Նորություններ

Ո՞վ, եթե ոչ Տիգրան Սարգսյանը. նա 15 տոկոս անկում արձանագրեց և արտաքին պարտքը եռապատկեց

Տիգրան Սարգսյանի վերանշանակումը վարչապետի պաշտոնում ոչ անակնկալ, բայց միևնույն ժամանակ անտրամաբանական է «Հայկական ժամանակ» օրաթերթի պատասխանատու, տնտեսական թեմաներով վերլուծաբան Հայկ Գևորգյանի համար: Նրա խոսքերով՝ բոլորի համար սպասելի էր, որ վարչապետի պաշտոնում փոփոխություն չի լինելու: Բայց Տիգրան Սարգսյանի վերանշանակումը միանշանակ անտրամաբանական է. «Ուրեմն Տիգրան Սարգսյանը իր պաշտոնավարման ընթացքում հայտնի դարձավ նրանով, որ ապահովեց 15 տոկոս տնտեսական անկում 2009 թ.-ին: Սա 2009 թ-ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում ամենատարբեր անկումներից մեծն էր աշխարհում, այսինքն՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվեց այն անձը, ում պաշտոնավարման ընթացքում արձանագրվեց անկում: Դրան զուգահեռ՝ Հայաստանի արտաքին պարտքը եռապատկվեց, որը նույնպես խոսում էր այն մասին, որ այդ անձը չպետք է վերանշանակվեր»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայկ Գևորգյանը, ապա շարունակեց.

«Իսկ ինչո՞ւ անակնկալ չէր. այդ հարցին պատասխանելու համար պետք է նայել ՀՀԿ-ի կադրային բազային և հարց տալ՝ ո՞վ, եթե ոչ Տիգրան Սարգսյանը: Եթե այդ կադրային բազան ուսումնասիրենք, կտեսնենք, որ Տիգրան Սարգսյանը ուղղակի այլընտրանք չունի ՀՀԿ-ում, որովհետև ՀՀԿ բազան կադրերի իմաստով չափազանց աղքատ է, և այդ բազայի մեջ Տիգրան Սարգսյանը միակ նորմալ վարչապետն է: Տիգրան Սարգսյանից ավելի լավը հնարավոր չէ այնտեղ տեսնել, այլընտրանք չկա, որովհետև նրանից լավ ոչ ոք չի կարող նախադասություն կազմել: Սա նշանակում է, որ առնվազն հինգ տարի կշարունակենք կառուցել նորից «ապահով Հայաստան»: Կասկած անգամ չունեմ և հույսս կտրել եմ, որ առաջիկայում Հայաստանում տնտեսության մեջ փոփոխություններ կլինեն: Անկումը կարող է մի քիչ դանդաղել, հետո արագանալ, բայց փոփոխություն չի լինի»,- ասաց նա:

 

Քրիստինա Մկրտչյան

Back to top button