քովիդի դեպքում, եթե հիվանդության թողած հետևանքներն անհայտ են, ապա գոնե հայտնի է, որ կենդանի, թույլատրված վակցինաներ են ստեղծված, բայց կարճաժամկետ ազդեցության ուսումնասիրմամբ: Ըստ համաճարակաբանի՝ ճիշտ է, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկարաժամկետ ազդեցության հետազոտություն չկա, բայց գիտենք, որ օրական 1000-ից ավելի նոր հիվանդ է գրանցվում և օրական 20-ից ավելի մարդ մահանում: Ու գործ ունենք մի վարակի հետ, որն անընդհատ նոր անակնկալ է մատուցում, ու թեև մարդկանց օրգանիզմի հակամարմինները կարող են հակակշռել վիրուսի ազդեցությանը, բայց Աննա Հարությունյանի խոսքերով, քանի որ կորոնավիրուսը մարդկանց օրգանիզմում անընդհատ մուտացիաների է ենթարկվում ու անընդհատ վտանգավոր դառնում, ապա կարող է գա մի օր, որ հակամարմիններն էլ չկարողանան չեզոքացնել վիրուսի ազդեցությունը: Իսկ պետությունը, ըստ համաճարակաբանի, արդեն չգիտի, թե էլ ինչ միջոցների դիմի:

Աննա Հարությունյանը ԳԱԼԱ-ին պատմեց, թե ինչպես էր իր ղեկավարած վարչությունն աշխատում անցած տարի ձմռանը, որպեսզի մահացու վիրուսը Հայաստան չներթափանցեր: Ասում է՝ Հայաստանի սահմանին բժշկա-սանիտարական կետեր ունեին ու մեծ պայքար էին տանում, որ հիվանդությունը մուտք չգործեր. վարչության աշխատակիցները թռչում էին օդանավով այլ երկրներ, ջերմաչափում էին Հայաստան ուղևորվող մարդկանց, նույն գործողությունները նաև օդանավերում էին անում, բայց վիրուսի մուտքը չկանխվեց, քանի որ այն գաղտնի շրջան ուներ:  Ըստ Աննա Հարությունյանի՝ օրական Հայաստան մուտք է գործում մոտ 5000 մարդ, նրանց ինքնազգացողությունը վարչության աշխատակիցները ստուգում էին, ջերմաչափում, ուղղորդում ՊՇՌ թեստավորման: Ու այստեղ, ըստ համաճարակաբանի, սկսվում էին վիճաբանությունները: Եթե թեստ չէր հանձնում, մարդուն հետ էին ուղարկում, իսկ եթե համաձայնում էր, ապա 14 օր ինքնամեկուսացման ծանուցումներ էին տալիս: Այստեղ արդեն տեսչական մարմնի հսկողությունն ավարտվում էր, պետք է այլ մարմիններ վերահսկեին մեկուսացումը, ըստ համաճարակաբանի, բայց նրանք գնում էին բարեկամների մոտ, շփվում նրանց հետ առանց պատշաճ հսկողության: Իսկ եթե Հայաստան մուտք գործողն ուներ քովիդի կլինիկական նշաններ, ապա ըստ համաճարակաբանի, իրենք էին կազմակերպում մեկուսացումը, շտապ բուժօգնության մեքենայով հիվանդին ուղարկում էին բուժհիմնարկներ: Թե հետո ինչ էր լինում, դարձյալ դուրս էր տեսչական մարմնի հսկողությունից: Ասում է՝ իրենք ամեն ինչ անում էին, որ նոր հիվանդներ մուտք չգործեին Հայաստան, բայց խնդիր էր այդ օրերին նաև բժշկական գործիքների մանրէազերծումից մինչև օգտագործումը հակահամաճարակային միջոցառումների պահպանումը: Ըստ բժշկուհու՝ դեպքեր են եղել, երբ ատամնաբույժները որպես կենցաղային թափոն են դեն նետել բժշկական ներարկիչները, դրանք գտել են թմրամոլները, վերցրել, օգտագործել ու այսպիսով նաև վարակ տարածել:

Մարդկանց մեկուսացման անվերահսկելիությունը որպես խնդիր, ըստ պատասխանատուի, տեսչական մարմինը բարձրացրել է, բայց ասում է՝ դեռ լուծում չկա: Իսկ սա կորոնավիրուսի տարածման համար վտանգ է ներկայացնում: Այս խնդիրներով նաև պայմանավորված՝ համաճարակաբանը շատ է կարևորում պատվաստվելը: Նշում է, որ բնակչությունը զգոնությունը թուլացրեց, դիմակ սկսեց չկրել, ու հիվանդացությունը աճեց: Դիմակ կրելը, ըստ պատասխանատուի, նաև այլ օդակաթիլային հիվանդություններն է նվազեցնում. օրինակ ջրծաղիկ, սուր շնչառական վարակներ և այլն: Այն ընթացքում, ասում է, երբ պարտադրանք կար դիմակ կրելու, այս հիվանդությունների տարածումն էլ նվազեց: Հիմա դիմակի պարտադրանքը նա ևս առաջ է քաշում ու ավելացնում, որ երբ կորոնաթվերը նվազեն, ինքն անձամբ կառաջարկի, որ մարդիկ դիմակ չկրեն:

Այժմ շրջանառվող կորոնավիրուսի դելտա ենթատեսակը, Աննա Հարությունյանի խոսքերով, շատ ծանր է, երիտասարդացել է, շատ ավելի անկանխատեսելի է, իսկ պատվաստումը, ըստ նրա, նաև այս ենթատեսակի տարածումն է կանխարգելում, իսկ թե ինչքանով, հայտնի չէ:

Կարինե Կազարովա          

Back to top button
Close