ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Ջիվանին տուն են ուղարկել, բայց չի գնացել, բարձրացել է դիրքեր. ասել է՝ բոլորդ գնում եք, երեխեքը մենակ կմնան»

«Պատերազմի ընթացքում զանգում էինք Ջիվանին, էնքան հանգիստ էր խոսում, որ չէինք էլ մտածում, որ պատերազմի դաշտից է զանգել». այսօր նա կդառնար 30 տարեկան

«Պատերազմի ընթացքում Ջիվանին զանգում էինք. էնքան հանգիստ էր խոսում, որ չէինք էլ մտածում, որ պատերազմի դաշտից է զանգել: Ես որ զանգում էի, իմ զանգը անջատում էր ու ինքն էր հետ զանգում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում արցախյան պատերազմում զոհված սահմանապահ Ջիվան Գրիգորյանի մասին պատմում է նրա մորեղբոր աղջիկը՝ Անի Մարտիրոսյանը:

«Ջիվանը անցած տարի իր 29-ամյակը կռվի դաշտում է նշել, եղել են տարիներ, որ էլի դիրքերում է նշել ծնունդը: Անցած տարի Ջիվանի ծննդյան օրը չկարողացա կապվել. ամբողջ օրը կապ չկար, ուզում էի շնորհավորել ծնունդը, բայց նամակ գրեցի։ Գրեցի, որ սպասում ենք, սպասում ենք անհամբեր իր վերադարձին: Իմ վերջին գրած նամակն էդպես էլ անպատասխան մնաց»,- շարունակում է Անին:

30-ամյա Ջիվան Գրիգորյանը Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղից էր: Շիրակցի հերոսը 2016թ.-ից ծառայում էր ԱԱԾ զորքերում, պատերազմի առաջին իսկ օրերից եղել է Արցախում (Ջրական):

Շիրակցի սահմանապահը սովորել է ԳՊՄԻ ֆիզկուլտուրայի բաժնում, ընտանիքի միակ տղան էր (մեկ քույր ունի):

Անին պատմում է, որ սահմանապահ եղբայրը մի քանի տարի մեկնել է արտերկիր, բայց հետո վերադարձել ու ասել, որ հայրենիքից ապահով տեղ աշխարհում չկա:

Իսկ թե ինչու էր ընտրել զինվորականի ուղին, բացատրել է նրանով, որ հայրենիքի պաշտպանությունը սկսվում է ամուր սահմաններից:

Անին ասում է՝ զինվորականի աշխատանքը Ջիվանի համար կենսակերպի նման մի բան էր դարձել:

«Ջիվանին հենց հարցնում էի ծառայությունից, պատմում էր, որ ամեն ինչ լավ է, ինքը հարմարվող մարդ էր, բողոքել չգիտեր: Չափից դուրս նվիրված էր իր աշխատանքին, պիտի ամեն ինչ անթերի աներ… բնավորությունն էր էդպիսին:

Պատերազմի ընթացքում զանգում էինք. էնքան հանգիստ էր խոսում, որ չէինք էլ մտածում, որ պատերազմի դաշտից է զանգել: Ես որ զանգում էի, իմ զանգը անջատում էր ու ինքն էր հետ զանգում: Ասում էր՝ դուք մի զանգեք, ես կզանգեմ, բայց իմ բնավորությունը գիտեր ու չէր ջղայնանում, ես խախտում էի պայմանավորվածությունը և զանգում:

Մի օր իմացա, որ հիվանդ է, զանգեցի ասացի՝ ո՞նց ես, ի՞նչ կա… ասաց՝ լավ եմ, թեյ եմ խմում, տաք-տաք նստած եմ, ինձ ինչ է եղել որ:

Բնավորությամբ հանգիստ մարդ էր, բայց որ մի բան մտքին դներ, կաներ: Ես իրեն տխուր, ընկճված երբեք չեմ տեսել. ցանկացած բարդ իրավիճակում ժպտում էր ու առաջ անցնում:

Պատերազմը խոր հետք է թողել մեր հոգիներում, և դրա հետևանքները հաղթահարելու, վիշտը վերապրելու, հուսադրվելու և կյանքը վերարժևորելով շարունակելու համար մեզ ամեն դեպքում հենարան է պետք: Հիմա արդեն մեր սերունդն էլ իմացավ ու մաշկի վրա զգաց պատերազմի ծանրությունը ու ամեն օրվա ապրելու գինն ավելի արժևորեց»,- եզրափակեց Անի Մարտիրոսյանը:

Ջիվան Գրիգորյանի հարազատները հոկտեմբերի 20-ից Ջիվանից լուր չեն ունեցել, նոյեմբերի 1-ին իմացել են, որ Ջիվանը մահացել է:

Դեպքը եղել է հերթափոխի ժամանակ, նրան տուն են ուղարկել, սակայն որոշել է տուն չվերադառնալ, նորից բարձրանալ դիրքեր, մինչև կռիվը վերջանա, ասել է՝ բոլորդ գնում եք, երեխեքը մենակ կմնան:

Ջիվան Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close