Նորություններ

Խաղաղության մասին Երևանի խոսակցությունների բնույթն ու բովանդակությունը ոչ այլ ինչ են, քան պարտության վերաարձանագրում՝ բոլոր դաշտերում. Հայկ Դեմոյան

Սկիզբը՝ այստեղ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հայ-թուրքական թնջուկի հանգուցալուծման սցենարը կարող է լինել ուժային կենտրոնների միջև փոխհամաձայնությունների արդյունք, որոնցից մեկը հենց Արցախում ստատուս քվոյի կտրուկ փոփոխությունն էր…

«Հիշենք Բոլթոնի մեսիջը՝ պատմությունից չկառչելու առումով։ Թե որ պատմությունը նա նկատի ուներ, դժվար չէր հասկանալ..․ Հիշենք՝ ներկա իշխանությունների առաջին ու լրջագույն սկանդալային քայլերից մեկը Ծիծեռնակաբերդի շուրջ խժդժություններն էին ու իրենց համար ցանկալի անձի տեղավորումը այնտեղ՝ ի դեմս ներկայիս տնօրենի, ով չի էլ թաքցնում իր նոր առաքելությունը մեր հիշողությունը վերախմբագրելու առումով։ Ծիծեռնակաբերդը որպես հարթակ չեզոքացնելն ու ցեղասպանության մասին լռելը ներկա կառավարիչների այցեքարտերից մեկն է: Ուշագրավ է, որ այստեղ կան ոչ միայն հայաստանյան, այլ նաև սփյուռքահայ խաղացողներ, որոնք շատերի համար տեսանելի չեն: Ակնհայտ է, որ կան մարդկանց շրջանակներ սփյուռքում, որոնք մաս են կազմում այս գլոբալ օպերացիային և սպասարկում են դրա իրականացմանը»:

Գորիս-Կապան ճանապարհը ՀՀ իշխանությունները բացահայտ համարում են ադրբեջանական տարածք: Այսօր այդ հատվածում Իրանի համար լուրջ պրոբլեմներ են ստեղծվել: Հարցադրմանը, թե հնարավո՞ր է թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանին ներքաշի Իրանի դեմ տեղի ունեցող պրոցեսների մեջ, Հայկ Դեմոյանն արձագանքեց.

«Հայաստանին կարող են փորձել ներքաշել, բայց ո՞վ կարող է լինել այդ ներքաշող կողմը: Թուրքիա՞ն: Բայց չեմ կարծում, որ մենք կգնանք ինչ-որ առևտրի, որ հայ-թուրքական սահմանը բացելու գինը լինի Իրանի դեմ որևէ գործողության մասնակցելը: Ադրբեջանին նույնպես բացառում եմ: Ռուսաստանի պարագայում էլ չեմ տեսնում այն հավանականությունը, որ Իրանի դեմ մասնակցի մի գործողության, որն արևմտյան ծրագիր է՝ Իրանը թուլացնելու և Իրանում քաղաքական ռեժիմի փոփոխության հասնելու: Այլ բան է, որ Հայաստանին որոշակի սցենարների պարագայում կարող են ներքաշել շրջափակման գործողության մեջ:

Եթե Իրանի դեմ լայնածավալ պատերազմ սկսվի, որի արդյունքում տեղի կունենա հումանիտար ճգնաժամ, այդ պարագայում ոչ թե ռազմական գործողությունների մեջ կփորձեն ներքաշել, այլ համալիր մի գործողության, որը կարող է հանգեցնել Իրանի մասնակի կամ լիակատար շրջափակմանը:

Հիմա Իրանը շատ լավ գիտակցում է իրեն սպառնացող վտանգները և շատ լավ հասկանում է՝ ինչու տեղի ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմը, և որը կարող է լինել դրա հնարավոր շարունակությունը: Հիմա Իրանը «մկաններն» է ցույց տալիս, թե ինչ կարող է անել, եթե Ադրբեջանն օգտագործվի որպես տարածք՝ Իրանի դեմ գործողություններում:

Իրանը ի զորու է լավ դաս տալու Ադրբեջանին, որ իր հետ խաղ խաղալը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ, և դա կանի առանց աչք թարթելու, որովհետև ադրբեջանա-թուրքական նկրտումները՝ հյուսիսային Իրանի նկատմամբ, ինչպես նաև միջազգային ահաբեկչական ու ծայրահեղական կազմակերպությունների անդամներին Իրանի հետ սահմանակից գոտում ռազմական գործողություններում ներգրավելը, մեղմ ասած, անընդհատ անհանգստացնում են Թեհրանին»:

Հայկ Դեմոյանը նաև հիշեցնում է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի զինուժը թուլացած է: Այս երկիրն ունի մարդկային և զինտեխնիկայի ահռելի կորուստ՝ հատկապես հարձակողական ներուժի թուլացման տեսքով:

«Ալիևը չի էլ թաքցնում, որ զինանոցը դատարկ է. հրթիռների, արկերի, ԱԹՍ-ների լուրջ պակաս կա, որը դեռ չի համալրվել պատերազմից հետո: Մեկ տարի առաջ բոլոր ռեսուրսները դրվեցին՝ գերագույն նպատակին հասնելու համար: Մենք ունենք մեր կարծիքը՝ ինչու վերջնափուլում տեղի ունեցավ նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Իմ խորին համոզմամբ, նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ թե հայկական ստորաբաժանումների շրջափակման խնդիր էր, որը արհեստականորեն շրջանառվեց, այլ ուղղակի ստեղծված իրավիճակում Ադրբեջանի անհամեմատելի կորուստների պարագայում պատերազմը երկարատև էր դառնալու, ինչը չէր բխում որևէ կողմի, մեծ խաղացողների շահերից: Դա տեղի կունենար պարտիզանական պայքարի, ջլատող պատերազմի տեսքով, իսկ ադրբեջանական կողմն արդեն չուներ ռեսուրս՝ շարունակելու հյուծիչ պատերազմը»:

Թուրքիան և Ադրբեջանը նոյեմբերի 9-ից հետո պարբերաբար խոսում են խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին: Հայաստանը կկնքի՞ պայմանագիր, և դա ի՞նչ գին կունենա: Անդրադառնալով այս հարցադրմանը՝ Հայկ Դեմոյանը նշեց.

