Նորություններ

«Մենք ի՞նչ երաշխիքներ ունենք, որ ՀՀ տարածքով ահաբեկիչներ կամ զենք-զինամթերք չի տեղափոխվի»

«Հասկանո՞ւմ է ՀՀ իշխանությունն այդ վտանգների խորությունը, թե ոչ՝ չեմ կարող ասել, բայց այս պարագայում փորձել խաղալ բարի և խաղաղությանը միտվածի դեր՝ նշանակում է գեներացնել վտանգների ավելացումը»

«Հայաստանը տարակուսանք է առաջացնում այդ հաղորդակցության գործընթացներով, որովհետև պատերազմի ժամանակ Նախիջևանի տարածքից քաղաքացիական ինքնաթիռներով հատուկ գրոհայիններ և ահաբեկիչներ էին տեղափոխվում Ադրբեջանի տարածք: Եվ այս պարագայում, երբ մեզ ասում են, որ մենք տարածքը բացել ենք, որովհետև մենք ունենք միջազգային որոշակի պարտավորություններ, այստեղ հարց է առաջանում. մենք ի՞նչ երաշխիքներ ունենք, որ ՀՀ տարածքով ահաբեկիչներ կամ զենք-զինամթերք չի  տեղափոխվի, օրինակ, Նախիջևանից Ադրբեջան:

Կարծում եմ, որ այն պարզաբանումները, որ տվել են իշխանությունները, բավարար  չեն, և իմ հնչեցրած հարցերին պետք է տրվեն հստակ պատասխաններ: Նաև Իրան-Ադրբեջան լարվածության կոնտեքստում անպայման պետք է լրացուցիչ պարզաբանումներ լինեն, որովհետև, ըստ էության, ոչ ադեկվատ իրավիճակի գնահատում էր այս պարագայում Հայաստանի իշխանությունների կողմից»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց 7-րդ գումարման ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

Նրա  խոսքով՝ Հայաստանը, լինելով միջազգային ավիացիոն կազմակերպությունների անդամ, ունի պարտավորություններ, բայց  խնդիրը նրանում է, որ մենք պիտի հասկանանք՝ ինչի համար է հիմա բացվել, ինչ նպատակ է հետապնդում, և ինչպես պետք է այդ ավիափոխադրման բացման հարցը համահունչ լինի առաջին հերթին Իրան-Ադրբեջան լարվածության և ՀՀ կենսական շահերի հետ:

«Սա  միանձնյա որոշում չէ, և կարծում եմ, որ կապված է նաև որոշակի միջազգային պարտավորությունների հետ, բայց որքանո՞վ են այդ պարտավորությունները հիմա համահունչ ստեղծված իրավիճակի հետ:

Ինձ հետաքրքրում է՝ Ադրբեջանի տարածքով հայկական ինքնաթիռներ թռչո՞ւմ են, թե՞ չեն թռչում:

Հայաստանը շատ տարօրինակ կեցվածք է ընդունել և տարօրինակ թեզի է կապվել, այսպես ասած, խաղաղության դարաշրջանի բացման հետ կապված, որը, ըստ էության, շինծու է և վտանգավոր տեսլական է, և այս տեսլականի ներքո փորձում են ցույց տալ, որ իրենք կառուցողական են և չեն ուզում իրավիճակը լարել:

Մենք չպետք է մոռանանք, որ իրավիճակը Հայաստանը չի լարում և վտանգները Հայաստանը չի գեներացնում: Այստեղ դեպի Հայաստանին են վտանգները գեներացվում և բավականին լուրջ: Հասկանո՞ւմ է իշխանությունն այդ վտանգների խորությունը, թե ոչ՝ չեմ կարող ասել, բայց այս պարագայում փորձել խաղալ բարի և խաղաղությանը միտվածի դեր՝ նշանակում է գեներացնել վտանգների ավելացումը դեպի Հայաստան, որովհետև Հայաստանն այդպիսով ցույց է տալիս ոչ թե կառուցողական կեցվածք, այլ ցույց է տալիս իր թուլացած և անողնաշար կեցվածքը:

Իշխանությունները իսպառ հրաժարվում են ընդունել, որ պատերազմը չի  ավարտվել, և այսօր Ադրբեջանը շարունակում է իր ռազմական ներուժի կուտակումները զորավարժությունների կամ ուղղակի կուտակումների տեսքով՝ Արցախի օկուպացված տարածքներում, Նախիջևանում և առհասարակ ՀՀ սահմանների  շուրջ»,- եզրափակեց նախկին պատգամավորը:

Հիշեցնենք՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաստատել է, որ սույն թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան երթուղով թռիչք՝ հաղորդագրությունում նշելով, որ ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանի օդային տարածքների օգտագործումը չի սահմանափակվել քաղաքացիական օդանավերի համար՝ բացառությամբ 44-օրյա պատերազմի ժամանակահատվածի:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close