ՆորություններՔո ձայնը

«Ադրբեջանը կանգնած է մի շարք մարտահրավերների առջև, որոնք հաջորդել են էյֆորիայի ավարտին»

Ադրբեջանը ներքին լարման կետեր ունի՝ հատկապես շիա իսլամի այնպիսի պատվարներ հանդիսացող շրջաններում, ինչպիսին Բաքվից դուրս Ապշերոնն է կամ Թալիշստանը

«Չնայած Բաքվի բռնապետի հոխորտանքներին և սանձարձակ հռետորաբանությանը, Ադրբեջանը կանգնած է մի շարք մարտահրավերների առջև, որոնք անմիջապես հաջորդել են այս երկիրը պատած էյֆորիայի ավարտին»։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Ակնհայտ է, որ, ի դեմս Թուրքիայի և Պակիստանի, այսպես կոչված, իխվանական («Մահմեդական եղբայրների») համասուննիական առանցքի ռազմաքաղաքական ազդեցության հսկայական աճն ավանդաբար շիայական բնակչությամբ երկիր Ադրբեջանում առաջ է բերել ներքին լարման կետերր՝ հատկապես շիա իսլամի այնպիսի պատվարներ հանդիսացող շրջաններում, ինչպիսին Բաքվից դուրս Ապշերոնն է կամ Թալիշստանը՝ հանգեցնելով նաև բնակչության թուրքամետ և իրանամետ հատվածների միջև բեկվածքների մեծացմանը։

Դրան նպաստում է նաև Իրանի բավական ակտիվ արտաքին ճնշումը Բաքվի բռնապետի վրա, որն իրականցվում է «մտրակի ու քաղցրաբլիթի» քաղաքականությամբ և շատ հստակ դերաբաշխմամբ։

Գրեթե նույնանման քաղաքականությամբ Ադրբեջանի վրա ճնշումը մեծացրել է նաև Ռուսաստանը, որը չնայած այս երկրից ներս չունի համակիր կամ աջակից բնակչության զգալի խմբեր, սակայն ի դեմս Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի ( ռազմակայանի), տիրապետում է ազդեցության գործուն և լրջագույն լծակի։

Որքան էլ պարադոքսալ թվա, սակայն թուրքական գրեթե անսահմանափակ ազդեցությունը և Ադրբեջանի ինքնիշխանության որոշակի կորուստը չի կարող խանդավառություն առաջ բերել Բաքվի բռնապետի մեկ այլ աջակցի՝ Իսրայելի քաղաքական ղեկավարության շրջանում, որն իր ազդեցության պահպանման համար արդեն լրջորեն ստիպված է մրցակցել էրդողանական վարչախմբի հետ։

Եթե սրան ավելացնենք այն խնդիրները, որոնք առկա են Եվրամիության անդամ որոշ պետությունների և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, ապա Բաքվի բռնապետը, պատկերավոր ասած, հաճախ ստիպված է հանդես գալ լարախաղացի դերում, որը ներքաղաքական և միջազգային նուրբ պարանի վրա ճոճվելիս փորձում է հավասարակշռությունը պահպանել նաև լեզվի անկանոն շարժումներով»,-գրել է Ոսկանյանը։

 

Back to top button
Close