Նորություններ

«Բոլորս ուզում ենք, որ զինվորը պայքարի, բայց այդ մի զինվորը լինել մենք չենք ուզում»

«Թերևս ամենահուսադրողն այն է, որ հայ զինվորը մարտունակ է, նրա ոգին չի կոտրվել, զինվորները բարձր մարտական ոգով են ծառայում հայրենիքին»

«Բոլորս ուզում ենք, որ զինվորը պայքարի, բայց այդ մի զինվորը լինել մենք չենք ուզում, մենք հանուն Հայրենիքի մեզ խնայեցինք, բայց հանուն մեզ Հայրենիք կորցրինք»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց պատմաբան, արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Աբրահամ Ավագյանը:

Պատմության ուսուցիչը պատերազմի լուրն իմանալուն պես առաջիններից էր, որ շտապել է զինվորագրվել, ասում է՝ եթե չգնայի, հետո չէի կարողանալու նայել աշակերտներիս աչքերի մեջ:

«Մեզ միշտ սովորեցրել են, որ մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է, մենք հաղթել ենք, թշնամին ոչխար է, իսկ մենք սուրբ. մենք այդպես պատերազմի էինք գնում, արդեն հաղթողի հոգեբանությամբ:

Մեր սերունդն ամենավատի դեմ կռվելու չէր պատրաստվել, մենք պատրաստվել էինք կռվել ոչխարների դեմ, բայց կյանքը ցույց տվեց, որ իրականում իրենք այդքան էլ ոչխար չեն: Երբեք չի կարելի թերագնահատել թշնամուն:

Որքան էլ որ ընկալվեց, թե նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրով մենք ունեցանք ժամանակավոր խաղաղության իմիտացիա, բայց, այնուամենայնիվ, պատերազմը շարունակվում է: Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ չենք հասկանում, որ պատերազմը չի ավարտվել, և ոչ էլ հասկացել ենք, որ դրա հետևանքները մեզ խաղաղություն չեն տվել»,-նշեց Ավագյանը:

«Ես շատ եմ մտածում, որ մենք այսպես ողբով ընդունեցինք մեր պարտությունը, իսկ ինչպիսի՞ն կլիներ մեր արձագանքը, եթե մենք անցած տարի շարունակեինք ու շարունակելու դեպքում հաղթանակի հավանականություն կունենայինք, բայց մարդկային կորուստների տեսանկյունից՝ հասկանալի է, որ նույն ռեակցիան էր լինելու, որովհետև մենք կորցրել ենք այն մարդկանց, ովքեր երկրի համար ապագա պիտի հանդիսանային: Ինչքան էլ զգայական հողի վրա անձերի ֆետիշացումը կա, բայց որ անհատապես նայում ենք՝ զոհերի մեծամասնությունը «էլիտար ռասսայի» ներկայացուցիչներն էին՝ ուժեղներ, խելացիներ, սիրուններ, հայրենասերներ, պայքարող տեսակներ, ովքեր ազգի համար գենետիկա էին ապահովելու:

Բանակցային գործընթացում մենք տապալվել ենք և բանակցային գործընթացում տապալվելով՝ մենք նաև տապալեցինք ռազմական գործողությունները:

Այն ժամանակ կորոնավիրուսի պատճառով, ովքեր պետք է արտերկրում լինեին, Հայաստանում էին. նրանք եկան ու մասնակցեցին պատերազմական գործողություններին: Հիմա ճնշող մեծամասնությունը երկրում չէ, մյուսներն էլ զոհվել են: Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ ինչ ենք անելու, եթե, Աստված մի՛ արասցե, պատերազմը վերսկսվի:

Պատերազմից անցել է մեկ տարի, բայց մեր սահմանների վիճակն անմխիթար է, առջևում էլ ձմեռ է, և չգիտեմ՝ վերջը ուր է տանելու այս ամենը»,- հայտարարեց արցախյան պատերազմի մասնակիցը:

Երիտասարդ պատմաբանի խոսքով՝ մեր հաղթանակի գաղափարի մսխումը սկսվեց Մինսկի խորհրդաժողովի ժամանակ, երբ մեզ զինադադար տրվեց հաղթանակի փոխարեն, և մենք դա սկսեցինք օգտագործել որպես հաղթանակ:

«Մենք կերանք այդ հաղթանակը, այնքան կերանք, որ էլ տակը ոչինչ չմնաց: Երբ նայում ես ռազմական տեսանկյունից, դա տվյալ պահին զինադադար էր, որով պատերազմը չէր ավարտվել, իսկ մենք արդեն տրամադրվել էինք, որ պատերազմը վերջացավ, բանակցային գործընթացը ռազմական ուժի կիրառմամբ չի ուղեկցվելու և այլն:

Հիմա էլ մեզ փորձում ենք սովորեցնել, որ կլինի խաղաղություն: Բայց ինչ խաղաղություն կարող է լինել, երբ մենք օրական տարածք ենք կորցնում, օրական սահմանին զոհեր և վիրավորներ ենք ունենում»,- ասում է Ավագյանը:

Իսկ թե ինչու մեր իսկ սխալներից դասեր չենք քաղում, թերևս նա ունի իր բացատրությունը.

«Դասեր չենք քաղում, որովհետև պատմությունը մեզ սովորեցրել է, որ մեր հարցերը պիտի լուծեն մեր փոխարեն:

Մեզնից յուրաքանչյուրը խոսում է, գովերգում, զինվորներին նվիրված գրառումներ է անում, բայց հենց պահը գալիս է, առաջինը յուրաքանչյուր մարդ մտածում է սեփական «կաշվի» մասին:

Սեփական «կաշվի» համար դողալով՝ ազգային նպատակներին լուծում ապահովելը անհեթեթ է թվում:

Բոլորս ուզում ենք, որ զինվորը պայքարի, բայց այդ մի զինվորը լինել մենք չենք ուզում, մենք հանուն Հայրենիքի մեզ խնայեցինք, բայց հանուն մեզ Հայրենիք կորցրինք»,- ընդգծեց պատմաբանը:

Նրա խոսքերով՝ թերևս ամենահուսադրողն այն է, որ զինվորի ոգին չի կոտրվել, զինվորները բարձր մարտական ոգով են ծառայում հայրենիքին:զինվորը

Անահիտ Չալիկյան

Back to top button