Նորություններ

Ինչպիսի՞ն է իրավիճակն Արցախի սահմանամերձ դարձած գյուղերում

«Մեր գյուղում ռուս խաղաղապահներ չկան, մեր անվտանգությունն ապահովում է մեր բանակը»,-ընդգծում է Արցախի Խրամորթ համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանը:

Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի կեսը արցախյան երկրորդ պատերազմից հետո անցել է թշնամու վերահսկողության տակ, ադրբեջանական դիրքերը մի քանի մետր հեռավորության վրա են գտնվում հայերի տներից:

Թաղավարդի գյուղապետ Օլեգ Հարությունյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց, որ ադրբեջանցիները մեկ-մեկ օդ են կրակում, մեկ-մեկ լինում է նաև գյուղի ուղղությամբ:

«Էս պահի դրությամբ եմ ձեզ ասում՝ իրավիճակը հանգիստ է, ռուսը էս պահին մեր գյուղում կանգնած  է, թուրքը էդքան ռիսկ չի անի իրեն ավելորդ բան թույլ տալ, մեկ-մեկ օդ է կրակում: Բայց  դե թաղավարդցիներն էդ ձայներին էլ են արդեն ընտելացել, մեզ համար ապրում ենք:

Հիմա բերքահավաքի սեզոն է, ռուսը մեր մեջքին կանգնած է. առանց վախենալու կարող ենք գնալ ու հավաքել մեր բերքը:

Դե հիմա էս է վիճակը, պիտի ապրենք ու մնանք մեր հողում, ոչ ոք չի ուզում թուրքի հետ համատեղ ապրել, դրանց ներկայությունը հանդուրժել, բայց  հիմա էսպես է ստացվել, որ  խուճապի մատնվեցինք, մեզ կորցրեցինք, ավելի վատ  մեզ համար»,- նշեց Օլեգ Հարությունյանը:

Համայնքապետի խոսքով՝ իրենք գյուղը լքող չեն, ընդհակառակը, պատերազմից  հետո 17 ընտանիք իրենց համայնքում է որոշել բնակություն հաստատել:

Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքի 45%-ը թշնամու վերահսկողության տակ է անցել:

«Երեկ չէ առաջին օրն էր, գյուղում լսել  ենք կրակոցի ձայներ, էս պահին դեռ հանդարտ է իրավիճակը, ինչ ասեմ, մարդիկ հարմարվել են նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրավիճակի հետ:

Մենք գիտենք, որ պիտի զգոն լինենք, մեր գյուղը  2 անգամ վառել են 90-ականներին, բայց էլի քարը քարին դնելով՝ շարունակում ենք ապրել: Մեր ճակատագիրն ու բախտն էլ էդ է, հո չես փախչի քո ճակատագրից»,-հայտարարեց Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը:

«Գյուղը սոցիալական շատ խնդիրներ ունի, դե հասկանում եք, որ մարդիկ արոտավայրեր են կորցրել և այլն, և այլն: Պետք է ամեն ինչ անենք, որ գոնե մեր վերահսկողության տակ մնացածն ամուր պահենք:

Մեր գյուղում ռուս  խաղաղապահներ չկան, մեր անվտանգությունն ապահովում է մեր բանակը»,-ընդգծեց համայնքապետը:

Իսկ Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկայի գյուղապետ Նարեկ Աթայանը հայտնեց, որ գյուղում կրակոցներ այս մի քանի օրերի ընթացքում չեն լսել:

«Սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած դեպքից  հետո իրավիճակը հանդարտ է, բնակարանաշինական աշխատանքներ ենք իրականացնում: Եթե ինչ-որ խնդիր է լինում, մենք դիմում ենք ռուս խաղաղապահներին: Մենք պատերազմի միջով անցած մարդիկ ենք, ամեն ինչին սովորել ենք»,- եզրափակեց Նարեկ  Աթայանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close