Մեկնաբանություն

Սերժ Սարգսյանի պարտավորություններն ու ոստիկանապետության վտանգը

Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի անակնկալ պաշտոնանկությունից հետո մամուլում և հանրային տարբեր շրջանակներում բուռն քննարկումներ ու մեկնաբանություններ սկսեցին շրջանառվել, որոնք, կարծես թե, ձեռնտու են բոլոր կողմերին, սակայն եթե նայենք մինչ պաշտոնանկությունը Ներսիկ Նազարյանի ծավալած գործունեությանն ու վարքագծին, ապա նրա պաշտոնանկությունից հետո ստեղծված իրավիճակին, կհայտնվենք շատ ավելի խորքային իրադարձությունների առջև: Ներսիկ Նազարյանը, բացի կադրային ոստիկան լինելուց, համակարգում ներկայանում էր որպես ինքնուրույն բևեռ, որն ունի լուրջ քաղաքական կշիռ, հաճախ նաև դերակատարություն: Թերևս նման դիրքն էր հիմնականում պատճառ հանդիսանում, որ Ներսիկ Նազարյանը բավական լուրջ տարաձայնություններ ունենար նաև Ալիկ Սարգսյանի հետ: Վերջինիս պաշտոնանկությունից հետո Ներսիկ Նազարյանը փաստացի ավելի ուժեղացրեց իր դիրքերը որպես ուժային բևեռ, սակայն այստեղ Վովա Գասպարյան գործիչն ու անհատը հեշտությամբ չէր համակերպվելու իր ղեկավարած համակարգում երկրորդ բևեռի առկայության հետ:

Երկրորդ բևեռի առկայությունը ոստիկանությունում և ընդհանրապես, գրեթե բոլոր ուժային կառույցներում լայն հնարավորություն է տրամադրում քաղաքական իշխանությանն ու մասնավորապես նախագահին՝ հնարավորինս նվազեցնելու կախվածության աստիճանը ուժայիններից: Գաղտնիք չէ, որ հայաստանյան իշխանությունների լեգիտիմության խորը պակասի պայմաններում այդ իշխանության կենսունակության գլխավոր երաշխավորը դառնում են ուժային մարմինները, ինչի արդյունքում էլ վերջիններս ձեռք են բերում որոշակի քաղաքական կշիռ:

Նման պայմաններում Սերժ Սարգսյանին, կարելի է ասել, ձեռնտու էր ոստիկանությունում ունենալ երկու հենարան, որոնց մրցակցության հիման վրա կնվազեր իր կախվածությունը ուժայիններից: Եվ զարմանալի չէր, որ Վովա Գասպարյանի նշանակումից հետո էլ Ներսիկ Նազարյանը կրկին մրցակցողի դերում էր: Ապրիլի 9-ի իրադարձությունները, սակայն, դարձան այդ մրցակցության գագաթնակետը, որտեղ  Վովա Գասպարյանը, լինելով փորձառու գործիչ և ինտրիգների վարպետ, կարողացավ ի շահ իրեն օգտագործել Ներսիկ Նազարյանի պահվածքն ու իր ձեռքը վերցնել իրավիճակի վերահսկողությունը: Ներկայումս դժվար է հստակորեն ասել, թե արդյո՞ք Ներսիկ Նազարյանի վարքը պայմանավորված էր միայն Վովա Գասպարյանի գործունեությունը սնանկ դարձնելու նպատակով, թե՞ հետապնդում էր որոշակի քաղաքական շրջանակների շահերը, սակայն փաստն այն է, որ իրավիճակի անկառավարելիությունը հարվածելու էր և՛ Վովա Գասպարյանին, և, բնականաբար, Սերժ Սարգսյանին: Սակայն Վովա Գասպարյանը, ետին պլան մղելով Ն.Նազարյանին և օգտվելով Րաֆֆի Հովհաննիսյանի ոչ ադեկվատ վարքագծից, վարչակարգին նպատակահարմար ուղիով տարավ  իրադարձությունների հետագա զարգացումը՝ արդյունքում ապահովելով Սերժ Սարգսյանի համար գրեթե սահուն երդմնակալություն, այլ հարց է, որ այդ երդմնակալությունը իրականացավ ոստիկանության հովանավորությամբ և ոստիկանական բարիկադների ետևում:

Սերժ Սարգսյանին մատուցած այս «ծառայությունը» դարձավ Վովա Գասպարյանի հաղթաթուղթը, որը նա խաղարկեց՝ չեզոքացնելով Ներսիկ Նազարյանին: Ինչ վերաբերում է Աշոտ Կարապետյանի նշանակմանը, ապա վերջինս, կարծում ենք, ավելի շատ կոմպրոմիսային տարբերակ է Սերժ Սարգսյանի համար և չնայած ընդդիմությանը խոշտանգողի իր համբավին, դժվար թե նա մոտ ապագայում կարողանա դառնալ լուրջ մրցակից  համակարգում բավական լուրջ լծակների տիրապետող Վովա Գասպարյանի համար: Արդյունքում՝ ներկայումս մենք ունենք խիստ կենտրոնացված ոստիկանություն, որը մեծագույն վտանգ կարող է դառնալ հայաստանյան քաղաքական համակարգի համար: Ուժայինների մատուցած ծառայությունները մշտապես ունեն իրենց գինը, ներկայումս այդ գինը, սակայն, շատ ավելի թանկ է, քան Ներսիկ Նազարյանի պաշտոնանկությունը, քանի որ Սերժ Սարգսյանն իր պաշտոնի սահուն ստանձնման համար ուղղակիորեն պարտական է  դառնում Վովա Գասպարյանին:

Նման կախվածության պայմաններում առարկայական կերպով առաջանում է ոստիկանապետության ձևավորման վտանգ, երբ իշխանության քաղաքական և սոցիալական հենարանը դառնում է ոստիկանությունը: Նմանօրինակ սցենարի դեպքում հայաստանյան ոչ բարվոք վիճակում գտնվող քաղաքական համակարգը կարող է մեկ կամ մի քանի քայլ հետընթաց արձանագրել ներկա իրավիճակից:

 

Աղասի Մարգարյան

Back to top button