ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Երբ պատերազմը սկսվեց, ես և Համոն ընկերություն էինք անում. իրար խոստացանք, որ անկախ ամեն ինչից՝ միշտ միասին ենք լինելու»

«Պատերազմը մեր կապն ավելի ամուր դարձրեց, մենք իրար խոստացանք, որ անկախ հանգամանքների և իրողությունների դասավորությունից՝ միշտ միասին ենք լինելու»

«Երբ պատերազմը սկսվեց, այդ ժամանակ ես և Համոն ընկերություն էինք անում: Հենց իմացավ, որ պատերազմ է, առանց երկար-բարակ մտածելու որոշեց, որ պիտի կամավորագրվի և մեկնի հայրենիքի սահմանները պաշտպանելու: Ես շատ դժվար ընդունեցի, որովհետև գիտեինք՝ ուր է գնում և ինչի համար:

Ամուսինս Հադրութում է կռվել, իր գնացած սկզբի 3-4 օրը հետը չեմ կարողացել խոսել: Հետո զանգում էր մի քանի րոպեով, որ իմանամ՝ ամեն ինչ լավ է, չանհանգստանամ: Պատերազմի ընթացքում որ խոսում էինք, ասում էր՝ ամեն ինչ լավ է լինելու, բոլորով վերադառնալու ենք, վստահ ասում էր՝ հաղթելու ենք»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմի մասնակից Համազասպ Թովմասյանի կինը՝ Արմինե Գրիգորյանը:

Արմինեն դժվարությամբ է խոսում պատերազմի ընթացքում ունեցած իր ապրումների, սպասումների մասին: Ասում է՝ ամենադժվարն այլևս հաղթահարել են, և իրենց սերը, որ անցել է պատերազմի փորձությունների միջով, ավելի  ուժեղ գտնվեց:

Պատերազմից հետո Արմինեն և Համազասպը ամուսնացել են:

«Պատերազմի ժամանակ մեր կապն ավելի ամուր դարձավ, մենք իրար խոստացանք, որ անկախ հանգամանքների և իրողությունների դասավորությունից՝ միշտ միասին ենք լինելու: Ես սկսեցի ավելի շատ սիրել Համոյին ու իր կյանքի համար ավելի շատ անհանգստանալ: Ես աղոթում էի, չնայած հիմա էլ, երբ տանից դուրս է գալիս, աղոթում եմ, որ Աստված միշտ պահապան լինի: Ամուսինս Աստծո կամոք է ողջ մնացել և վերադարձել տուն (հոկտեմբերի 19-ին)»,- շարունակում է արցախյան պատերազմի մասնակցի կինը:

Համազասպ Աշոտի Թովմասյանը  ծնվել է 1990թ.  մայիսի 11-ին Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում։ 2016-2019թթ. աշխատել է որպես պայմանագրային զինծառայող։ «Սև Հովազ» ջոկատում կամավորագրվելով՝ սեպտեմբերի 27-ին մեկնել է ռազմաճակատ և մասնակցել մարտական գործողությունների։ Այդ ընթացքում մասնակցել է Հադրութի համար մղվող մարտերին, ոտքի հատվածում ստացել է վիրավորում:

«Մինչև պատերազմը կորցնելու վախեր երբևէ չեմ ունեցել, բայց պատերազմից հետո շատ եմ վախենում կորցնելուց:

Մի բան հստակ եմ հասկացել, որ միայն պատերազմի ժամանակ պետք չէ  միասնական լինել և միմյանց օգնել, և միայն պատերազմի ժամանակ չէ, որ պիտի արժևորենք զինվորի կյանքը և արած գործերը, այլ միշտ, որովհետև միասնությունը հաղթում է ամեն ինչին, իսկ զինվորին ուղղված  թեկուզ մի փոքր շնորհակալությունը ոգևորում է, և զինվորը այդ ժամանակ է հասկանում, որ ինքը մենակ չէ՝ լինի դա խաղաղ պայմաններում, թե պատերազմական իրավիճակում»,- եզրափակեց արցախյան պատերազմի մասնակից Համազասպ Թովմասյանի կինը՝ Արմինե Գրիգորյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close