Նորություններ

«Իշխանությունը հիմա ամեն ինչ անում է ժողովրդի ուշադրությունը շեղելու համար». Ս. Հովսեփյան

«Իշխանությունը հիմա ամեն ինչ անում է ժողովրդի ուշադրությունը շեղելու համար և կոնկրետ գործընթացներից ժողովրդին կտրելու համար: Ժողովուրդը պետք է սթափություն դրսևորի և պահանջի, որ իշխանությունները իրենց անունից չանեն բաներ երկրի և պետականության կործանման համար»

«Իշխանությունը գործընթացները թաքցնում է ժողովրդից, և ժողովուրդն էլ կարծես թե ասում է՝ հա դե հո ամեն ինչ մենք չպետք է իմանանք, այդ ամենից  իշխանությունը պետք է տեղյակ լինի, իսկ իշխանությունն էլ հենց դրանով է առաջնորդվում և անում է ամեն ինչ, որ ոչինչ ի շահ ժողովրդի չլինի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

«Խաղաղության մասին կարող են խոսել, երբ կռացած չեն և կարող են խաղաղություն թելադրել, իսկ այս պարագայում խաղաղության մասին խոսելը բոլորս ենք տեսնում, թե ինչ հետևանքներ է ունենում: Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղության մասին, մինչդեռ Ադրբեջանն անընդհատ հրահրում է սադրանքներ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի  սահմանին: Ադրբեջանն իր սադրանքներով նախ փորձում է ճնշում գործադրել Հայաստանի  վրա և արդարացնել իր՝ Հայաստանի ինքնիշխան տարածք մտնելը, իսկ ընթացքում էլ փորձում է իր համար հարցեր լուծել:

Այս ամենից հետևություն, որ խաղաղության մասին ոչ թե պետք է խոսեն, այլ պետք է պատրաստվեն խաղաղություն թելադրել:

Իշխանությունը հիմա ամեն ինչ անում է ժողովրդի ուշադրությունը շեղելու համար և կոնկրետ գործընթացներից ժողովրդին կտրելու համար: Ամեն նախօրեին մի թեմա է մուտք գործում, և դրանց հիման վրա իրենք կարողանում են ինչ-որ հարցեր կարգավորել: Ժողովուրդը պետք է սթափություն դրսևորի և պահանջի, որ իշխանությունները իրենց անունից չանեն բաներ երկրի և պետականության կործանման  համար: Իշխանությունը ստացել է ժողովրդի մանդատը, և ժողովուրդը պիտի հասկանա՝ արդյո՞ք այդ մանդատը տվել է, որ իր անունից ոչ հայանպաստ գործընթացներ սկսվեն, թե՞ ժողովուրդն էլ չի հասկանում՝ ինչպես է հայտնվել այս հորձանուտում»,-նշեց Հովսեփյանը:

ԱԺ նախկին պատգամավորն ընդգծեց՝ այս պահին, երբ Ադրբեջանն ու Թուրքիան գրեթե ամեն օր խոսում են սպառնալիքների լեզվով և խոսում են Հայաստանի տարածքների նկատմամբ իրենց հակումների մասին, նպատակահարմար չէ սահմանների բացումը՝ ընդգծելով, որ վտանգված է մեր պետությունը, և սահմանները բացելով ավելի մեծ վտանգի առաջ ենք կանգնելու:

Հովսեփյանի խոսքով՝ կյանքը ցույց տվեց, որ խաղաղ բանակցություններ  կոչվածը իրականում դրան չէր միտված, այլ Ադրբեջանի հզորացմանը, և ամեն ինչ արվեց, որ այսօր ունենանք այս իրավիճակը:

«Մենք պիտի կարողանանք դիվանագիտական ճակատում այնպես ճնշել, որ այդ ստորագրված պայմանագիրը միևնույն ժամանակ ամբողջ աշխարհով պաշտպանվածություն ունենա: Մենք ոչ թե գնանք սահմանների  ճշտման կամ սահմանների բացման, այլ բանակցություններով կարգավորենք  մեր հարցերը:

Կարելի է ասել, որ բանակցությունները չեն էլ դադարել, մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում էր, սա նշանակում է, որ գործընթացը շարունակվում է»,- եզրափակեց ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close