ՆորություններՍպորտ

Պետք է բոլորն աշխատեն. Չենք պատրաստվում Սելարայանին ճնշման տակ դնել. Կապառոս

ԱԱ–2022–ի ընտրական փուլի Իսլանդիա–Հայաստան խաղի նախօրեին կայացել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մամուլի ասուլիսը։

Լուկաս Սելարայանի մասին

-Ամենակարևորն այն է, որ նա մեծ խանդավառությամբ է եկել: Բավականին երկար ժամանակ է, որ ֆեդերացիան ջանքեր էր գործադրում Սելարայանի՝ հավաքականին միանալու համար: Նա կարող է իր փորձը տալ հավաքականին, ինչը շատ կարևոր է, սակայն ֆուտբոլում պետք է բոլորը աշխատեն, որ թիմը հաջողություն ունենա: Այնպես որ, չենք պատրաստվում Լուկասին դնել ճնշման տակ:

Բիչախչյանի բացակայության, Մարգարյանի ու Առաքելյանի հրավերի  մասին

-Մարգարյանն ու Առաքելյանը բարձր մակարդակի ֆուտբոլ են խաղում ու իրենց թիմի մեկնարկային կազմի խաղացող են: Մենք  նշել ենք, որ հավաքականի դռները բաց են բոլոր ֆուտբոլիստների առաջ: Եթե տեսնենք, որ որևէ մեկը լավ մարզավիճակում է, անպայման կհրավիրենք: Բիչախչյանը լավ ֆուտբոլիստ է, ու մենք շարունակում ենք մեծ հույսեր կապել նրա հետ, բայց այս դիրքում մենք ունենք Մխիթարյան, Սպերցյան, Սելարայան, Վարդանյան: Նույնիսկ Ադամյանը կարող է խաղալ այդ դիրքում և բոլորին չենք կարող հրավիրել հավաքական:

Մրցակցի մասին

-Իսլանդիայի հավաքականը ամբողջովին նվիրվում է խաղին: Նրա որակները երևաց առաջին խաղում: Ամենայն հարգանքով ենք վերաբերվում մրցակցին: Եթե մենք լինենք մեր բարձրության վրա ու մարզական բախտը մեզ հետ լինի, կարող ենք հասնել հաջողության:

Թիմում տիրող մթնոլորտի մասին

Գերազանց մթնոլորտ է տիրում թիմում, և սա մեր ուժեղ կողմերից մեկն է: Մենք հասկանում ենք՝ կան հավաքականներ, որոնք որակապես մեզանից բարձր են, բայց այս ասպեկտում, մեզ ոչ ոք չի կարող հաղթել:

Իսլանդիա–Հայաստան խաղը կկայանա հոկտեմբերի 8–ին և կսկսվի Երևանի ժամանակով 22։45–ին։

armsport.am

Back to top button
Close