Նորություններ

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իռլանդիայի նորանշանակ դեսպան Մարտինա Ֆինեյը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Ֆինեյը (նստավայրը՝ Սոֆիա):

Շնորհավորելով նորանշանակ դեսպանին առաքելության ստանձնման կապակցությամբ՝ նախագահ Սարգսյանը կարևորել է հայ-իռլանդական հարաբերությունների հետագա ամրապնդումն ու երկկողմ օրակարգի ընդլայնումը և ընդգծել, որ նախագահական ինստիտուտը պատրաստ է լիազորությունների սահմաններում աջակցել փոխգործակցության զարգացմանն ուղղված նախաձեռնություններին:

Դեսպան Մարտինա Ֆինեյը նշել է, որ իր երկիրը ևս շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ և պատրաստակամություն է հայտնել իր անձնական ներդրումն ունենալ:

Ընդգծելով, որ երկու երկրները հարաբերությունները խորացնելու մեծ ներուժ ունեն՝ զրուցակիցները մասնավորապես հեռանկարային են համարել բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կենսատեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը: Առանձնահատուկ կարևորվել է մշակութային կապերի սերտացման ուղղությամբ քայլերի իրականացումը: Այս համատեքստում անդրադարձ է եղել երկու ժողովուրդների պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող և ընդհանրություններն արտացոլող միջոցառումների կազմակերպման հեռանկարներին:

Back to top button
Close