Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Ներկայացվել է Քրիստինա Օգանեզզի «Սուրբ Հոգու թռչունը» արտ նախագիծը

Թռչնատառեր, թռչնաթվեր, աստվածաշնչյան խոսքեր և արգելված պտուղ․ Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ նկարչուհի Քրիստինա Օգանեզզի (Kristina Oganezz) «Սուրբ Հոգու թռչունը» արտ նախագծի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին պաշտոնատար հյուրեր, արվեստագետներ, արվեստասերներ։

Միջոցառման մեկնարկին ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը շնորհավորեց Քրիստինա Օգանեզզին՝ նախագծի կապակցությամբ։ Նա շեշտեց, որ բոլորիս համար մի բան հստակ է, որ մեզ անհրաժեշտ է Աստծո օրհնությունը։

Քրիստինա Օգանեզզը շեշտեց՝ «Սուրբ Հոգու թռչունն» իր բնույթով յուրատեսակ ցուցահանդես-քարոզ է, ինչն էլ ավելի յուրահատուկ է դարձնում այս իրադարձությունը: Իր տեսակով բացառիկ այս նախագիծը նպատակ ունի խթանել, որ յուրաքանչյուր քրիստոնյա ճանաչի Աստծուն Աստվածաշնչի միջոցով և Նոր Կտակարանը դարձնի իր սեղանի գիրքը՝ ընթերցելով, սերտելով ու հավատով լցվելով առ Աստված։

Քրիստինա Օգանեզզն իր խոսքում նշեց, որ նախագծի գաղափարը ծնվել է երկու տարի առաջ։ «Մի օր Աստծուն հարցրեցի. «Ի՞նչ ես ուզում, որ ես անեմ Քեզ համար: Ինչպե՞ս կարող եմ ծառայել Քեզ ինձ շնորհված տաղանդով»: Եվ եկավ այս միտքը, որ ես պատկերեմ կտակարանի խոսքերը։ Գաղափարն այն է, որ սև կտավի վրա ոսկե թռչնատառերով նկարել եմ միայն Աստվածաշնչի գլուխների և տողերի անվանումները: Եվ նպատակն է, որ մարդիկ հետաքրքրվեն՝ իսկ ինչ է այդ տողերի տակ։ Նախագծի շրջանակում ստեղծել եմ թռչնատառեր, որոնց հեղինակը հենց ես եմ»,-ասաց Քրիստինա Օգանեզզը։ Նկարչուհին հավելեց՝ նախագծի գլխավոր նպատակն է հիշեցնել բոլորին,  որ ամենագլխավորը իրար սիրելն է և հիշել, որ Աստված մեզ շատ սիրում է։

Նա նշեց՝ հուսով է, որ այս ցուցահանդեսը ճանապարհորդելու է բազում քաղաքներով, երկրներով, և մարդիկ հիշելու են, հավատալու են, սիրելու են միմյանց։

Միջոցառման ընթացքում ներկաները ականատես եղան 7 կտավների․ յոթ թիվն Աստվածաշնչում յուրահատուկ խորհուրդ ունի, քանի որ Աստծո սիրելի թիվն էր։ Իսկ դահլիճի կենտրոնում տեղադրված էր «Թաքնված մեղքը» խորագրով գեղարվեստական ​​ինստալացիան․ տեղադրված էր ոսկե ծառ՝ փարթամ պսակով և արմատներով՝ խորհրդանշելով բարու և չարի իմացության ծառը: Արմատները խորհրդանշում են մեր երկրային ծագումը, իսկ պսակը ձգվում է դեպի լույսը՝ դեպի Արարիչը:

Ամբողջ ցուցասրահում տեղակայված էին սև խնձորներ՝ խորհրդանշելով մարդկանց կերած արգելված պտուղը և գայթակղությունը, որը հանգեցրեց անկման։ Դրանց վրա նշված էին մահացու մեղքերը։

Նշենք, որ ցուցահանդեսը կտևի մինչև սեպտեմբերի 3-ը։ «Սուրբ Հոգու թռչունը» արտ նախագծի համադրողն է հայտնի արտ համադրող, արվեստի քննադատ Ջուզեպե Ուսանի դ՛Էսկոբարը:

Հայաստանում ծնված նկարչուհի Քրիստինա Օգանեզզն արվեստի աշխարհ մուտք գործեց ընդամենը 3 տարեկանում՝ հաճախելով Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն։ Որպես տաղանդավոր երեխա՝ մանուկ հասակում մասնակցել է բազում ցուցահանդեսների։

Դեռահասության շրջանում շարունակել է նկարել, այնուհետև նաև սովորել գրաֆիկ դիզայն և լուսանկարչություն։ Արվեստի մասնավոր դասեր է վերցրել հայ հայտնի արվեստագետներից՝ էլ ավելի կատարելագործելու սեփական նկարչական հմտությունները։ Հայ նկարիչը նաև լեզվաբանի և տնտեսագետի կրթություն  ունի։

Քրիստինա Օգանեզզն Արվեստագետների միջազգային միության (Էստոնիա) անդամ է, նաև Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ:

Հայ արվեստագետը հանդես է եկել անհատական և խմբակային ցուցահանդեսներով Հայաստանում և երկրի սահմաններից դուրս:

Նրա աշխատանքները զետեղված են անձնական, պետական և թանգարանային հավաքածուներում: Մասնավորապես՝ Օգանեզզի գործերից կարելի է գտնել Երևանի պատմության թանգարանում:

2020 թ. Օգանեզզը Միլանում (Իտալիա) արժանացել է Ֆրիդա Կալոյի անվան մրցանակի՝ Շառլ Ազնավուրի դիմանկարի համար:

Back to top button
Close