Նորություններ

Արմավիրի մարզում տրակտորը կողաշրջվել է. վարորդին դուրս բերելու համար փրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման  կենտրոն ահազանգ է  ստացվել, որ Զվարթնոց թաղամասից դեպի Մասիս քաղաք տանող ավտոճանապարհին «Բելառուս» մակնիշի տրակտորը կողաշրջվել է և կան տեղեկություններ, որ ներսում արգելափակված  քաղաքացի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, նաև «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկները:

Դեպքի վայր է բերվել կռունկ, իսկ փրկարարները  մոտ 2 ժամում հատուկ տեխնիկայի օգտագործման միջոցով կարողացան  վարորդին դուրս  բերել: Մինչ  այդ Վաղարշապատի հիվանդանոցի  բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերեցին վիրավորին,  ապա տեղափոխեցին «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com  

Back to top button
Close