Նորություններ

«Փամփուշտները հանեցի գրպանիցս ու տղերքին 1-1 հատով բաժանեցի՝ որպես երաշխիք հայրենի հողում հանգիստ քուն մտնելու համար…». Շանթ Նավոյանը զոհվեց հրադադարի օրը

Շանթ Նավոյանը պատերազմի օրերին  բոլորովին այլ բան էր պատմում ծնողներին, այլ բան գրում իր նոթատետրում. «Խոսողը չգիտի, իմացողը չի խոսում». այսպես կոչեցին նրա գիրքը

«Սաղավարտը մարմնիս մաս էր դարձել, որից երազում էինք ազատվել ու որով մեզ ապահով էինք զգում: Ամեն անգամ թաքստոց նետվելիս աղոթում էի ողջ դուրս գալու համար: Քնելիս աղոթում, որ իմ ուղղությամբ եկող արկերը շեղվեն ճանապարհից»…

Սա պատերազմի ժամանակ, հրադադարի հաջորդ իսկ օրը զոհված Շանթ Նավոյանի գրառումներից մեկն է՝ արված փոքրիկ նոթատետրում: Նոթատետրը ծնողներին հասավ 20-ամյա տղայի մահից հետո միայն…

Հետո սկսեցին հավաքել Շանթի մտքերը թղթերին և սոցցանցերի էջերին հանձնված: Հետո պիտի պարզեին, որ Շանթը գրում է աննկարագրելի գեղեցիկ, մտածում խորիմաստ, արժևորում կյանքը, հայրենիքը, ընկերներին,  ծնողներին, հարազատներին:

«Խոսողը չգիտի, իմացողը չի խոսում». այսպես կոչեցին Շանթ Նավոյանի գիրքը, որում տեղ գտան նրա մտքերը և իհարկե գրառումները, որոնք արել է նա պատերազմի օրերին:

«Գրառումները, որոնք արել է պատերազմի օրերին, այնքան գեղեցիկ էին, կարծես վստահ է եղել, որ կարդալու ենք»,-  նշված է գրքում:

Իրողությունը, սակայն, ծանր էր Շանթի հարազատների համար. իմանալ, որ տղաները եղել են սոված, անքուն, հոգնած ու ցավի մեջ: Շանթը նաև վիրավորվել է պատերազմի երրորդ օրը, որի մասին, սակայն, ծնողները տեղյակ չեն եղել: Շանթը պատերազմի օրերին  բոլորովին այլ բան էր պատմում ծնողներին, այլ բան գրում իր նոթատետրում:

Ֆրանսիական համալսարանի ուսանող էր, հասցրեց սովորել ընդամենը մեկ կիսամյակ: Թեև  ընտրեց մարքեթոլոգի մասնագիտությունը, բայց Շանթ Նավոյանը չդադարեց երազել՝ կդառնա կինոռեժիսոր:  Սիրում էր կարդալ, գիրքը միշտ պայուսակում էր:

Բանակ զորակոչվեց 2020-ի հունվարի 8-ին: Նրա վերջին զանգը հոկտեմբերի 9-ին եղավ. Շանթը զոհվեց անօդաչու սարքի հարվածից՝ ինը ընկերների հետ միասին:

Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ն, «Խոսողը չգիտի, իմացողը չի խոսում» գրքի շնորհանդեսն ու հերոսին նվիրված միջոցառում տեղի ունեցավ նաև Գյումրիում:  Գրքի վաճառքի գումարը փոխանցվում է «Շանթ-Դելտա Նավոյան բարեգործական հիմնադրամին», որի հիմնական նպատակն է կրթադաստիարակչական ծրագրերի իրականացումը, սեմինարների, դասախոսությունների կազմակերպումը, արհեստների ուսուցման օժանդակությունը։ Ծրագրերի շահառուներ են հանդիսանում զոհվածների զավակները, քույրերն ու եղբայրները, ինչպես նաև 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած զինվորները։

Միջոցառմանը ներկա էին Շանթի ծնողները և հարազատները: Ներկաները Շանթի գրքից հատվածներ կարդացին, փորձեցին մեկնաբանել, հասկանալ նրան, այն տղաներին, ովքեր ընկան մարտի դաշտում:

«Փամփուշտները հանեցի գրպանիցս ու տղերքին 1-1 հատով բաժանեցի՝ որպես երաշխիք հայրենի հողում հանգիստ քուն մտնելու համար…». սա Շանթի՝ պատերազմի օրերին արված գրառումներից մեկն է:

Back to top button