ՆորություններՔո ձայնը

Ադրբեջանի նախագահի ուղերձում էթնիկ թշնամանքին ավելացրած է կրոնականը

ՄԻՊ աշխատակազմն այս անգամ էլ առանձնացրել է Ադրբեջանի նախագահի ուղերձի էթնիկ ու կրոնական ատելություն, թշնամանք բորբոքելու հատվածները

«Ադրբեջանի նախագահի սեպտեմբերի 27-ի ուղերձում էթնիկ թշնամանքին ավելացրած է կրոնականը, ուղերձը հիմնված է բացահայտ կեղծիքի վրա»:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Ադրբեջանի նախագահը 2021թ. սեպտեմբերի 27-ի հայտարարված «Հիշատակի օրվա» իր ուղերձում բացահայտ բորբոքում է կրոնական թշնամանք՝ էթնիկ ատելությանն ու թշնամանքին զուգահեռ, օգտագործում է կեղծ փաստեր։

Մասնավորապես, ուղերձում բացահայտ կեղծելով փաստերը՝ նա նշում է. «կիսաքանդ մզկիթներում նենգ թշնամին անասուններ՝ կովեր և խոզեր էր պահում ՝ մեզ և ողջ աշխարհի մուսուլմաններին անարգելու համար: Վստահ եմ, որ աշխարհի մուսուլմանները համարժեք պատասխան կտան: Այս խնդրի վերաբերյալ նամակներ եմ ստանում բազմաթիվ մահմեդական երկրներից: Մենք (…) հայկական վայրագությունների, հայկական ֆաշիզմի վերաբերյալ մենք իրազեկում և իրազեկելու ենք ամբողջ աշխարհին: (…) մեր հաղթանակը (…) հաղթանակ է հայկական ֆաշիզմի դեմ»: Այնուհետև, նա խոսում է Հայաստանում հաստատված իբր իսլամաֆոբիայի մասին:

Այս ամենը բացահայտ կեղծիք է, հիմնված է անիրական տվյալների վրա:

Եթե հայերն ունեն իսլամաֆոբիա, բա ինչպե՞ս է ստացվում, որ Երևանի կենտրոնում կա գործող մզկիթ, իսկ Բաքվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին պղծված է՝ վերածված է գրադարանի պահոցի, գմբեթից իջեցված է խաչը, ոչնչացված են գերեզմանաքարերը, որ կային եկեղեցու հարևանությամբ:

Եթե Հայաստանում ու Արցախում կա իսլամաֆոբիա, ապա ինչպե՞ս էին Արցախում կանգուն մնացել ու պահպանվում, օրինակ, Շուշիի Վերին ու Ներքին մզկիթները, հիմնովին վերանորոգվել էին Վերին մզկիթն ու մեդրեսի՝ հոգևոր վարժարանի շենքը, կառուցվել էր պուրակ կամ ինչպե՞ս բացատրել ադրբեջանական զինված ուժերի կողմից վերջին պատերազմից հետո Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց և Կանաչ ժամ եկեղեցիների հրթիռակոծումն ու պղծումը, Արցախում Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ոչնչացումը կամ Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցու պղծումը, հայկական խաչքարերի ոչնչացումը Շուշիում և Հադրութում և այլն: Կամ ինչպե՞ս է ստացվում, որ իսլամ դավանող աշխարհի բազմաթիվ ժողովուրդների հետ հայերն ապրում են՝ որպես բարեկամներ:

Ակնհայտ է, որ իրականում գործ ունենք քրիստոնեության նկատմամբ բացահայտ ատելության ու թշնամանքի հետ:

Ադրբեջանի նախագահի սեպտեմբերի 27-ի ուղերձում ասվում է. «ադրբեջանցիների նկատմամբ ատելությունը այնտեղ [Հայաստանում] հաստատվել է որպես պաշտոնական գաղափարախոսություն»: Այս խոսքերը նույնպես բացահայտ կեղծիք են, հիմնված են հորինված պատմությունների վրա:

Back to top button
Close