Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Համաշխարհային պրեմիերա «Արմենիա» փառատոնի շրջանակում

Հոկտեմբերի 17-ին առաջին անգամ երևանյան բեմում հանդես եկավ դաշնակահարուհի Յոլ Ում Սանը։ Ելույթը կայացել էր «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ դաշնակահարուհին կատարեց Սերգեյ Պրոկոֆևի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը և Ալեքսեյ Շորի «Ճանապարհորդական նոթատետր» դաշնամուրային կոնցերտը։

Յոլ Ում Սանը մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է, ճանաչված է որպես վիրտուոզ դաշնակահար, որի համերգային լայն նվագացանկերը նրբորեն համադրում են ստեղծագործություններ Բախից, Մոցարտի ամբողջական երկացանկից, գերմանական և ռուսական վաղ ռոմանտիզմի շրջանի կոմպոզիտորներից մինչև Գերշվին և Լիգետի։ Նա համագործակցել է աշխարհի ճանաչված նվագախմբերի հետ, որոնց թվում՝ Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Մարիինյան թատրոնի նվագախումբը, Չեխիայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Դրեզդենի, Բերգենի ֆիլհարմոնիկ նվագախմբերը, «Մոսկվայի վիրտուոզները», Սանկտ Պետերբուրգի, Դրեզդենի, Բելգրադի, Զագրեբի, Սոֆիայի ֆիլհարմոնիկ և այլ նվագախմբեր։

Դաշնակահարուհին շեշտում է, որ հաճույքով է աշխատում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և մաեստրո Սմբատյանի հետ։ Յոլ Ում Սանը Ալեքսեյ Շորի «Ճանապարհորդական նոթատետր» ստեղծագործությունը կատարում էր առաջին անգամ։ «Յուրաքանչյուր գործ, որ կատարվում է առաջին անգամ, նման է մարտահրավերի, քանի որ երբեք չես կարող ասել, թե ինչ կպատահի։ Ինձ դուր է գալիս «Ճանապարհորդական նոթատետր» ստեղծագործությունը, այն ներկայացնում է տարբեր պատմություններ, զանազան պատկերներ»,- նշեց դաշնակահարուհին։ Յոլ Ում Սանը գերեց ունկնդրին բարձր վարպետությամբ, Պրոկոֆևի և Շորի ստեղծագործությունների ոգեղեն ու զգացմունքային կատարումներով։

Հոկտեմբերի 17-ին կայացած համերգը հատկանշական էր նաև նրանով, որ երեկոյի ընթացքում ներկայացվեց համաշխարհային պրեմիերա՝ Ալեքսեյ Շորի «Փյունիկ» ֆանտազիան սիմֆոնիկ նվագախմբի համար։ Հեղինակն այս ստեղծագործությունը գրել է հատուկ «Արմենիա» փառատոնի համար։ Այն մեծ ընդունելության արժանացավ ունկնդրի կողմից, որը գնահատեց ստեղծագործության մեղեդայնությունը, անկեղծությունն ու հանդիսավորությունը։ «Փյունիկ» ֆանտազիան երաժշտական ուժի միջոցով ունկնդրի մոտ առաջացնում էր գեղեցիկ պատկերներ ու հույզեր։

Այս օրերին Երևանում անցկացվող «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC)՝ նախագահ Կոնստանտին Իշխանով։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Վաղը՝ հոկտեմբերի 19-ին, փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա ջութակահար Ֆումիակի Միուրան։ Համերգը կղեկավարի դիրիժոր Կոնրադ վան Ալֆենը։

Back to top button
Close