«Շատ կարևոր բան արձանագրենք: Չափազանց դրական բան է, չէ՞, խաղաղություն հաստատելը: Բայց կա մի իրավիճակ, երբ մենք ունենք ռազմագերիներ, փախստականներ Արցախից, ունենք ռազմամոլ հռետորաբանություն Ադրբեջանի կողմից, Հայաստանի և Արցախի դեմ թելադրանքի լեզվով խոսող Ադրբեջան, որը պատերազմից հետո արագորեն իր զինանոցն է համալրում:

Հասկանալի է, որ դա առաջին հերթին հայկական կողմի հանդեպ ճնշումներ գործադրելու համար է: Այս պարագայում, երբ կա անհամեմատելի դիսբալանս, այսինքն, հաշվեկշիռն այնքան է թեքված, որ այստեղ խոսել հավասարը հավասարի հետ հաշտության, բարեկամության կամ ինչ-որ համաձայնագրի մասին, անիմաստ է…

Այդպիսի համաձայնագրեր պատմությունը շատ ունի: Օրինակ՝ Կոմպյենի անտառում 1940թ.-ին նույն այդ վագոնի մեջ, որտեղ 1918 թվականին Գերմանիան ստորագրեց իր կապիտուլյացիան, գերմանացիները հանեցին այդ վագոնը թանգարանից և պարտադրեցին, որ այդ վագոնի մեջ ստորագրի պարտված Ֆրանսիան ներկայացնող գեներալը: Հիմա Ալիևը այդ պայմանագրի ստորագրումը կփորձի Շուշիում կազմակերպել: Այս դեպքում խոսել հաշտության պայմանագրի մասին կամ մեր կողմից արված «զոհաբերությունները», «դրական ազդակները», դեմարկացիա, դելիմիտացիա, գյուղերը ադրբեջանական անուններով անվանակոչելը մի կարևոր հանգուցակետի ու հարցադրման է տանում. մենք ունենալո՞ւ ենք մի մեկնակետ, որտեղից շուռ ենք գալու և ցույց ենք տալու մեր ուժը և հակադրվելու ունակությունը:

Եթե դու այդ ուժը ցույց չես տալիս, եթե հագել ես պարտվածի, ծեծվածի շապիկը, վաղը դու խնդիրներ կունենաս և՛ միջպետական հարաբերություններում, և՛ երկու երկրների քաղաքացիների շփման մակարդակում: Որովհետև Ադրբեջանի քաղաքացին, Հայաստան գալով, իրեն պահելու է հաղթողի ձևով: Այլ երկրներում էլ որ հայի տեսնի, իրեն նույն կերպ է պահելու: Այնպես, ինչպես մենք էինք մեզ պահում իրենց հանդեպ, որն իրենց մոտ ագրեսիա էր առաջացնում:

Այս հոգեբանական դիսբալանսը անհապաղ հարկավոր է վերացնել, մնացածը դեռ չեմ ասում… Ներկա իշխանություններն ունե՞ն բաղադրատոմս վերականգնելու հոգեբանական դիսբալանսը, որը կա միջպետական հարաբերություններում և միջանձնային հարաբերությունների մակարդակում: Հո ադրբեջանցիները չեն գալու մեզ համբուրեն, ասեն՝ ա՜յ, ինչ լավ է, հիմա խաղաղություն է, եղբայր «քարդաշներ» ենք: Ինքը փորձելու է ճնշում գործադրել, և չեմ բացառում, որ լուրջ խնդիրներ կարող են առաջանալ, սաֆարովների շարքի կարող ենք բախվել:

Կամ եթե մենք գնանք Ադրբեջան, ո՞նց է լինելու. սաֆարովներ կարող են լինել և՛ այստեղ, և՛ այնտեղ:

Սա ես պատահական չեմ ասում: Էթնոհոգեբանական ուսումնասիրություններ կատարել եմ և շատ լավ գիտեմ՝ ինչ պարագայում ինչ կարող է լինել: Տվյալ դեպքում, հայկական կողմի, ռազմաքաղաքական ղեկավարության թիվ մեկ խնդիրը, ով էլ որ լինի, հոգեբանական դիսբալանսի շեշտակի ուղղումն է, որը շեշտակիորեն շեղված է հիմա:

Տարբեր միջոցներ կան դա անելու համար, դա պետք է մտածեն, որովհետև կա ազգային անվտանգության հայեցակարգ, ռազմական դոկտրին, թող գնան կարդան՝ դա ինչ է նշանակում: Իսկ խաղաղության մասին Երևանի խոսակցությունները ոչ այլ ինչ են, քան պարտության վերաարձանագրում՝ բոլոր դաշտերում՝ ռազմականից սկսած, հոգեբանականից վերջացրած»:

Արմենուհի Վարդանյան

Back to top button