ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Շատերն ինձ որ տեսնում են, խոնարհվում են և ձեռքս են համբուրում. չգիտեմ՝ դա ինչ զգացողություն է». հերոսի մայր

«Չգիտեմ՝ դա ինչ զգացողություն է, չգիտեմ՝ ինչ եմ զգում հերոսի մայր լինելով: Գուցե հպարտությո՞ւն, բայց երբ կան մարդիկ, որ նույնիսկ քեզ չեն նկատում, ցավդ ավելի է ուժեղանում»

«Կան տեղեր, երբ այդտեղ եմ լինում, մարդիկ գնահատում են, որ հերոսի մայր եմ: Շատերն ինձ որ տեսնում են, խոնարհվում են և ձեռքս են համբուրում: Չգիտեմ՝ դա ինչ զգացողություն է, չգիտեմ՝ ինչ եմ զգում հերոսի մայր լինելով»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Էրիկ Սարգսյանի մայրը՝ Մարինե Մուրադյանը

«Էրիկս երեք տարի ուշ գնաց բանակ, սեպտեմբերի 26-ին լրանում էր ծառայության 1 տարի 2 ամիսը: Էրիկիս հետ խոսեցի, ասացի՝ տղես, այսօր ամսի 26-ն է, քեզ մնաց 10 ամիս, ու տուն կգաս: Ասաց՝ մամ, մի ասա տասը ամիս, ասա 9 ամիս 29 օր է մնացել: Եղնիկներում էր ծառայում, չէր դժգոհում ծառայությունից, ասում էր՝ պոստերում ավելի լավ է, կուզեի միշտ պոստերում անցներ ծառայությունս: Էրիկս դիմանում էր ամեն դժվարության, հարմարվող էր: Մեզ նեղություն չի տվել… ասում էր՝ մամ ջան, էստեղ ամեն ինչ էլ մեզ տալիս են, ամեն ինչ էլ ուտում ենք:

Էրիկիս չէր թույլատրվում շատ վազել, շատ քայլել… ասում էի՝ Էրիկ ջան, դու ասա, որ քեզ շատ  չքայլեցնեն, ախր քեզ չի կարելի: Ինքը ոչինչ էլ չէր ասում, բոլորին հավասար անում էր ամեն ինչ:

հերոսի մայրՆույնիսկ  մի հատ մեծ զենք էին տվել, ասում էի՝ տղա ջան, դու դրանով կարո՞ղ ես կրակել, զգույշ կլինես, բալես: Ասում էր՝ հա, մամ ջան, գնում եմ, որ սովորեմ, դու չմտածես: Ասում էր՝ շատ լավ եմ, մամ ջան, հավատա՝ ձեզնից էլ լավ… ջղայնանում էի, ասում էի՝ Էրիկ, այդպես մի՛ ասա, դու քեզ աչքով կտաս, ուղղակի ասա, որ նորմալ է ամեն ինչ»,- հիշում է Մարինե Մուրադյանը:

Գնդացրորդ Էրիկ Արմենի Սարգսյանը ծնվել է 1998թ. Երևանում, 2019թ.-ին զորակոչվել է բանակ, ծառայել «Եղնիկներ» զորամասում:

Ժամկետային զինծառայողը սեպտեմբերի 27-ից կռվել է Արցախի համար մղվող մարտերում: Զոհվել է պատերազմի 3-րդ օրը՝ սեպտեմբերի 29-ին: Ժամկետային զինծառայողի մարմինը հայտնաբերվել է զոհվելուց 23 օր անց:

Տիկին Մարինեն պատմում է՝ որդին շատ նպատակներ ուներ, որոնք կորսվեց:

«Էրիկս պոլիտեխնիկում էր սովորում, ասում էի՝ կգաս կշարունակես, մի լավ գործ կգտնես:

հերոսի մայրԿյանքը պատերազմից հետո կարծես կանգ է առել, ապրում ենք դատարկության մեջ… հրաշքի եմ սպասում, որ գոնե մի պահ ժամանակը հետ գա:

Կան տեղեր, երբ այդտեղ եմ լինում, մարդիկ գնահատում են, որ հերոսի մայր եմ: Շատերն ինձ որ տեսնում են, խոնարհվում են և ձեռքս են համբուրում: Չգիտեմ՝ դա ինչ զգացողություն է, չգիտեմ՝ ինչ եմ զգում հերոսի մայր լինելով: Գուցե հպարտությո՞ւն, բայց երբ կան մարդիկ, որ նույնիսկ քեզ չեն նկատում, կարող են, բայց չեն անում, էդ ժամանակ ցավդ ավելի է ուժեղանում, ափսոսում ես, որ մեր երեխեքը նաև էդպիսի մարդկանց համար են իրենց կյանքը տվել»:

Արցախյան պատերազմում զոհված հերոսի մայրն ասում է, որ որդու հետ վերջին անգամ սեպտեմբերի 26-ին է խոսել.

«Ասաց՝ երեկ եմ իջել  պոստերից, բայց նորից հանում են պոստեր… լավ, մամ, վաղը կզանգեմ, էստեղ վիճակը, ասում են, խառն է… ու էլ ոչ մի  լուր չունեինք:

Մենք մեր ծանոթներով գտանք Էրիկի հրամանատարներին, հարցնում էինք՝ Էրիկը որտե՞ղ է, ո՞նց է: Մեզ ասում էին, որ շատ լավ է, հենց հիմա պոստերում է: Մեր արծիվ Էրիկը պոստերում է, մի՛ մտածեք, ամեն ինչ լավ է, ուղղակի կապ չկա, որ զանգի:

Մինչև վերջին օրը նույնիսկ Պաշտպանության նախարարությունը մեզ ոչինչ չի ասել,  իմ մեծ տղան, կասկածելով ինչ-որ բան, սկսել է փնտրել ու գտել է մորգից՝ փաստաթղթի նկարով են ցույց տվել, էդպես ճանաչել է: Հոկտեմբերի 22-ին էր…»,- եզրափակեց արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Էրիկ Սարգսյանի մայրը՝ Մարինե Մուրադյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close