ՄիջազգայինՄիջազգային մամուլի տեսությունՆորություններ

Covid-19. Եվրոպայի որոշ երկրներում կյանքի տևողությունը նույնչափ նվազել է միայն 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ

Հետազոտության համաձայն, 2020 թ.-ին կյանքի տևողությունը նվազել է ուսումնասիրված 27 երկրներում. տղամարդկանց կյանքի տևողությունն ավելի է նվազել, քան կանանց:

«29 երկրների տվյալների համեմատությունը ցույց է տվել, որ կյանքի տևողությունը զգալիորեն նվազել է կորոնավիրուսի համաճարակի ժամանակ: Ամենաշատը տուժել է ԱՄՆ-ը: Բայց կան բացառություններ»:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, գրում է գերմանական Der Spiegel ամսագիրը:

«Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի հաշվարկների, աշխարհում ավելի քան 4,7 միլիոն մարդ է մահացել Covid-19-ից: Ամենայն հավանականությամբ, այդ թիվն ավելի մեծ է: Բազմաթիվ վաղաժամ մահվան դեպքեր ներառված են կյանքի տևողության վիճակագրությունում»:

«Վերջերս կատարված ուսումնասիրության համաձայն, շատ երկրներում կորոնավիրուսային համաճարակի պատճառով կյանքի տևողության կրճատումը համեմատելի է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Արևմտյան Եվրոպայում գրանցված անկման հետ: Որոշ երկրներում նախկին դրական միտումները կարճ ժամանակում հակառակ ուղին են բռնել: Տղամարդկանց կյանքի տևողությունն ավելի է նվազել, քան կանանց կյանքի տևողությունը»,-ասվում է հոդվածում:

«Հետազոտության համաձայն, 2020 թվականին կյանքի տևողությունը նվազել է ուսումնասիրված 27 երկրներում, իսկ 22 երկրներում նվազել է առնվազն վեց ամսով: Արևմտյան Եվրոպայի երկրներում, ինչպիսիք են Իսպանիան, Անգլիան, Ուելսը, Իտալիան, Բելգիան, մեկ տարվա ընթացքում կյանքի տևողության նման նվազում ​​վերջին անգամ արձանագրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»,-նշել է հետազոտության համահեղինակ Խոսե Մանուել Աբուրտոն:

«Միայն Դանիայում և Նորվեգիայում տղամարդկանց ու կանանց, ինչպես նաև Ֆինլանդիայում կանանց կյանքի տևողությունը չի նվազել: Ըստ հետազոտողների, դա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ այդ երկրները համաճարակի դեմ քայլեր ձեռնարկեցին վաղ փուլում և ունեին հզոր առողջապահական համակարգեր»:

«Տղամարդկանց կյանքի տևողությունն ամենաշատը նվազել է ԱՄՆ-ում՝ 2,2 տարով՝ 2019թ.-ի համեմատ: Հետազոտության համահեղինակ Ռիջի Կաշյապը հայտնել է, որ մահացության ցուցանիշի աճը հատկապես նկատելի է մինչեւ 60 տարեկան աշխատունակ բնակչության շրջանում: Սակայն եվրոպական երկրների մեծամասնությունում մահացության ցուցանիշն աճել է 60 տարեկանից բարձր անձանց շրջանում»:

«Հետազոտողները նշում են, որ բնակչության առողջության վրա համաճարակի հետևանքները, հավանաբար, դեռ երկար կպահպանվեն: Դա պայմանավորված է դժվար կանխատեսելի գործոններով, օրինակ, կորոնավիրուսի երկար ընթացքով և այլ հիվանդությունների ուշացած բուժման հետևանքներով: Նպաստում է նաեւ համաճարակից առաջացած սոցիալական և տնտեսական ցնցումների հետևանքով աճող անհավասարությունը»,-գրում է Der Spiegel- ը:

Back to top button
Close