«Ո՛չ Իրանն է փակել իր օդային տարածքը, ո՛չ էլ Հայաստանը` բացել». Մ. Հարությունյան

«Մի քանի տեղ հանդիպեցի` «հայրենասեր Իրանը փակում է իր օդային տարածքը Ադրբեջանի համար, իսկ թուրքասեր Հայաստանը` բացում» ոճի գրառումներ»։
Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Մովսես Հարությունյանը:
«Ասեմ, որ տվյալ միտքը սխալ է կրկնակի. ո՛չ Իրանն է փակել իր օդային տարածքը, ո՛չ էլ Հայաստանը` բացել։
1.Ասեմ որ, նախ Հայաստանի օդային տարածքը երբեք չի փակվել ադրբեջանական քաղաքացիական ավիափոխադրումների համար։ Հենց Ադրբեջանն է 2013 թվականին իր նախաձեռնությամբ որոշել դադարեցնել Հայաստանի օդային տարածքով ավիափոխադրումները, որպեսզի տնտեսական վնաս հասցնի մեզ, իսկ երեկվանից էլ որոշել է վերսկսել մեր օդով քաղաքացիներ տեղափոխելը։
2.Ադրբեջանի օդային տարածքն էլ իր հերթին փակ չի եղել Հայաստանի ավիաընկերությունների համար, այլ Հայաստանն է հրաժարվել փոխադրումներ կատարել Ադրբեջանի տարածքով։ Նույն հաջողությամբ` մենք էլ կարող ենք, օրինակ, այսօրվանից սկսել օգտվել իրենց օդային տարածքից։
3.Իրանը փակել է միայն ռազմական նշանակության թռիչքների հնարավորությունը, իսկ Ադրբեջանից իրականացվող քաղաքացիական թռիչքների համար օդը շարունակում է բաց մնալ։
- Եթե անգամ ուզենանք էլ` չենք կարող Ադրբեջանին արգելել մեր օդային տարածքով քաղաքացիական նշանակության ավիափոխադրումներ իրականացնել, քանի որ Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիան արգելում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) անդամ-պետություններին խտրական մոտեցում կիրառել իր օդային տարածքի օգտագործման նկատմամբ»,-գրել է Հարությունյանը։