Նորություններ

«Ադրբեջանը հիմա ամեն ինչի պատրաստ է և ամեն քայլի կարող է գնալ, որպեսզի ռուս խաղաղապահները դուրս գան Արցախի տարածքից»

«Ադրբեջանը խնդիր ունի վարկաբեկելու ռուս խաղաղապահների առաքելությունը և նման սադրանքներով փորձում է ցույց տալ, որ ռուս խաղաղապահները կանգնած են, բայց չեն կարող վերահսկել իրավիճակը, Ադրբեջանն ամեն քայլի կարող է գնալ, որպեսզի ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից»

«Ադրբեջանը տարբեր ձևերով ճնշում է գործադրում Հայաստանի վրա, որովհետև Ադրբեջանն իր պատկերացումների մեջ վերջնական չի հասել  իր նպատակներին, այսինքն՝ Արցախն ամբողջությամբ չեն կարողացել վերցնել իրենց վերահսկողության տակ, և այդ տեսանկյունից Ադրբեջանը խնդիր ունի նաև վարկաբեկելու ռուս խաղաղապահների առաքելությունը և ցույց տալու, որ ռուս խաղաղապահները կանգնած են, բայց չեն կարող վերահսկել իրավիճակը, և իրենք են իրավիճակի տերը: Ադրբեջանը հիմա ամեն ինչի պատրաստ է և ամեն քայլի կարող է գնալ, որպեսզի ռուս խաղաղապահները դուրս գան Արցախի տարածքից»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց ռազմական վերլուծաբան Դավիթ Հարությունովը՝ անդրադառնալով երեկ Արցախում ադրբեջանական զինված ուժերի հարձակմանը:

Հարությունովի խոսքով՝ չպետք է մոռանալ, որ արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծվել է տարածաշրջանում այնպիսի իրավիճակ, երբ շահերը բախվում են:

«Պատերազմի ընթացքում խնդիր էր դրված Արցախի տարածքները գրավելը: Հիմա կոմունիկացիաների ապաշրջափակման և սահմանների ճշտման հարցն է, և այդ  հարցերում Ադրբեջանն ունի իր պատկերացումները, իսկ մենք մերը:

Քանի դեռ կան հակասություններ, Ադրբեջանը դիմելու է նման քայլերի, և կլինեն նման միջադեպեր: Բնականաբար, եթե կա շահերի բախում, դա պիտի արտահայտեն կոնֆլիկտային իրավիճակների, միջադեպերի տեսքով»,- հայտարարեց ռազմական վերլուծաբանը:

Դավիթ Հարությունովի կարծիքով՝ անհնար է, որ նման միջադեպերը բացառվեն, բայց այլ հարց է, որ կարող է փոխվել այդ սահմանային միջադեպերի ինտենսիվությունը:

«Ադրբեջանն իր հռետորաբանությունը չի փոխելու, քանի դեռ իրենց պատկերացրած խնդիրներին չի տրվել վերջնական լուծում:

Ռուսաստանն էլ այնպիսի լծակ չունի, որով պարտադրի Ադրբեջանին, որ չդիմեն սադրանքների: Կարող են ընդամենը բանակցել, ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել»,- նշեց Դավիթ Հարությունովը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close