ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Մեր մտքերում միշտ հաղթանակն է եղել, պարտության մասին չէինք էլ մտածում». 44-օրյա պատերազմի մասնակից

«Մեր մտքերում միշտ հաղթանակն է եղել, պարտության մասին չէինք էլ մտածում, իսկ պատերազմի նման ելքը ընդունեցինք գիտակցելով, որ կռվել ենք անհավասար պայմաններում». 44-օրյա պատերազմի մասնակից

Խաժակ Գրիգորյանը արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է, պատերազմի ժամանակ 1,5 ամսվա ծառայող է եղել: Ծառայել է Ասկերանում, պատերազմի առաջին իսկ օրից մասնակցել է Ակնայի պաշտպանության համար մղվող մարտերին: Հոկտեմբերի 11-ին տեղափոխել են Հադրութ, բայց ճանապարհին թշնամին ռմբակոծել է, և տղաները նորից հետ են գնացել Ակնա և մինչև վերջ կռվել: Ժամկետային զինծառայողը հիմա պաշտպանում է Սյունաց սահմանները:

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան ժ.7:10-ի կողմերը սկսեցին գնդակոծել: Ես, ճիշտն ասած, միշտ սպասում էի, որ կարող է մի օր պատերազմ սկսվի, ու երբ սկսվեց պատերազմը, և՛ վախ կար, և՛ մեծ պատասխանատվություն: Մենք պիտի անեինք անգամ այն, ինչը մեր ուժերից վեր էր թվում:

Կռվելու ժամանակ առաջինը մտածում էի ընտանիքիս մասին, որ իմ մասին հանկարծ վատ լուր նրանց չհասնի: Մենք կռվում էինք ու մտածում ողջ մնալու մասին… ինձ ուժ էր տալիս, որ բոլորը մեր թիկունքին էին ու մեզ հետ: Իմ ընկերն էլ էր կամավորագրվել, դա ավելի էր ոգևորում: Մեր ընկերների, պապերի, հարազատների արյունն է թափվել էս հողի վրա և հողը սուրբ և թանկ է դարձրել, և մենք գիտակցում էինք, որ ամեն գնով էս հողը պիտի պահվի:

Հայ զինվորի դուխը երբեք չի ընկնի… ճիշտ է, մենք պատերազմում պարտվել ենք, բայց դա ոչինչ չի նշանակում, որովհետև մենք հաղթել ենք մեր կամքով ու մեր համախմբվածությամբ:

Մեր մտքերում միշտ հաղթանակն է եղել, պարտության մասին չէինք էլ մտածում, իսկ պատերազմի նման ելքը ընդունեցինք գիտակցելով, որ կռվել ենք անհավասար պայմաններում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է ժամկետային զինծառայող Խաժակ Գրիգորյանը:

Պատերազմի մասնակցի խոսքով՝ ամենամեծ հետքը, որ պատերազմը թողել է իր կյանքում, ծառայակից ընկերների կորուստն է:

«Պատերազմի ժամանակ, երբ ընկերդ զոհվում է, դա ավելի շատ քո մեջ վրեժ է արթնացնում։ Ես մտածում եմ, որ մեզնից ոչ ոք թևաթափ չէր լինում, որովհետև թևաթափ լինելով, քեզ կորցնելով՝ ընկերոջդ հետ չէիր բերի:

Պատերազմից ընդհանրապես չէի ուզենա հիշել այն պահերը, որ մեր ընկերները մեր կողքը զոհվում էին»,- շարունակում է ժամկետային զինծառայողը:

Խաժակն ասում է, որ պատերազմը իրեն նաև լավ ընկերներ է տվել, որոնց հետ ծանոթացել է պատերազմի ժամանակ: «Իսկական ընկերը հենց պատերազմի դաշտում է երևում, էդ ժամանակ է, որ դու զգում ես, որ ինքը պատրաստ է հանուն քո կյանքի իր կյանքը զոհել ու առանց երկար-բարակ մտածելու, որ դու իրեն ընդամենը մի քանի օր ես ճանաչում, իսկ ծառայության մեջ շատերը կարող են քեզ ընկեր ասել, բայց պատերազմի ժամանակ հասկանաս, որ դրանք զուտ խոսքեր էին»,- շարունակում է Խաժակը:

Զինծառայողն ասում է, որ պատերազմից հետո հիմա այլ կերպ է մտածում:

«Պատերազմից հետո գիտակցում ես, որ կյանքը թանկ բան է, և պետք է վայելես կյանքի ամեն վայրկյանը և պիտի ավելի շատ ժամանակ հատկացնես քո հարազատների համար, որովհետև դու չգիտես՝ մեկ րոպե հետո ինչ կարող է լինել… սեպտեմբերի 26-ին, որ պառկում էինք քնելու, չէինք էլ մտածում, որ վաղը մեզնից շատերը կարող են չլինել»:

Ինը ամիս և 22 օր է մնացել, որ Խաժակ Գրիգորյանը համալրի պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած տղաների շարքը: Ասում է՝ հենց զորացրվեմ, իմ մասնագիտությամբ աշխատանք կգտնեմ և կմտածեմ ընտանիք կազմելու մասին:

«Պատերազմից արդեն մի տարի անցել է, չէի ասի, որ հետպատերազմական շոկը հաղթահարել եմ, բայց այնպես էլ չէ, որ առաջվա նման չեմ կարողանում օրերով քնել: Տարիների ընթացքում ինձ թվում է, որ կհաղթահարեմ»,- եզրափակեց 44-օրյա պատերազմի մասնակից , ժամկետային զինծառայող Խաժակ Գրիգորյանը:

Խաժակ Գրիգորյանը ծնվել է 1998թ.-ի դեկտեմբերի 15-ին Արմավիր քաղաքում: Ավարտել է պոլիտեխնիկական համալսարանի «Սարքաշինություն, չափագիտություն» բաժինը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close