Նորություններ

Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. 60–ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 40-ամյա հետիոտնին

 Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ,  60-ամյա Արթուր Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ, 40-ամյա Հովհաննես Ամիրխանյանին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն  օպերատիվորեն  ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է, որ նա տեղում մահացել է:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապահային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի  2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի  հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի  հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար  Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:  Վերջիններս վարորդին տեղափոխել են հիվանդանոց՝ սթափության աստիճանը պարզելու  համար:

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը:

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու  հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է  Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը,  ովքեր այս պահին դեպքի վարի զննություն են կատարում:

Տեղում քննչական աշխատանքները  ղեկավարող քննիչի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close