ՆորություններՏնտեսական

Տնտեսվարողներն անորոշության մեջ են. աշխատողները չեն շտապում պատվաստվել

Գործատուները նշում են, որ իրավունք չունեն աշխատողներին ստիպել պատվաստվել, աշխատանքից ազատել էլ չեն կարող, այդ մասին աշխատանքային պայմանագրում դրույթ չկա

Շիրակի մարզում եւս քաղաքացիները չեն շտապում պատվաստվել: Մարզում պատվաստման ցուցանիշը մոտ 20 տոկոսի է հասնում: Պարտադրանքը թեև պետական մակարդակով է, ու ՊՇՌ թեստ չներկայացնելու դեպքում գործատուն տուգանվելու է, աշխատող քաղաքացիների մեծ մասը դեռ չի շտապում պատվաստվել: Գործատուներն էլ ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել են, որ իրենք չեն կարող աշխատողին պարտադրել:

Հոկտեմբերի 1-ից բոլոր տնտեսվարողների համար ուժի մեջ է մտել աշխատակիցների կողմից 2 շաբաթը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու պահանջը. բացառություն են կազմում պատվաստված քաղաքացիները, հղիները կամ հստակ հակացուցումներ ունեցողները:

Կարեն Գոմցյան

Առայժմ անորոշության մեջ սպասում են բոլորը, նրանց թվում է նաև Շիրակի մարզի արտադրական խոշոր ընկերություններից մեկի՝ «Լենտեքս»-ի տնօրեն Կարեն Գոմցյանը: «Լենտեքս» ընկերությունն արտադրում է գուլպաներ, զուգագուլպաներ, մանկական կիսագուլպաներ և այլն, 400-ից ավելի աշխատող ունի: Տնօրենի խոսքերով՝ իր նախաձեռնությամբ պատվաստում իրականացնող շրջիկ կայանները 2 անգամ եղել են ձեռնարկությունում, պատվաստել են ցանկացողներին, բայց պատվաստման 100 տոկոսանոց ցուցանիշ դեռ չի ապահովվել: Աշխատողների մոտ 70 տոկոսն է այժմ պատվաստված:

Տնօրենն ասում է՝ ինքը իրավունք չունի ստիպել աշխատողներին, որ պատվաստվեն, աշխատանքից ազատել էլ չի կարող, այդ մասին աշխատանքային պայմանագրում դրույթ չկա: Ասում է՝ հո արտադրությունը չեն կանգնեցնելու: Կարեն Գոմցյանը դրական է վերաբերվում պատվաստման պահանջին, բայց պատիժը, ասում է, մեղմել է պետք՝ վարչական տուգանքներ կիրառելու գործընթացը դեռ պետք է սպասի:

ՊՇՌ թեստավորումը գտնում է, որ պետք է անվճար լինի, որովհետև մարդիկ կան, որ պատվաստման համար հակացուցումներ ունեն, ու եթե նրանց թեստավորումը պարտադիր է, ուրեմն դա չպետք է վճարովի լինի: Այս հարցերը պատասխաններ են պահանջում, որոնք չկան: Ընկերությունը աշխատանքը չի դադարեցնի, անորոշության մեջ դեռ կսպասի:

Պարտադիր թեստավորման պահանջին դրական է վերաբերվում նաև Շիրակի մարզի թեթև արդյունաբերական մյուս խոշոր ընկերության ղեկավարը: Գեւորգ Գասպարյանը Գյումրիում և Մարալիկում գործող 2 արտադրություն է ղեկավարում. մեկը՝ մանվածքային, մյուսը՝ տրիկոտաժի: Ասում է՝ Գյումրիում աշխատողների գրեթե 100 տոկոսը պատվաստվել է, հակառակ պատկերն է, սակայն, Մարալիկում: 35 աշխատողից հազիվ 3-4-ն են պատվաստվել, մյուսները, ըստ տնօրենի, ամենատարբեր, նույնիսկ անհեթեթ պատճառաբանություններով հրաժարվում են պատվաստումից:

Գեւորգ Գասպարյան

Գեւորգ Գասպարյանն ասում է, որ ինքը պատվաստվել է, դրանից հետո վարակվել է կորոնավիրուսով ու հիվանդությունը բավական թեթև տարել: Օրինակ է բերում իր ընտանիքից, ասում է՝ փեսան հրաժարվել է պատվաստվել, վարակվել է կորոնավիրուսով ու մահացել: Գեւորգ Գասպարյանի մյուս օրինակն էլ մարդկության մյուս վարակների հաղթահարման մասին է: Ասում է՝ ինչ կլիներ աշխարհի վիճակը, եթե ժամանակին տիֆի ու խոլերայի դեմ պատվաստումներ չլինեին: Համոզված է, որ պիտի համակեցության կանոններին ենթարկվենք, որ տնտեսությունը զարգանա, մարդկանց քմահաճույքներով առաջնորդվելու դեպքում անվտանգության հետ կապված խնդիրներ կունենանք: Ասում է՝ անցած տարի իր ղեկավարած արտադրությունները ամիսներով հարկադիր պարապուրդում էին քովիդի պատճառով: Պատվերները կային, բայց չաշխատեցին, լուրջ վնաս կրեցին, ինչում, ասում է, պատվիրատուն մեղավոր չէր, բայց պատվերները ժամանակին չկարողացան կատարել:

Գեւորգ Գասպարյանն ավելացնում է. «Աշխարհում 4 մլրդ մարդ է պատվաստվել, ու մի՞թե մենք նրանցից ավելի տաղանդավոր ենք, որ առանց ապացույցների ասում ենք, որ պատվաստանյութը վնասակար է:

Հիմա նույն պատմությունը կրկնել, ասում է, չի կարելի, քանի որ արտադրական ցիկլից կընկնեն: Առանց այդ էլ հիմա, ըստ տնօրենի, անձրևային սեզոնն է սկսվել, ու հոսանքանջատումների հաճախակիության պատճառով գործարաններում պարապուրդ է սկսվել, ու առանց այդ էլ վնասներ կրելու են: Ըստ Գեւորգ Գասպարյանի՝ իրենք աշխատողներին շարունակելու են բացատրել պատվաստման կարևորության մասին, բայց եթե նրանք չհամաձայնեն պատվաստվել, ապա, ըստ տնօրենի, ընկերությունը նրանց փոխարեն տուգանքների հաստատ չի գնա:

Կարինե Կազարովա

Back to top button
Close